Ֆրանսիայի Վալանս քաղաքի պատվիրակությունը՝ քաղաքապետ Նիկոլա Դարագոնի ղեկավարությամբ վեցօրյա պաշտոնական այցով գտնվում էր Հայաստանում։ Պատվիրակության անդամները այցելել են նաև Իջևան և Աշտարակ քաղաքներ։ Իջևան-Վալանս քույր քաղաքների միջև բարեկամությունը երկար տարիների պատմություն ունի։ Կողմերի միջև հաճախակի կազմակերպվում են փոխայցելություններ՝ կրթական և մշակութային ծրագրերի շրջանակներում։ Նիկոլա Դարագոնի հրավերով Հայաստանում էր նաև Պրիվայի քաղաքապետ Միշել Վալլան։ Վերջինս Իջևանում լրատվամիջոցների հետ զրույցում նշեց, որ սկիզբ է դրվում նոր համագործակցության՝ Պրիվա և Աշտարակ քաղաքների միջև։
«Ես Հայաստան այցելել եմ նաև 2019 թվականին։ Ուրախ եմ նաև հիմա Հայաստանի կողքին լինելու համար։ Իմացեք, որ մենք ձեր դեսպաններն ենք դրսում։ Ուզում եմ նաև նշել, որ շուտով քույր քաղաքներ կլինեն նաև Պրիվան և Աշտարակը։ Մեծ պոտենցիալ եմ տեսնում մեր համագործակցության համար։ Ուրախ կլինենք գինեգործության ֆրանսիական փորձը փոխանցել Աշտարակի գինեգործներին։ Գյուղատնտեսական, սոցիալական, կրթական, մշակութային և զբոսաշրջային ուղղություններով կարող ենք արդյունավետ համագործակցություն ունենալ»,-հավելեց Վալլան։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Լուսանկարը՝ Միշել Վալլայի ֆեյսբուքյան էջից