Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Մարգարյանը՝ ԿԳՄՍ նախարարությանը. «Դուք միայն կբերեք լճացում, որովհետև մրցակցության բացակայությունը լճացումն է»

Հոկտեմբեր 14,2022 19:55

Բրյուսովի անվան համալսարանի գիտական խորհրդի նիստի ընթացքում ելույթ ունեցան համալսարանի թե՛ դասախոսները և թե՛ ուսանողները: Նրանք պահանջում էին դադարեցնել սկսված գործընթացը: Չնայած այն հանգամանքին, որ հրավիրված էր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նիստին ներկա էր փոխնախարար Կարեն Թռչունյանը:

Համալսարանի դասախոս, հաղորդավար Նարեկ Մարգարյանը շեշտեց, որ Բրյուսովի համալսարանում դասավանդվում են նաև հասարակագիտական առարկաներ՝ քաղաքագիտություն, լրագրություն, հանրային կապեր. «Ոնց կարո՞ղ է բաժինների մեծ մասը դուրս գա, բայց աշխատակազմը չփոխվի, տեղը մնա նույնը: Տեղը ամենակարևոր հարցը չի այստեղ: Բայց եթե մի քայլ առաջ էլ մտածեիք, այո՛, եթե մենք համալսարանի 85 տոկոսը հանենք, մնա 15 տոկոսը, ձեզնից հետո մյուս փոխնախարարը, մյուս նախարարը կգա կասի՝ նայե՛ք, ձեր շենքը կիսադատարկ է: Արդեն ավելի լուրջ հիմքեր կլինեն այս շենքը հանելու:

Եվ վերջապես, զարգացման հիմքում մրցակցությունն է: Եթե այս համալսարանը կարողացել է ստեղծել քաղաքագիտության ամբիոն, որին նախընտրում են գալ դիմել և ոչ թե ԵՊՀ են գնում: Եթե մենք տալիս ենք լրագրություն, և չեն գնում ավանդական ժուռֆակը ԵՊՀ-ի: Ինչի՞ եք այդ մրցակցությունը սպանում: Մրցակցությունը էվոլուցիայի հիմքում է: Եթե մենք այսօր մրցակցությունը սպանենք, նպատակը պլանային համակարգ վերադարձնելն է՞, պյածիլետկա վերադարձնե՞լն է. Մինչև 30 թիվը մեզ պետք է 20, 200, 2000 ուսուցիչ: Սա ի՞նչ մտածողություն է, ոչ ոք չի զարգանա: Դուք միայն կբերեք լճացում, որովհետև մրցակցության բացակայությունը լճացումն է»:

Scientific Council holds an extended session referring to the issue regarding the expansion of universities, in particular uniting V. Brusov State Linguistic University and State Institute of Physical Culture and Sports of Armenia with the Armenian State Pedagogical University named after Kh. Abovyan

Բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանը ընթերցեց նաև գիտական խորհրդի հայտարարությունը, որով կոչ են անում կառավարությանը դադարեցնել ապակառուցողական գործընթացը:

Այս ընթացքում ուսանողների մի մասը համալսարանի բակում սպասում էին նիստի արդյունքներին և վանկարկում «Բրյուսով»:

Նիստի ավարտից հետո ուսանող Արման Հարությունյանը նիստը անվանեց առաջին քայլ. «Բացի ուսանողական դիմադրությունից, իրենք հանդիպեցին մի պատի՝ պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից: Մի պատի են հանդիպել, որը չեն կարող անցնել: Փաստերի ճնշման տակ մենք հաղթանակելու ենք մեր պայքարը»:

Դասադուլը շարունակելու են երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 17-ին: Ուսանողները հայտարարեցին, որ պայքարելու են մինչև վերջ:

Հիշեցնենք՝  հոկտեմբերի 12-ին տարածվեց նորություն, որ նախատեսվում է միավորել Բրյուսովի անվան համալսարանը Խաչատուր Աբովյանի հայկական պետական մանկավարժական համալսարանի և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հետ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Մարիա ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31