Այսօր ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկում էր կազմակերպվել՝ ԵԱՏՄ-ում աշխատուժի ազատ տեղաշարժի հոսքերի կառավարման եւ ներուժի լիարժեք օգտագործման խնդիրների թեմայով:
Քննարկման հիմնական զեկուցող Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանն ասաց, որ Հայաստանի մասին տեղեկատվությունը քիչ է ու երբ ուզում են իմանալ մեր երկրի մասին, դժվար է ամբողջ տեղեկատվությունը հավաքել: Հիմա նոր կայք են պատրաստել, որտեղ մարդիկ ավելի հեշտ կգտնեն անհրաժեշտ տեղեկությունները:
Խաչատուր Սուքիասյանն էլ ասաց, որ մեկ տարի առաջ ծրագիր էր առաջարկվել, որ սփյուռքից ավելի շատ մարդ Հայաստանից տեղյակ լինի, բայց մինչեւ դրան հասնելը տարրական խնդիրներ պետք է լուծվեն, «Բոլոր մեր մշակութային կետերը, որտեղ տուրիզմը բավականին զարգացած է, գնում են, մինչեւ անգամ այնտեղ լեդ լույսեր չկան դրված: Լեդ լույսն ի՞նչ է՝ չկա: Գնացեք Գեղարդ՝ չկա: Ճանապարհից 10 մետր այս կողմ ես գալիս՝ մութ: Հիմա ի՞նչ ենք մենք խոսում՝ լույս չկա, 21-րդ դարում լույս դրած չի, դրա եղածը ոչ մի բան է՝ կոպեկներ են: Լեդ լույս՝ 20 հազար դրամ է գինը, 50 հատ շարում եք, գոնե ինչ-որ մի տեղից, վերեւից կերեւա, որ դա մշակութային կենտրոն է»:
Սուքիասյանը դժգոհեց, որ մոտ 6 պաշտոնյայի է դիմել ու խնդրել է ստեղծել մի կայք, որտեղ կլինեն ՀՀ տեսարժան վայրերը, խոհանոցն ու երաժշտությունը, բայց այդպես էլ չեն արել. «Ցանկացած սփյուռքահայի խնդրում ենք՝ ոչ մի բան մի արեք, մեզ գումար պետք չի տաք, ուղղակի խնդրում ենք, որ ամիսը մեկ անգամ այդ նկարները տեղադրեք ձեր պատին: Եթե ցանկացած հայ մարդ ունենա 200 օտար ընկեր սոցիալական կայքում, նշանակում է 200 մլն մարդ ամեն ամիս տեսնելու է Հայաստանի նկարները, խոհանոցը, երաժշտությունն է մեր լսելու: Ամեն անգամ ինձ ասում են՝ այսօր, վաղը, մեկը գնացել է, հիմա նա գործուղման է, հետ է գալու… Սա է մեր իրականությունը: Սա ի՞նչ է, մեծ գումար չի ծախսվում, ուղղակի խնդրում ենք մեր սփյուռքահայ ընկերներին, որ գումար պետք չի, Հայաստանի տեսարժան վայրերը դրեք ձեր պատին: Նախարարությունում մի հոգի պատասխանատու էր պետք, որ համակարգի: Ես ուզում եմ հասկանամ՝ պետական պաշտոնյայի գործունեությունը ինչո՞ւմ է: Հիմա ի՞նչ, պետք է գնանք ասենք՝ մեզ մի քանի մլն դոլար գումար տվեք, որ գովազդե՞նք Հայաստանը, տանենք ինչ-որ մի հեռուստաընկերության վճարե՞նք, որ մի հատ գովազդ դնեն: Սրանից լավ գովազդը էլ ո՞րն է: Եթե 1 մլն մարդ դրսի հայերից մասնակցի, որը շատ հեշտ է, դա նշանակում է՝ մոտ 300 մլն մարդ տեսնելու է Հայաստանի տեսարժան վայրերը: Ամեն օր ասում եք՝ այդ կայքը չգիտենք ում տակ դնենք, եւ այլն: Սրանից արդյունավետ գործիք չկա: Պատասխանն էլ չեմ ուզում ստանամ, պարո՛ն Արզումանյան»,- դիմելով էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանին՝ ասաց Խաչատուր Սուքիասյանը:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ