Այսօր ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկում էր կազմակերպվել՝ ԵԱՏՄ-ում աշխատուժի ազատ տեղաշարժի հոսքերի կառավարման եւ ներուժի լիարժեք օգտագործման խնդիրների թեմայով:
Քննարկման հիմնական զեկուցողներից էր էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ կանադահայ Սիսիան Պօղոսեանը, սակայն նա ուշացել էր: Նիստը վարող ՔՊ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը բարկացավ նման վերաբերմունքից ու հայտարարեց. «Ծայրահեղ բացասական եմ վերաբերվում կառավարության մեր գործընկերների, մանավանդ՝ հիմնական զեկուցողի ուշացմանը, խնդրում եմ ԱԺ-ի հանդեպ ավելի հարգալից եւ ուշադիր լինեն: Եթե մենք ընդունելի ենք համարում, որ մեր քննարկումներին գերատեսչության ղեկավարի մակարդակով չլինի ներկայություն՝ հաշվի առնելով նաեւ զբաղվածության հարցերը, խնդրում եմ ավելի պատասխանատու վերաբերվել կառավարությանը վերահսկող ԱԺ-ի հանձնաժողովի նիստին»:
Քննարկման կեսին տիկին Պողոսյանը եկավ, Վաղարշակ Հակոբյանը, ընդհատելով այդ պահին զեկուցող բանախոսին, հարկ համարեց նկատողություն անել. «Տիկի՛ն Պողոսյան, դուք հանձնաժողովի նիստից ուշացել եք 25 րոպե, սա անթույլատրելի է: Խնդրում եմ հաշվի առեք ու նման գործելաոճ կխնդրեմ, որ չկրկնվի: Եթե լոգիստիկայի հետ խնդիրներ կան, կխնդրեմ ավելի շուտ լքեք ձեր նախկին աշխատավայրը, այսինքն, որտեղ որ գտնվում եք եւ ավելի շուտ հասնեք Եվրասիական ինտեգրման եւ տարածաշրջանային հանձնաժողովի նիստին»:
Կարդացեք նաև
Միջամտեց էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանը՝ ասելով. «Լիովին ըմբռնելով ձեր ասածը՝ աննորմալ պրոբկա է, ձեզ լիովին հասկանում եմ եւ ըմբռնումով եմ մոտենում, բայց, իրոք, շատ մեծ պրոբկա է»:
Զեկուցելով՝ Սիսիան Պօղոսեանն ասաց, որ այս տարվա 9 ամսվա տվյալով մինչեւ սեպտեմբերի վերջ ունեցել են 1 մլն 240 հազար զբոսաշրջիկ, որի մոտ 46%-ը եղել է ՌԴ-ից: Միայն սեպտեմբերին ՌԴ-ից Հայաստան է ժամանել 97 հազար զբոսաշրջիկ, բայց այս տարի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է օգոստոսին՝ 135 հազար:
ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հարցրեց՝ ի՞նչն է պատճառը, որ հոկտեմբեր ամսին հյուրանոցների գները շատ բարձր են՝ 56 հազար դրամ, չէ՞ որ օգոստոսի ծանրաբեռնվածությունը չկա: Պօղոսեանը պատասխանեց, որ հոկտեմբերի ցուցանիշները չունեն, բայց սեպտեմբերին զբոսաշրջիկների մեծ հոսք է եղել ու այդքան բարձր գները կարող են դրանով պայմանավորված լինել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ