Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ամեն դեպքում աշխատում ենք ամենօրյա քրտնաջան ռեժիմով եւ դրա մեջ դնում ենք ոչ միայն քրտինք, այլ նաեւ գիտելիք». Էկոնոմիկայի փոխնախարարը՝ Խաչատուր Սուքիասյանին

Հոկտեմբեր 14,2022 19:15

Նախկինում տարեկան միջինը 80-100 հազար մեր հայրենակիցներ սեզոնային աշխատանքների էին մեկնում ՌԴ: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը այսօր ԱԺ-ում տեղեկացրեց, որ ՌԴ արտագնա աշխատանքի գնացող մեր հայրենակիցների թիվը կրճատվել է, նվազել է նաեւ կրթության համար ՌԴ մեկնողների թիվը: Այսօր ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկում էր կազմակերպվել՝ ԵԱՏՄ-ում աշխատուժի ազատ տեղաշարժի հոսքերի կառավարման եւ ներուժի լիարժեք օգտագործման խնդիրների թեմայով:

Քննարկման ժամանակ Էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանն ասաց, որ ՌԴ-ից  ստացվող դրամական փոխանցումների տեսակարար կշիռը նվազել է 2013-ին 75%-ով, 2021-Ին՝ 865 մլն դոլար, կամ՝ 41%-ով: Ռուս-ուկրաինական պատերազմի բացասական ազդեցություններից մեկն այն էր, որ ՌԴ-ից եկող տրանսֆերտները սպասվում էր, որ է՛լ ավելի կիջնեին, բայց պարզվում է 2022-ի հունվար-օգոստոսին ՌԴ-ից տրանսֆերտների ցուցանիշի բարելավում է եղել, որը պայմանավորված է ոչ թե մեր հայրենակիցների փոխանցումներով, այլ՝ ռուսների: ՌԴ-ից բանկային համակարգի միջոցով ՀՀ է փոխանցվել 1 մլրդ 901 մլն դոլար:

ՌԴ քաղաքացիները, Հայաստան գալով, ի թիվս տնտեսական օգուտների, բերել են նաեւ խնդիրներ, մասնավորապես, անշարժ գույքի շուկայում խառնաշփոթ է: Նախարարությունը հաշվարկել է, որ 200 հազար բնակարաններ բնակեցված չեն, տերերը փակել են դուռը ու կամ երկրում չեն, կամ ինչ-ինչ պատճառներով չեն օգտագործում:  Հիմա կառավարությունը տարբերակ է մշակում, որ այդ մարդիկ իրենց բնակարանները տան վարձակալության՝ հանձնելով կառավարման:

ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը քննադատեց, որ էկոնոմիկայի նախարարությունը աշխատանք չի տանում սոցիալական գովազդներ չի պատրաստում, որ մարդկանց բացատրի՝ իրենց տունը վարձակալությամբ տալով՝ մեկ տարվա ընթացքում ինչքան եկամուտ կունենան, կամ բնակարանը վերանորոգելով ու վարձակալությամբ տալով՝ ինչ եկամուտների տեր կդառնան: Նա նաեւ դժգոհեց, որ նախարարությունը չի անում վերլուծություն, թե ՌԴ քաղաքացին ՀՀ գալով՝ օդանավակայանից սկսած մինչեւ հյուրանոցում տեղավորվելը, տուն վարձակալելը ինչ ծախսեր է կատարում: Բացի այդ, չկա տվյալ, թե տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետները, որոնք եկել են ՀՀ, հայկական կառույցներո՞ւմ են տեղավորվել աշխատանքի, թե՞ ոչ. «Ոչ մի տեղ ես վերլուծություն, առաջարկություն չեմ նկատել, որն ինձ համար անընդունելի է»:

Նա հարցրեց՝ որ այդքան ներուժ է եկել Հայաստան, այդքան գրագետ մարդիկ են եկել, դրանց միացումից ի՞նչ ենք ստանալու: Փոխնախարարը ի պատասխան հորդորեց համբերել ու վստահեցրեց, որ կտեսնենք այնպիսի «ֆունդամենտալ լուծումներ, որոնք մեզ հպարտանալու դրոշներ կտան»:

ՔՊ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը մտահոգություններ ուներ, որ գործարարները իրենց օբյեկտներում ներդրումներ կանեն, վարկեր կվերցնեն, հետո ռուս-ուկրաինական պատերազմը ավարտվեց՝ Հայաստան եկած ռուսները կգնան ու մեր բիզնեսի ոլորտում խնդիրներ կլինեն, մարդիկ կմնան այդ վարկերի տակ:

Ի պատասխան՝ Արզումանյանը հորդորեց նման հոռետեսական կանխատեսումների չհետեւել: Նա ասաց, որ պետք է քայլեր ձեռնարկեն, որ մարդիկ այստեղ հիմնավոր տեղավորվեն. «Եթե տուրիստի հոգեբանությամբ ապրեն, այդպես էլ կլինի՝ կգնան: Մենք փորձում ենք աջակցել նոր բիզնեսների զարգացման առումով: Չունեմ տվյալներ, որ եկել են ՀՀ ու նոր արտադրություն են դրել…Ամեն դեպքում աշխատում ենք, աշխատում ենք ամենօրյա քրտնաջան ռեժիմով եւ դրա մեջ դնում ենք ոչ միայն քրտինք, ֆիզիկական աշխատանք, այլ նաեւ գիտելիք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31