Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիան որևէ հնարավորություն չունի հանդես գալու որպես միջնորդ հայ-ադրբեջանական կարգավորման գործում. Ալիև

Հոկտեմբեր 14,2022 19:25

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «սադրիչ և անտեղի» հայտարարություններից հետո Բաքուն չի տեսնում որևէ հնարավորություն, որ Փարիզը կարող է մասնակցել որպես միջնորդ հայ- ադրբեջանական կարգավորման գործում:

«… Պրահայում հանդիպումից բառացիորեն մեկ շաբաթ անց Ֆրանսիայի նախագահը հանդես եկավ վիրավորական, անընդունելի, կեղծ և սադրիչ հայտարարություններով: Դրանք կան մամուլում, յուրաքանչյուրը կարող է տեսնել: Այդ հայտարարություններում նա մեղադրում է Ադրբեջանին սարսափելի պատերազմ սարքելու մեջ, դրանով իսկ, մանիպուլացնելով փաստերը, փորձում մոլորության մեջ գցել ֆրանսիացի և միջազգային հանրությանը»,- ասել է Ալիևը Աստանայում ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը պատերազմ է մղել «իր՝ միջազգայնորեն ճանաչված տարածքների համար»: «Ղարաբաղը բոլորը ճանաչում են որպես Ադրբեջանի մաս: Մենք օգտագործել ենք ինքնապաշտպանության իրավունքը և վերականգնել ենք մեր տարածքային ամբողջականություն»,- ասել է նա:

Ալիևի խոսքով՝ Ֆրանսիայի նախագահը «կանխակալ» հայտարարություններ է արել նաև Ռուսաստանի հասցեին: «Թե քաղաքականապես որքանով է կոռեկտ հզոր երկրի նախագահի համար օգտագործել բակի բառապաշար՝ թող որոշի Ֆրանսիայի հասարակությունը: Մենք մեր կողմից դատապարտում ենք այդպիսի հայտարարությունները, մերժում ենք դրանք և Ֆրանսիայի կառավարության նման վերաբերմունքի պարագայում չենք տեսնում հետագայում որևէ հնարավորություն, երբ Ֆրանսիան կկարողանա որևէ դեր խաղալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում»,- ասել է Ալիևը:

Նա նշել է, որ Ադրբեջանը «բարի կամք է դրսևորել» և համաձայնություն է տվել Ֆրանսիայի նախագահի մասնակցությանը Պրահայում տեղի ունեցած քառակողմ ձևաչափին: «Չնայած Ֆրանսիան որևէ կապ չունի Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների հետ (Ֆրանսիան՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, այո՛, ուներ միջնորդական առաքելության մանդատ, բայց քանի որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված է, և Մինսկի խմբի ծառայությունների անհրաժեշտություն չկա, հատկապես որ այդ ծառայությունները, եթե կարելի է այդպես անվանել, «արջի ծառայություններ» էին, ինչպես ասացի, Մինսկի խումբը չի արել որևէ բան, մեր տարածքի որևէ սանտիմետր չի ազատագրվել), Ադրբեջանը, բարի կամք դրսևորելով, թույլ է տվել Ֆրանսիայի նախագահին մասնակցել այդ հանդիպմանը»,- ասել է Ալիևը:

Նրա խոսքով՝ «կեղծ հակաադրբեջանական արտահայտություններ» իրեն թույլ է տվել ոչ միայն Ֆրանսիայի նախագահը, այլև այդ երկրի ԱԳն-ն: «Ֆրանսիայի արտգործնախարարը նույնպես հանդես է եկեղ կեղծ հակաադրբեջանական հայտարարություններով, Ֆրանսիայի Սենատը և ստորին պալատը Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ընդունել են բանաձև, որով ճանաչում էին այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Չնայած նրան, որ անգամ Հայաստանը դա չի ճանաչել: Մեզ հայտնի է դարձել, որ նոյեմբերի կեսերին պատրաստվում է հերթական հակաադրբեջանական բանաձևը Ֆրանսիայի սենատում: Այսպիսով, ցավոք, Ֆրանսիայի ներկա ղեկավարությունը, ի տարբերություն նախորդների … իսկ ես հնարավորություն ունեցել եմ բավականին սերտ շփվել և՛ նախագահ Շիրակի, և՛ նախագահ Սարկոզիի, և՛ նախագահ Օլանդի հետ, և հարաբերությունները բավականին հավասարակշռված էին, բավականին բարեկամական, և մենք միշտ Ֆրանսիայի նախկին նախագահների գործունեությունը, չնայած Ֆրանսիայի հայ համայնքի որոշակի գործոն լինելուն, ընդունել ենք որպես հավասարակշռված: Բայց Ֆրանսիայի ներկա իշխանությունը, ըստ էության ջնջել է այդ ամենը»,- ասել է Ալիևը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31