Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Թուրք նախագահողի պահվածքի վերաբերյալ նամակ եմ գրելու ԵԽԽՎ նախագահությանը». Հայկ Մամիջանյան

Հոկտեմբեր 14,2022 18:43

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի ֆեյսբուքյան գրառումը

ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի այսօրվա նիստը նախագահում էր թուրքական ազգային պատվիրակության ներկայացուցիչը: Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իմ ելույթի ընթացքում նա, ընդհատելով իմ ելույթը, ձայնի իրավունք տվեց ադրբեջանցի պատգամավորին՝ որը փորձեց ասել, թե ես իրավունք չունեմ խոսել հակամարտության մասին: Հայկական և ադրբեջանական պատվիրակությունների վարման կարգի վերաբերյալ ելույթներից հետո ես, բնականաբար, շարունակեցի ելույթս:

Տեղեկացնեմ նաև, որ թուրք նախագահողի պահվածքի վերաբերյալ նամակ եմ գրելու ԵԽԽՎ նախագահությանը:

Այն նույն ժամանակ, երբ Երևանում Ալեն Սիմոնյանն ասում է, թե Արցախի հարցը ՀՀ-Ադրբեջան պայմանագրի շրջանակում պետք չէ ներառել՝ Ստրասբուրգում խոսել եմ այն մասին, որ եթե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դուրս մնա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների շրջանակից, ապա ԵԽԽՎ ամբիոնից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերաբերյալ իմ հաջորդ ելույթները լինելու են անցյալ ժամանակով:

Ներկայացնում եմ ելույթի հայերեն տարբերակը.

«Տիկնայք և պարոնայք,
Այս նստաշրջանի առաջին օրը մենք քննարկում ունեցանք Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին: Մի ասացվածք կա. «Ճշմարտության համար շնորհակալություն չեն հայտնում», բայց ես այնուամենայնիվ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ճշմարտությունը բարձրաձայնելու խիզախության համար: Ես, անշուշտ, նկատի ունեմ այն մարդկանց, ովքեր ունեցան ճշմարտությունը բարձրաձայնելու խիզախություն այս եւ այլ ամբիոններից։ Բոլոր նրանց, ովքեր խուլ չմնացին իմ ժողովրդի ձայնի նկատմամբ։ Խիզախության նմանատիպ դրսևորումները մեր օրերում հազվադեպ են դարձել:

Այնուամենայնիվ, այդ քննարկման ժամանակ չխոսվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող խնդիրների մասին: Մենք չենք խոսել այն մարդկանց մասին, որոնք հավատում էին, որ համաշխարհային առաջնորդների ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում արված հինգ հայտարարություններն արժեք ունեին Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման համատեքստում: Մարդիկ, որոնք խաղաղ ապրում էին իրենց հայրենիքում ու հույս ունեին, որ «ուժի չկիրառում» բառերը ազդեցություն ունեն: Նրանք դաժանորեն խաբվեցին։

ՀՀ ներկայիս կառավարության վարած անմիտ դիվանագիտության հետևանքով իրականություն է դառնում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարանջատման գաղափարը: Աշխարհը պատրաստվում է թողնել փոքր Արցախին Ադրբեջանի դեմ մեն մենակ: Ցավոք, այդ պատմությունը չի կարող ավարտվել Դավթի և Գողիաթի պատմության նման։ Եվ պատճառը բնավ Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքի ապագային տեր կանգնելու կամքի պակասը չէ: Պատճառն այն է, որ միջազգային հարաբերությունների պատմության մեջ ազգերի ինքնորոշմանն առնչվող կոնֆլիկտները երբեք չեն կարգավորվել մետրոպոլիայի և փոքրամասնության միջև բանակցությունների արդյունքում:

Այդ պատմությունը կավարտվի Արցախի համար նույն կերպ, ինչպես հայ զինվորական կնոջ պատմությունը, որը խոշտանգվել և սպանվել էր ադրբեջանցի զինվորականների կողմից: Ես բնավ չեմ անտեսում այս դահլիճում քննարկված որևէ հարցի կարևորությունը, սակայն խորապես համոզված եմ, որ կնոջ խոշտանգումը, որն ուղեկցվել էր կենդանի մաշկազերծումով, կրծքին և որովայնին գրություն թողնելով, ակնակապիճի մեջ քար, բերանում կտրված մատ թողնելով, առնվազն նույն կարևորությունն է ներկայացնում, ինչ սպորտի աշխարհում կանանց հանդեպ խտրականության դրսևորումները, որոնք երեկ քննարկում էինք:

Արցախի պատմությունը կունենա նույն ավարտը, ինչ ադրբեջանական զորքերի կողմից գերեվարված և սպանված հայ ռազմագերիների պատմությունը, որոնք սպանվեցին «հաճույքի» համար՝ պարզապես որովհետև հայեր էին:

Գիտեմ, որ ձեզանից ոմանք հոգնել են այս խնդրի մասին մեր ելույթները լսելուց, մյուսները՝ սարսափած են ելույթումս ներկայացված դեպքերից: Սակայն, եթե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դուրս մնա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների շրջանակից, վստահ եղեք, որ ԵԽԽՎ ամբիոնից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերաբերյալ իմ հաջորդ ելույթները լինելու են առավել սարսափազդու, գուցե նաև գրված լինեն անցյալ ժամանակով:

Տիկնայք և պարոնայք, եթե շարունակեք անտեսել այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում՝ ինձ համար շատ դժվար կլինի մաքրել նախագահողի երեսից այն ժպիտը, որով նա փորձում էր խանգարել ինձ ելույթ ունենալ:

Շնորհակալություն»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31