Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոչ է արել ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Լիբանանին կատարել իրենց միջազգային պարտավորությունները Ադրբեջանի դիվանագիտական առաքելությունները «հայ ծայրահեղականներից» պաշտպանելու ուղղությամբ:
«Փարիզում երկու անգամ հարձակում է իրականացվել Ադրբեջանի դեսպանատան վրա: Ընդ որում, առաջին հարձակումից հետո Ֆրանսիայի նախագահն ինձ հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ միջոցներ կձեռնարկվեն, որպեսզի դա չկրկնվի: Բայց պարզվեց, մեղմ ասած, դա ճիշտ չէր»,- ասել է Ալիևը Աստանայում ԱՊՀ գագաթնաժողովում իր ելույթում:
Նրա խոսքով՝ անվտանգության աշխատակիցները, որոնք պետք է հսկեին Ադրբեջանի դեսպանատունը Փարիզում, առաջին հարձակումից հետո հեռացվել են: «Ավելի շուտ դա համաձայնեցված էր հայկական կողմի հետ: Եվ հենց որ անվտանգությունը հանվեց, տեղի ունեցավ ներխուժման երկրորդ փորձը, եղան վիրավորական գրառումներ, մոլեգնած ծայրահեղականները փորձում էին գրոհել Ադրբեջանի դեսպանատան շենքը: Դա միանգամայն անթույլատրելի է, և դիվանագիտական բոլոր կոնվենցիաների խախտում է»,- ասել է Ալիևը:
Նա նաև նշել է, որ Հայաստանը 2022թ. աշնանը սադրանքներ է իրականացրել նաև Լիբանանում և ԱՄՆ-ում ադրբեջանական դիվանագիտական առաքելությունների դեմ:
Կարդացեք նաև
«Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Լիբանանին և մյուս երկրներին, որտեղ կան ադրբեջանական դիվանագիտական առաքելություններ, և որոնք կարող են տուժել ահաբեկչությունից, պատասխանատվություն ցուցաբերել և կատարել իրենց միջազգային պարտավորությունները: Մենք որևէ կասկած չունենք, որ ահաբեկչության և վանդալիզմի գործողություններն իրականացվել են Հայաստանի կողմից: Ինչո՞ւ եմ սա ասում: Քանի որ 90-ականներին Հայաստանի հատուկ ծառայություններն իրականացրել են 32 ահաբեկչական գործողություն՝ պայթյուններ մետրոներում, ավտոբուսներում, նավերում և գնացքներում: Այդ ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվել են ավելի քան 2000 խաղաղ ադրբեջանցիներ»,- ասել է Ալիևը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ