Լրահոս
Օրվա լրահոսը

Պրոռեկտորներ. «Միավորվելուց հետո, վստահ չենք, թե կշարունակե՞նք հասկանալի լինել մեր 52 գործընկեր մարզական բուհերի համար, թե՞ կկորցնենք վստահությունը»

Հոկտեմբեր 14,2022 18:07

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմը միանշանակ դեմ է մարզական մայր բուհը մանկավարժականի եւ Բրյուսովի անվան ինստիտուտի հետ միավորելու՝ կառավարության որոշման նախագծին:

Անժելա Նուշիկյան

Արտաքին կապերի եւ ռազմավարական ծրագրերի գծով պրոռեկտոր Անժելա Նուշիկյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Միանշանակ, դեմ: Որպես հանրապետությունում եզակի ոլորտային բուհ, մեր ինստիտուտը թողարկում է մասնագետներ սպորտի եւ սպորտը սպասարկող մնացած բոլոր ոլորտների համար: Հիմնադրման օրից բուհը մնացել է հավատարիմ իր առաքելությանը եւ ժամանակի ընթացքում այն մասնագիտությունները, որ ստեղծվել են՝ մարզական լրագրություն, սպորտի մենեջմենթ, սպորտի մարքեթինգ, սպորտային տուրիզմ, սպորտի հոգեբանություն, կինեզիոթերապիա, որը գիտություն է շարժումների մասին եւ այլն, դրանք միտված են միայն սպորտի զարգացմանը: Մենք չենք փորձել մտնել որեւէ մեկի դաշտ: Մերը սպորտն է եւ հարակից ոլորտները: Եվ այն եզրույթը, որ անընդհատ կրկնում են, թե մենք մանկավարժականի կադրեր ենք պատրաստում, դա ընդամենը մեկ ֆակուլտետ է, որը թողարկում է ֆիզկուլտուրայի ուսուցիչներ եւ մարզիչներ:

Միավորվելու դեպքում մեր մյուս մասնագիտությունները, որ թողարկում ենք ու պահանջված են, մտավախություն ունեմ, որ անտեսվելու եւ կորչելու են, քանի որ շեշտն անընդհատ դրվում է զուտ մանկավարժական ուղղվածության վրա ու չի խոսվում մեր մյուս մասնագիտությունների ճակատագրի մասին, որոնք կան, զարգացող են, անհրաժեշտ են»:

Որպես արտաքին կապերի եւ ռազմավարական ծրագրերի գծով պրոռեկտոր, տիկին Նուշիկյանը նշեց, որ ինստիտուտը նաեւ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի համալսարանների միջազգային ասոցիացիայի հիմնադիր անդամ է, որի շրջանակներում համագործակցում է 52 բուհերի հետ: «Այդ համագործակցության շրջանակներում մենք նույն խնդիրն ենք լուծում, ինչպես ասում են, խոսում ենք նույն՝ սպորտի, լեզվով: Միավորվելուց հետո որպես մանկավարժական բուհի մի մաս, ես չգիտեմ, թե այդ համատեքստում մենք կշարունակե՞նք հասկանալի լինել նրանց համար, թե դա էլ կկորցնենք»,-ասաց նա:

Լուսինե Ստեփանյան

Ինստիտուտի ուսումնա-գիտական գծով պրոռեկտոր Լուսինե Ստեփանյանն էլ հավելեց. «Չկա մի այլ բուհ, որը պատրաստում է կինեզիստներ, որոնք պետք է աշխատեն մարզական աշխարհում, որն ունի սպորտային տուրիզմ, սպորտային ժուռնալիստիկա, սպորտի կառավարում: Այսինքն, մեր իրականացրած բոլոր ծրագրերը սպեցիֆիկ են, վերաբերում են սպորտին եւ սպորտը սպասարկող ոլորտներին: Ոչ մի այլ ծրագիր, որը սպորտի հետ կապ չունի, մենք չենք իրականացնում: Սա առաջին հիմնավորումն է, որ մեր բուհը այլ բուհի հետ միանալու եզր չունի: Չկա ծրագիր, որը կրկնվում է:

Երկրորդ. սպորտը ոլորտ է, որը պետության ռազմավարություն զարգացման քայլերի կարիք ունի: Հետեւաբար, սպորտը սպասարկող մասնագետները թողարկող բուհը անհրաժեշտություն է:

Երրորդը միջազգային վատ փորձն է, որը եղել է Վրաստանում, երբ սպորտային բուհը փակելուց հետո 20 տարի անց հասկացան, թե ինչ մեծ սխալ են գործել ու որոշեցին վերաբացել, սակայն մինչեւ հիմա մեծ դժվարությունների առջեւ են կանգնած:

Հաջորդը. այս միավորումների պատճառներից մեկը համարում են բյուջեի դժվարությունները: Սակայն երեք տարիների մեր աշխատանքը ակնհայտորեն ապացուցում է, թե ինչպես խնայողությունների հաշվին ինստիտուտում բազում բարեփոխումներ են իրականացվել: Այնպես որ, կարծում եմ, մենք պետք է ասեինք՝ մենք ֆինանսական դժվարություններ ունե՞նք, թե՞ չունենք:

Մի հարց էլ, որը շատ եմ կարեւորում: Եթե որոշում է կայացվել ու հեռուստաեթերներով հարցազրույցներում ու ելույթներում խոսեցին միավորման գաղափարների մասին, յուրաքանչյուր գաղափար կարող է լավը լինել զուտ որպես գաղափար: Երբ ճանապարհային քարտեզ ու դրա վերջնարդյունքը կներկայացվի, այդ ժամանակ կարող ենք հասկանալ, թե մենք ուր ենք գնում: Կարծում եմ, այս պահին ոչ մի բուհ չգիտի, թե ինքն ուր է գնում: Ոչինչ չի ասվում, բացի նրանից, որ միանում են: Եվ սա դեռ առաջին քայլն է: Առջեւում էլի երեքական բուհեր կարող են լինել, մինչեւ հասնեն, ինչպես նախատեսում են, վերջնական 5-8 բուհերին, որոնք կունենան «100 տոկոս անվճար՝ պետական ֆինանսավորումով ուսուցում, չբացառելով վճարովի ուսուցումը» անհասկանալի կարգախոսին:

Ու վերջապես: Չենք մտածում, չէ՞, որ սա երկու ամսում է որոշվել: Հունվար ամսին, երբ մենք մեր հինգ տարվա ռազմավարական ծրագիրը, դրա իրականացման ճանապարհները ժամանակացույցը հաստատեցինք հոգաբարձուների խորհրդում, ինչի՞ կառավարության կողմից լիազորված կառավարչական մարմինը մեզ նախօրոք տեղյակ չէր պահում, որ միավորում է լինելու: Ի՞նչը փոխվեց այս ընթացքում: Սա նշանակում է, որ նախագիծը լիարժեք մտածված չէ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31