Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում պարզել են, որ ցիանոբակտերիաները կարող են համարվել էներգիայի ստացման այլընտրանքային աղբյուր

Հոկտեմբեր 14,2022 17:41

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի գիտաշխատողների հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ Սևանա լճի ցիանոբակտերիաները, ինչպես նաև միկրոջրիմուռները կարող են համարվել ճարպաթթուների հարուստ աղբյուր և էներգիայի ստացման այլընտրանքային աղբյուր։

«Ցիանոբակտերիաները կամ կապտականաչ ջրիմուռները պրոկարիոտ գրամ-բացասական բակտերիաների մեծ բաժին են, որոնք կատարում են ֆոտոսինթեզ՝ արդյունքում արտազատելով մոլեկուլային թթվածին։ Այս միկրոօրգանիզմները, ինչպես և կանաչ միաբջիջ միկրոջրիմուռները, համարվում են լիպիդների ստացման հեռանկարային աղբյուրներից մեկը և ունեն օգտագործման մեծ հնարավորություն կենսաէներգետիկայում։ Ցիանոբակտերիաների վրա հիմնված կենսավառելիքը, ի տարբերություն էներգիայի այլ աղբյուրների, էկոլոգիապես ամենամաքուր և վերականգնվող ռեսուրսներից մեկն է»,- ասաց հետազոտության գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի Այլընտրանքային Էներգիայի աղբյուրների լաբորատորիայի վարիչ, անասնաբուժական գիտությունների թեկնածու Վիգեն Գոգինյանը:

Նա նշեց, որ Սևանա լճի քաղցրահամ ջրի նմուշների ընդհանուր մանրէաբանական վերլուծության արդյունքում հայտնաբերել են ալգոլոգիապես մաքուր ցիանոբակտերիալ կուլտուրաների գերիշխող տեսակներ՝ Microcystis sp. Pc-001 և Pc-002, Anabaena sp. Pc-004 և Pc-007, Synechococcus sp. Pc-003, Phormidium sp. Pc-005 և Oscillatoria sp. Pc-006: Գազահեղուկային քրոմատոգրաֆիկ մեթոդներով բացահայտվել է սինթեզվող լիպիդների ճարպաթթվային բաղադրությունը:

«Հետազոտությունների արդյունքների համաձայն՝ ցիանոբակտերիաների ուսումնասիրված բոլոր շտամների մոտ գերակշռում է պալմիտինաթթվի և մոնոենային պալմիտօլեաթթվի սինթեզը, ընդ որում, դրանց ավելի բարձր կոնցենտրացիան հայտնաբերվել է Microcystis sp. Pc-001 կուլտուրայի մոտ համապատասխանաբար 16,89% և 22,28%: Բացի դրանից, այդ շտամի մոտ հայտնաբերված է մեծ քանակությամբ հեպտադեցենոաթթու (17,99%), ստեարինաթթու (7,01%) և մոնոենային դոկոզադիենաթթու (6,25%) գործնականում հագեցած և չհագեցած ճարպաթթուների գրեթե հավասար հարաբերակցությամբ (46,55%/46,52%):

Մեր կողմից ցույց է տրվել, որ ուսումնասիրված ցիանոբակտերիաների լիպիդները սովորաբար պարունակում են ճարպաթթուներ, որոնց շղթայի երկարությունը չի գերազանցում 18 ածխածնի ատոմը, բացառությամբ Microcystis sp Pc-001 շտամի, որը սինթեզում է բավական մեծ քանակությամբ դոկոզադիենաթթու C22:2n6 (6,25%)։

Կարելի է եզրակացնել, որ ցիանոբակտերիաները, ինչպես նաև միկրոջրիմուռները կարող են համարվել ճարպաթթուների հարուստ աղբյուր և էներգիայի ստացման այլընտրանքային աղբյուր»,- ասաց Վիգեն Գոգինյանը:

Ցիանոբակտերիաներն ունակ են արտադրել այլ արժեքավոր կենսաբանական ակտիվ միացություններ շատ ավելի արագ և մեծ քանակությամբ։ «Այս միկրոօրգանիզմների վրա հիմնված պատրաստուկները, որպես կանոն, ունեն բազմակողմանի ազդեցություն և արտադրական ցածր ինքնարժեք։ Բնության մեջ ցիանոբակտերիաները միշտ հանդիպում են այլ բակտերիաների հետ համակեցության ձևով, և դա հնարավորություն է տալիս ստեղծելու արհեստական ասոցիացիաներ, որոնք օժտված կլինեն օգտակար և ցանկալի կենսաբանական հատկություններով»,- նշեց Վիգեն Գոգինյանը:

Հետազոտությունն իրականացվել է «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի բազային ֆինանսավորման շրջանակներում: Հետազոտական աշխատանքներին մասնակցել են կենտրոնի գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Բաղիշ Հարությունյանը, կրտսեր գիտաշխատող Լուսինե Սաղաթելյանը:

Նկարում՝ Ոսումնասիրության արդյունքում մեկուսացված ցիանոբակտերիաների տեսակներ․ ա – Anabaena sp., բ – Microcystis sp., գ – Oscillatoria sp., դ – Synechococcus sp., ե – Phormidium sp.

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31