Լրահոս
Օրվա լրահոսը

«Կասկած չկա, որ պատժամիջոցներ կկիրառվեն»․ Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը՝ Ադրբեջանին պատժելու մասին

Հոկտեմբեր 14,2022 17:15

«Նախեւառաջ, ՀՀ-ին պետք են անվտանգության երաշխիքներ եւ մենք այս կարեւոր հարցը հաջորդ ամիսներին եւ տարիներին պետք է բարձրաձայնենք Շվեյցարիայում։ Մեր երկիրը պետք է լինի այն երկրներից, որոնք հստակ խոսում են ՀՀ տարածքային ամբողջականության մասին։ Կասկած չկա, որ պատժամիջոցներ կկիրառվեն։ Դուք դրանք տեսնում եք նաեւ Ուկրաինայի կոնֆլիկտի դեպքում»,-ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով հարցին, թե սեպտեմբերի 13-ի հարձակման համատեքստում Շվեյցարիան, որպես միջազգային հանրության անդամ, պատրաստվո՞ւմ է ֆինանսական պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնյաների հանդեպ՝ ասաց Շվեյցարիայի դաշնային խորհրդի խորհրդարանի անդամ, Շվեյցարիա-ՀՀ խորհրդարանական խմբի անդամ Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը։

«Կասկած չկա, որ պատժամիջոցներ կկիրառվեն։ Չի կարող լինել այնպես, որ ագրեսորը մնա առանց պատժամիջոցների։ Բոլոր ագրեսորներին նույն կերպ պետք է վերաբերվել։ Շվեյցարիայում կարեւոր առեւտրային դիրքեր կան, կան արժեթղթեր Ադրբեջանից, եւ մենք հստակ պետք է արտահայտենք դիրքորոշում։ Շվեյցարիան անվտանգ տեղ չի, որտեղ կարելի է գումարներ պահել, զենք գնել եւ կռվել ՀՀ-ի դեմ»,-հավելեց Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը։

Շվեյցարիայի դաշնային խորհրդի խորհրդարանի անդամ, Շվեյցարիա-ՀՀ խորհրդարանական խմբի անդամ Միշել Մաթերն էլ իր հերթին նշեց, որ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարությունն այսօր քննարկվելու է Ժնեւում․ «Սա կարեւոր է, որովհետեւ խոշոր նավթային բիզնեսի հարց կա։ Բանաձեւի մասին այսօրվա քննարկմամբ մենք դատապարտելու ենք Ադրբեջանի գործողությունները»։

Ուշագրավ է, որ Հայաստան-Շվեյցարիա խորհրդարանական պատգամավորական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը շեշտեց․ «Երբ ցանկանում եք, որ երրորդ պետության դեմ պատժամիջոցներ կիրառվեն, առաջնահերթ քաղաքական ուժ պետք է ունենաք, որը թույլ կտա նման բան անելու։ ՀՀ-ն պետք է լինի այդ քաղաքական ուժը։ Իրականությունն այն է, որ մյուս պետությունը ռազմական եւ քաղաքական, տնտեսական ուժ ունի հենց Շվեյցարիայում, որը կարող է մեղմ ասած զսպել այս ամենը։ ՀՀ-ի պարտականությունն այն է, որ կարողանա դիվանագետ լինել անգամ պարտված վիճակում։ Այո, կարող է դիվանագետ լինել, կարող է ատամ ցույց տալ»։

Aravot.am-ը հիշեցրեց ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտի գնահատականը, ըստ որի՝ հաշվի առնելով Ադրբեջանի եւ Թուրքիայի ցեղասպանական գործողություններն ու նպատակները, համաշխարհային խաղացողները պետք է վերջ տան Հայաստանի նկատմամբ «խաղաղություն հաստատելու» վերաբերյալ ճնշումներին։ Հետաքրքրվեցինք՝ որպես միջազգային հանրության ներկայացուցիչներ, ի՞նչ հիմքով եք շարունակում պնդել, որ նման պայմաններում եւ նման պետության դեմ ՀՀ-ն պետք է շարունակի հավատարիմ մնալ «խաղաղության օրակարգին»։

Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը, որն ավելի վաղ ասել էր, որ միջազգային հանրությունը պետք է անպատասխան չթողնի Ադրբեջանի ագրեսիան, հետեւյալ պատասխանը տվեց․ «Ես սովորական պառլամենտական եմ, ոչ ռազմական փորձագետ։ Չեմ կարող հարցին պատասխանել, բայց երկարաժամկետ տեսլականում կարող եմ ասել, որ պետք է վերացնենք ատելությունը։ Իհարկե, հնարավոր չէ ատելությամբ առաջ գնալ, եթե կա բռնապետական ռեժիմ։ Խաղաղություն պետք է, բայց միջազգային արդարադատությունը պետք է գործի։ Սա հիմք է, որ պայքարենք ատելության, ռասիզմի դեմ, որը դրսեւորվում է ՀՀ-ի դեմ։ Ջանքեր պետք է գործադրենք այդ ուղղությամբ միջազգային իրավունքում։ ՀՀ տարածքային ամբողջականության հարցը առկա է, այն չի քննարկվել»։

Հայաստան-Շվեյցարիա խորհրդարանական պատգամավորական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանն էլ հավելեց․ «Միջազգային արդարադատության պալատը զբաղվում է այս խնդրով։ Ռազմագերիների սպանությունների վերաբերյալ հայց պետք է ներկայացնել միջազգային քրեական պալատին, եւ, դժբախտաբար հիշեցնում եմ, որ ՀՀ-ն դրա անդամ չէ։ Դիվանագիտական եւ արդարադատության գործիքակազմն առաջնահերթ ՀՀ-ն պետք է քննարկի եւ քայլեր ձեռնարկի։ Երբ ՀՀ-ն նման հայցեր ներկայացնի, նոր մյուս պետությունները, այդ թվում Շվեյցարիան, կարող են ապահովել հետեւանք»։

Սարգիս Շահինյանը նաեւ նշեց․ «Որեւէ մեկը չի գա եւ օգնի ՀՀ-ին, եթե ՀՀ-ն ինքն իրեն չկարողանա օգնել։ Ոչ միայն ՀՀ-ի, այլեւ բոլոր քաղաքական, ռազմական ուժերի մասին է խոսքը։ Արտաքին օժանդակությունը կարող է տեղ հասնել միայն այն դեպքում, երբ իշխանությունն ու ժողովուրդը պատրաստակամ լինեն։ Շվեյցարիան պատրաստ է օգնել հնարավորությունների չափով»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31