Լրահոս
Օրվա լրահոսը

«Զինհաշմանդամներն իրենց խնդիրների հետ մնացել են մենակ». Հայկուհի Մինասյան

Հոկտեմբեր 14,2022 17:07

2 տարվա ընթացքում եղան դրվագային լուծումներ, որոնք տվյալ զինհաշմանդամների կյանքում տվյալ պահին լուծում եղան, սակայն որևէ համակարգային լուծում չեղավ երկրում զինհաշմանդամների կյանքի որակը բարելավելու կամ վիրավոր զինվորների առհասարակ կարգավիճակի տրամադրման հարցում, հայտարարեց «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը՝ «Հոդված 3» ակումբում կազմակերպված «44-օրյա պատերազմի մասնակիցների սոցիալական ու առողջապահական խնդիրները» թեմայով քննարկմանը:

«2014-ից հետո, կարելի է ասել, համակարգային լուծում չի եղել: Նույն այս պատերազմի հետևանքով ունեցանք վիրավորներ, որոնց բուժման համար Առողջապահության նախարարությունը դրվագային ֆինանսավորում տրամադրեց, սակայն 2 տարի հետո այդ դրվագային լուծումն ավարտվեց և զինհաշմանդամներն իրենց խնդիրների հետ մնացին մենակ: Այսօր մենք կարողանում ենք տարբեր բարերարների, կազմակերպությունների միջոցով օգնել նրանց, սակայն կարծում եմ, որ պետք է համակարգային լուծում լինի, որը չկա: Այսօր Առողջապահության նախարարությունը, չնայած մեր բազմաթիվ առաջարկներին, որևէ անգամ չի արձագանքել խնդիրները լուծելու կապակցությամբ: Այսօր վիրավորում ստացած, բայց զինհաշմանդամ չճանաչված զինվորներն առհասարակ զրկված են վերականգնողական բուժում ստանալու կամ այլ բժշկական օգնություն ստանալու իրավունքից», -նշեց Հայկուհի Մինասյանը:

Նա օրինակ բերեց, վերջերս համացանցում տարածվող զինծառայողի դեպքը, որը զինհաշմանդամի կարգավիճակ չունենալու պատճառով զրկված է բուժօգնությունից: «Ամփոփելով անցած այս 2 տարին, օրենսդրական այն բացերը, որ կային մեր հանրապետությունում, այսօր էլ շարունակում են մնալ: Միաժամանակ նշեմ, որ Աշխատանքի և սոցիալական ապահովման նախարարությունը, այլ գերատեսչություններ փորձեցին պրոթեզավորման հարցն ամբողջությամբ ծածկել, բայց դա ևս ապագա վիրավորների հարցը չլուծեց կամ մինչև 2022թ վիրավորների հարցը չլուծեց, եղան դրամական, ֆինանսական աջակցություններ, սակայն կրկին դրանք եղան շարունակական:

Կարող ենք ասել, որ զինհաշմանդամների ոլորտում չկան համակարգային լուծումներ, որպեսզի իմանանք, որ բանակ գնալիս վիրավորվում ես և քո բոլոր երաշխիքները ստանալու ես, այսինքն մարդու հաշմանդամության խմբի հետ պայմանավորվել այն առողջապահական երաշխիքները, որոնք տրամադրվում են՝ ճիշտ չէ և կարծում եմ, քանի այս խնդիրները չլուծվի, ազգովի չենք կարող ասել, թե այս հարցը լուծվել է»,- ամփոփեց Հայկուհի Մինասյանը:

«Հոդված 3»-ի ներկայացուցիչ Արշալույս Մղդեսյանը տեղեկացրեց, որ 44 օրյա պատերազմի 2-րդ տարելիցին նվիրված հերթական քննարկմանը հրավիրված ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչն ամենատարբեր պատճառաբանություններով չի ներկայացել: Քննարկմանը մասնակցում էին նաև ԱՍՀՆ Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Կարինե Սարգսյանը և իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

 

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31