Լրահոս
Օրվա լրահոսը

Թեև սպորտի «դարպասները» աստիճանաբար բացվում են կանանց համար, ու ավելի շատ կանայք են համալրում ոլորտը, նրանք դեռ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Սոնա Ղազարյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Հոկտեմբեր 14,2022 16:48

Սպորտային ֆեդերացիաների եւ որոշումներ կայացնող մարմինների առաջնորդական եւ մարզչական պաշտոններն ավելի շատ կանանցով համալրելը կհանգեցնի ավելի գենդերային կայուն ու հավասար սպորտի աշխարհի.

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը վեհաժողովի լիագումար նիստում ելույթ է ունեցել «Եվրոպայի լիբերալների եւ դեմոկրատների դաշինք»-ի (ALDE) անունից:

Պատգամավորը, մասնավորապես, ասել է.

«Հարգելի՛ նախագահ, սիրելի՛ գործընկերներ, առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել զեկուցողին լավ եւ մանրամասն տեղեկատվություն տրամադրող զեկույցի համար, որը ներկայացնում է կարեւոր տվյալներ եւ, իհարկե, հստակ ուղերձներ այն մասին, թե ինչ պետք է անել, որպեսզի սպորտը լինի գենդերային խտրականությունից եւ բռնության դրսեւորումներից զերծ:

Ինչպես հստակորեն նշված է զեկույցում, սպորտը շարունակում է մնալ ավելի բարենպաստ միջավայր տղամարդկանց համար:

Թեեւ սպորտի «դարպասները» աստիճանաբար բացվում են կանանց համար, ու ավելի շատ կանայք են համալրում ոլորտը, նրանք դեռ շարունակում են բախվել մի շարք խնդիրների, ինչպիսիք են խտրականությունը, վարձատրության տարբերությունը կանանց եւ տղամարդկանց համար, բռնությունը եւ, իհարկե, սեքսիստական պիտակավորումներն ու մեկնաբանությունները:

Ցանկանում եմ ընդգծել լրատվամիջոցների եւ համացանցի դերը, որը երբեմն, ինչո՞ւ չէ, շատ հաճախ օգնում է վերարտադրել ու ուժեղացնել կարծրատիպերն ու ատելության խոսքը, դրանք նվազեցնելու եւ սպորտն ապահով ու հավասար հարթակ դարձնելու փոխարեն:

Լրատվականները հակված են կին մարզիկներին առաջին հերթին ներկայացնել որպես կին, որից հետո միայն որպես մարզիկ:

ՅՈւՆԵՍԿՕ-ի հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ սպորտում կանանց լուսաբանումը հաճախ վերաբերում է արտաքին տեսքին, տարիքին, անձնական կյանքին, այնինչ տղամարդիկ պատկերվում են որպես հզոր, անկախ, գերիշխող ու գնահատված մարզիկներ:

Օլիմպիական լուսաբանման ժամանակ երկու շաբաթը հազվագյուտ ժամանակ է, երբ կայուն ձեւով սպորտային կին աստղերը հայտնվում են վերնագրերում եւ շարունակում լուսաբանվել, ինչպես կարգն է:

Սակայն, հարկ եմ համարում նշել, որ նմանատիպ մեծ փառատոններից դուրս, ըստ վիճակագրության, լրատվական դաշտում կին մարզիկները զբաղեցնում են ընդամենը 4 տոկոսը, չնայած որ կանանց սպորտը կազմում է նման փառատոնների 40 տոկոսը:

Համաճարակի ազդեցությունը նույնպես վճռական ու անարդար դեր ունեցավ կին մարզիկների վրա՝ առաջացնելով ավելի մեծ սոցիալական եւ ֆիզիկական ճնշում:

Զեկույցում մատնանշվում են մի շարք գործողություններ, որոնք պետք է արվեն եւ կարելի է անել իրավիճակը բարելավելու համար, ինչպիսիք են մարզումները սպորտի ոլորտի բոլոր դերակատարների համար՝ կանանց նկատմամբ բռնությունը կանխելու համար:

Սպորտային ֆեդերացիաների եւ որոշումներ կայացնող մարմինների առաջնորդական եւ մարզչական պաշտոններն ավելի շատ կանանցով համալրելը կհանգեցնի ավելի գենդերային կայուն ու հավասար սպորտի աշխարհի:

Երեկ սպորտային կրթության եւ երիտասարդության ենթահանձնաժողովում մենք հյուրընկալել էինք EPAS-ի գործադիր քարտուղարի տեղակալ տիկին Ռավենիին, եւ ես հարցրեցի, եթե կա մեկ բան, որ պետք է անել սպորտում գենդերային հավասարության հասնելու համար, ապա ի՞նչն է դա:

Պատասխանը պարզ էր՝ հավասար վարձատրություն: Դեռեւս կա 35 տոկոս աշխատավարձի տարբերություն սեռերի միջեւ:

2017 թ. սպորտային հետազոտության շրջանակում համեմատվել են 12 ամենաբարձր վարձատրվող կանանց սպորտային լիգաները 12 ամենաբարձր վարձատրվող տղամարդկանց սպորտային լիգաների հետ:

Հետազոտության շրջանակում պարզվել է, որ միջին հաշվով այս էլիտար մարզաձեւերի տղամարդիկ վաստակել են 101 անգամ ավելի, քան՝ էլիտար սպորտի կանայք: Մենք պետք է ձգտենք փոխել սա, ու պետք է պայքարել կանանց եւ տղամարդկանց հավասար վարձատրության համար»:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31