Լրահոս
Օրվա լրահոսը

Բրյուսովի ուսանող. Եթե նախարարը մեզ արհամարհում է, մենք պետք է խոսենք ուղիղ վարչապետի հետ

Հոկտեմբեր 14,2022 16:37

Բրյուսովի պետական համալսարանի ուսանողները արդեն երրորդ օրն է, որ պայքարում են իրենց համալսարանի ճակատագրի համար: Հիշեցնենք՝ հոկտեմբերի 12-ին տարածվեց նորություն, որ նախատեսվում է միավորել Բրյուսովի անվան համալսարանը Խաչատուր Աբովյանի հայկական պետական մանկավարժական համալսարանի և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հետ:

Իսկ այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ուսանողները հավաքվել էին մինչ գիտխորհրդի նիստի մեկնարկը, որին հրավիրված էին նաև ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ, փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը:

 

Մինչ նիստի սկիզբը ուսանող Էդգար Զատիկյանը իր ելույթի ընթացքում անդրադարձավ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի ճեպազրույցին. «Այն պատասխանները, այն հիմնավորումները, որ տվեց կրթության և գիտության նախարարը, բավարար չեն: Իրեն հարցնում են՝ շենքը փոխվելո՞ւ է, ասում է՝ ո՛չ, հարցնում են դասախոսները փոխվելո՞ւ են, ասում է՝ ո՛չ, ինչ-որ բան փոխվելո՞ւ է, ասում է՝ ո՛չ, ուղղակի անունն է փոխվելու: Եթե անունն է փոխվելու, ապա ինչի՞ համար են այս փոփոխությունները: Մենք մեր անունն էլ ենք սիրում, մենք մեր անունից էլ ենք գոհ, այս փոփոխությունները իմ կարծիքով և բոլորիս կարծիքով՝ հիմնավորված չեն»:

 

Նա նշեց, որ եթե անգամ նախարարը չգա գիտխորհրդի նիստին, իրենք պայքարը չեն դադարեցնելու և երկուշաբթի օրվանից սկսած կառավարության շենքի դիմաց պահանջելու են հանդիպում արդեն ոչ թե նախարարի, այլ վարչապետի հետ. «Եթե նախարարը, կներեք կոպիտ արտահայտությանս համար, մեզ արհամարհում է, մենք պետք է առաջ անցնենք և խոսենք ուղիղ իր վերադասի հետ, որը մեր հանրապետության վարչապետն է»:

 

Էդգար Զատիկյանը հավելեց, որ դասախոսների օգնությամբ մշակվելու է օրինագիծ, որը 50 հազար ստորագրություններով ուղարկելու են Ազգային ժողով: Օրինագիծը չընդունվելու դեպքում՝ նրա խոսքով՝ ավելի շատ ստորագրություններ կհավաքեն՝ հարցը տանելով հանրաքվեի:

Մեկ այլ ուսանող Արման Հարությունյանը անդրադարձավ տարբեր ուժերի այն մեղադրանքներին, թե Բրյուսովի ուսանողները չեն մասնակցել «հայրենիքի փրկությանը». «Եկեք չմոռանանք մի բան՝ վերջին ժամանակներում ինչքան պատերազմ եղել է, Բրյուսովը միշտ առաջնագծին աջակցել է ամեն հարցում: Հայրենիքը փրկողները մեր զինվորներն են՝ ամենակարևոր մարդիկ մեր կյանքում: Բրյուսովի պետական համալսարանի կամավորները օրերով չեն քնել, օրերով մնացել են համալսարանի պատերի ներսում: Այստեղից առաջնագիծ ահագին օգնություն է ուղարկվել: Բոլորը գիտեն՝ առաջնագծում կանգնած զինվորը, որ մենք ամեն օր խոսում ենք, իրենք մեզ են շնորհակալ, մենք իրենց: Բրյուսովը համալսարան չի, Բրյուսովը պատմություն ունեցող ընտանիք է, տուն է»:

 

Մինչ նիստի սկիզբը Aravot.am-ը զրուցեց համալսարանի ուսանողների հետ՝ պարզելու համար նրանց տեսակետը:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Մարիա ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31