Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կհասցնի՞ երդվել Սիսիանի նորընտիր համայնքապետը թե՞․․․ ավագանու մեծամասնությունը հրաժարվում է մանդատներից

Հոկտեմբեր 14,2022 16:18

Սիսիանի համայնքի ավագանու «Մեկ Հայաստան» եւ «Աշխատանք եւ Արդարություն» խմբակցությունների անդամները տարածել են հայտարարություն, ըստ որի՝ վայր են դնում մանդատները։ «Սիսիան համայնքի հարգելի՛ ընտրողներ, սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում միասնական ընդդիմությունը՝ «Աշխատանք եւ արդարություն» դաշինքը եւ «Մեկ Հայաստան» կուսակցությունը ստացավ 7 մանդատ։ Համայնքային իշխանություն ձեւավորելու համար անհրաժեշտ էր 11 մանդատ։ Հոկտեմբերի 12-ին կայացած ավագանու անդրանիկ նիստին մասնակցելով ակնկալում էինք ստանալ ՔՊ-ի հետ համագործակցությունը մերժած ուժերի աջակցությունը։

Չստացանք․․․։ Բացառելով ճնշումների ու խոստումների միջոցով համայնքի ղեկավար ընտրած ուժի հետ որեւէ համագործակցություն՝ վայր ենք դնում մեր մանդատները»,-ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, նորընտիր ավագանու առաջին նիստում համայնքի ղեկավար ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Արմեն Հակոբջանյանը։ Վերջինիս կողմ էր քվեարկել կառավարող ուժի 8 անդամ եւ «Հանուն Հանրապետության» կուսակցությունից 1 հոգի՝ Նախշուն Յազուլյանը։

Նիստի աշխատանքները բոյկոտել էր եւ չէր մասնակցում «Ապրելու երկիր» կուսակցությունը, որն ավելի ուշ հայտարարեց մանդատները վայր դնելու մասին։

Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սլավիկ Դադաշյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ ավագանու անդամի ոչ մի թեկնածուից դեռ հանձնաժողովը դիմում չի սռացել։ «Գործող ավագանու անդամները բացարկի դիմումներ ներկայացնում են համայնքապետարան, իսկ թեկնածուները ընտրատարածքային ընտրական հանձնաժողով»,-պարզաբանեց նա։ Սիսիանի համայնքապետարանից էլ ասացին՝ ոչ մի դիմում դեռ չեն ստացել։

Վաղը՝ հոկտեմբերի 15-ին, ժամը 11-ին, Սիսիանի մշակույթի պալատում նախատեսվում է Սիսիանի համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանի երդման արարողությունը։ Գործող կարգի համաձայն, երդումը կատարվում է ավագանու նիստում, սակայն եթե քվորում չապահովվի, ապա նիստը իրավազոր չէ։

Հիշեցնենք՝ Սիսիանի ավագանին բաղկացած է 21 անդամից․ «Քաղաքացիական պայմանագիր» ՝ 8 մանդատ, «Աշխատանք եւ Արդարություն» դաշինք՝ 5 մանդատ, «Ապրելու երկիր»՝ 4 մանդատ, «Հանուն Հանրապետության» եւ «Մեկ Հայաստան» կուսակցություններին՝ 2-ական մանդատ։ Եթե նիստին չմասնակցեն 21 անդամից 11-ը, ապա երդման արարողությունը չի կայանա։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31