Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք գիտենք, թե ով է ագրեսորը, տեսել ենք նրա հանցագործությունները»․ Ստեֆան Մյուլեր-Ալտերմատ

Հոկտեմբեր 14,2022 16:06

«Այստեղ ենք՝ առաջնահերթ դատապարտելու այն ռազմական ագրեսիան, որը տեղի ունեցավ ՀՀ-ի դեմ սեպտեմբերի 13-ին։ Մենք տեսել ենք հանցագործություններ եւ ուզում ենք շեշտել, որ ՀՀ-ի հետ ենք եւ դատապարտում ենք Ադրբեջանի գործողությունները»,-ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Շվեյցարիայի դաշնային խորհրդի խորհրդարանի անդամ, Շվեյցարիա-ՀՀ խորհրդարանական խմբի անդամ Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանն է կրում ողջ պատասխանատվությունը եւ մեղավորությունը կատարվածի առնչությամբ։

«Մենք գիտենք, թե ինչ է տեղի ունենում։ Կա հստակ ագրեսոր եւ կան զոհեր՝ ագրեսորի զոհեր։ Դուք մենակ չեք, մենք մասն ենք միջազգային համայնքի։ Մեր աչքերն ու ականջները բաց են։ Քրեորեն դատապարտելի նման արարքները, ինչպիսիք են հրապարակված տեսագրությունները, փաստում են պատերազմական հանցագործությունների մասին, որոնք պետք է պատժվեն միջազգային արդարադատությամբ։ ՀՀ տարածքային ամբողջականությունն ամենակարեւորն է՝ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու համար։ Միջազգային համայնքը պետք է դատապարտի կատարվածը՝ պաշտպանելու համար ՀՀ-ին։ Մենք էլ ենք հանդիպումներ ունեցել եւ գիտենք կոնֆլիկտի դերակատարներին, բայց Եվրոպայի ոչ բոլոր խորհրդարանները գիտեն այդ մասին, եւ ոչ բոլորն են հստակ ասում, թե ինչ է տեղի ունեցել»,-շեշտեց Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը։

Նա նաեւ նշեց, որ միջազգային արդարադատությունը դեռեւս չի խոսել սեպտեմբերի 13-ի մասին, բայց, այնուամենայնիվ, պետք է անդրադառնա․ «Հստակ նշումներ կան, թե ով է այս կոնֆլիկտի ագրեսորը եւ թե ինչպես են իրենց երեխաներին դաստիարակում ատելության մթնոլորտում, ինչպես են ոչնչացնում Նախիջեւանում հայկական մշակութային ժառանգությունը։ Այս մասին պետք է հստակ խոսել եւ պնդել, թե ով է ագրեսորը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31