Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի Talentum տաղանդների կրթական և զարգացնող ծրագրի 2021/2022թթ. եզրափակիչ ակորդը, որի ընթացքում հանդես եկան 11-18 տարեկան 15 կրթաթոշակառուներ:
Համերգային ծրագրում հնչեցին Կոմիտասի, Նարեկացու, Օձնեցու, Ռավելի, Բաբաջանյանի, Բաղդասարյանի, Վարդազարյանի, Հարությունյանի, Էլգարի, Վենյավսկու, Կասսադոյի, Չայկովսկու, Ֆորեի, Պուլենկի, Կոլինի, Շումանի, Ռախմանինովի, Լիստի, Խաչատրյանի և Եղիազարյանի ստեղծագործությունները:
Հավատում ենք, որ աջակցելով հայ պատանի տաղանդներին, կերտում ենք Հայաստանի ապագան, իբրև մշակութապես զարգացած պետության, նշեց «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի տնօրեն Աննա Տեր- Հովակիմյանը, հավելելով, որ Talentum ծրագրի շրջանակներում, հիմնադրամի կրթաթոշակառուների համար աշխարհահռչակ պրոֆեսորներ և երաժիշտներ անցկացրել են ավելի քան 150 վարպետության դաս: «Սերգեյ Սմբատյանի հետ Հիմնադրամը ստեղծելիս մտածում էինք այն մասին, որ պետք է նոր շունչ տանք հայ կատարողական դպրոցին, որը տասնյակ տարիներ գործել է Հայաստանում և շատ հայտնի է ամբողջ աշխարհում։ Բայց այսօր աշխարհը գնում է առաջ և ունի այլ պահանջներ, և մեր գլխավոր նպատակը բացահայտելն է այն պատանիներին, որոնք ունեն լուրջ ներուժ, կրթել և զարգացնել իրենց, և տալ Հայաստանին և աշխարհին համաշխարհային մակարդակի երաժիշտներ։ Մենք հավատում ենք, որ կհասնենք այդ նպատակին»,- ասաց Աննա Տեր- Հովակիմյանը:
Հիմնադրամի աջակից-գործընկերներն են՝ Հայաստանի բանկերի միությունը, Էվոկաբանկը, Յունիբանկը, Հայբիզնեսբանկը և Արմսվիսբանկը: Ձեռք բերված համագործակցության շնորհիվ է հնարավոր դառնում իրականացնել Talentum կրթական և զարգացնող ծրագիրը և աջակցել Հայաստանի պատանի տաղանդների ներուժի բացահայտմանն ու զարգացմանը:
Կարդացեք նաև
Անդրադառնալով հիմնադրամի աջակիցներին՝ Տեր- Հովակիմյանը նշեց, որ ծրագրի ձեռքբերում է համարում հովանավորների աջակցությունը և լիահույս է, որ առաջիկայում Հայաստանի երաժշտության և մշակույթի ապագան կարևորող մեկենասների թիվը կավելանա:
Նշենք, որ համերգի ավարտին պատանի երաժիշտներին հանձնվեցին «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի Talentum ծրագրի ավարտական վկայականներ:
Մամուլի հաղորդագրություն