«Այդ թվում միջազգային հանրությանը մենք միշտ ուղերձ ենք հղել, որ մենք երբեք դեմ չենք եղել Ստեփանակերտ-Բաքու երկխոսությանը։ Հակառակը, Արցախը դուրս մնաց բանակցային գործընթացի մի հատվածից, եւ մենք միշտ կոչ էինք անում վերականգնել լիարժեք ձեւաչափը։ Հիմա այս ձեւաչափի վերականգնումը նույնպես մնացել է մեր օրակարգում»,-Արցախի նախագահի գլխավորած պատվիրակության եւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումից հետո այսօր լրագրողներին ասաց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։
Հիշեցնենք, որ օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Բաքու-Ստեփանակերտ երկխոսության հարցն են քննարկում։
«Բայց այդ բանակցությունները չպետք է տեղի ունենան միջազգային ընդունված, ճանաչված հարթակից դուրս։ Դա ԵԱՀԿ ՄԽ-ն է, որի հարթակից մի շարք փաստաթղթերում նշվել է, որ Արցախը հակամարտության եւ բանակցության կողմ է։ Ադրբեջանը պատասխանում է, որ չի ուզում։ Ասում է, թե Արցախի՝ որպես կողմի հետ չի բանակցելու։ Մենք էլ պնդում ենք, որ ձեւաչափը վերականգնեն, բանակցենք։ Բայց եթե որեւէ մեկը կարծում է, թե այդ բանակցություններն այնպիսի երանգ պետք է ստանան, որ Արցախը «նեղացած ու փոշմանած» իր «մայր երկրին»՝ Ադրբեջանին, այդ ցեղախմբին խնդրի, ասի, թե «ղալաթ» է արել, մեզ նորից ընդգրկի քո կազմ, ապա չի լինելու նման բան»,-շեշտեց Դավիթ Բաբայանը։
Նրա խոսքով՝ սա Արցախի ժողովրդի եւ քաղաքական ուժերի հավաքական կարծիքն է, եւ ՀՀ իշխանությունը եւս գիտակցում է դա։
Կարդացեք նաև
Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այն հայտարարությանը, որ Ռուսաստանն ապակայունություն է ստեղծում Հարավային Կովկասում, Դավիթ Բաբայանը խոսքը հղեց հայությանը․ «Ժողովրդին կոչ եմ անում իմաստուն լինել։ Անթույլատրելի է որեւէ հայի՝ հակառուսական եւ հակաամերիկյան դիրքորոշում ունենալը։ Հակառուսական կամ հակաամերիկյան կարծիքներ արտահայտող ապուշները չեն գիտակցո՞ւմ, թե քանի միլիոն հայեր են ապրում ԱՄՆ-ում եւ ՌԴ-ում։ Մենք ռուս խաղաղապահներին այլընտրանք չենք տեսնում, բայց դա չի նշանակում, թե մենք դեմ ենք Արեւմուտքին։ Նման որակի մեղադրանքներն անառողջ եմ համարում։ Լավ կլինի, որ ժողովրդավարական երկիրն ասի, որ Արցախին չի պատկերացնում Ադրբեջանի ենթակայության ներքո»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ