«Եկել ենք անկեղծ քննարկումներ իրականացնելու։ Հիմա ողջ հայությունը եւ Արցախն առերեսվում են գոյաբանական մարտահրավերների հետ։ Կարեւոր է, որ մենք հիմա որոշ հարցերի պատասխաններ ստանանք, մեր տեսակետը ներկայացնենք եւ իմանանք բանակցային գործընթացի հարցերի մասին։ Կարեւոր է, որ մենք միշտ կայուն կապ ունենանք։ Շատ ազնիվ քննարկել ենք ամենաբարդ հարցերը։ Մեր համար կարեւոր է, որ Արցախի պարագայում ունենանք հստակ դիրքորոշում»,-Արցախի նախագահի գլխավորած պատվիրակության եւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումից հետո այսօր լրագրողներին ասաց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։
Հարցին՝ Պրահայում Նիկոլ Փաշինյանի բանակցությունների արդյունքում արված հայտարարության մեջ, որով ՀՀ-ն եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, դուք տեսնո՞ւմ եք վտանգ, որ սա Արցախը կթողնի Ադրբեջանի կազմում, սա քննարկե՞լ եք ՀՀ իշխանության հետ, Դավիթ Բաբայանը պատասխանեց․ «Այս հարցի վերաբերյալ պարզաբանումներ եղան, սա վերջին հանդիպումը չէ։ Մեր կարծիքը հետեւյալն է՝ առանց քաղաքական մանիպուլյացիաների։ Դեմ չենք, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը բարելավեն հարաբերությունները, բայց Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելն անընդունելի է»։
Մեկ այլ հարցի՝ այս հարցում ՀՀ-ն հատո՞ւմ է կարմիր գիծը, Դավիթ Բաբայանը պատասխանեց․ «Կան պարզաբանումներ, որ ՀՀ-ն չի պատրաստվում Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։ Դա դուք համապատասխան մարմիններից ճշտեք։ Հիմա մենք շատ ճկուն քաղաքականություն պետք է վարենք։ Դեռ վարչապետի հետ պետք է հանդիպենք։ Մեր կարծիքը հայտնել ենք, որ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու ցանկացած փորձ, դրա կազմ խցկելու որեւէ փորձ բերելու է երկու տարբերակի՝ պատերազմ, արյունահեղություն, ցեղասպանություն, հայաթափում: Եթե ժողովրդավարական աշխարհը մեզ դիտում է Ադրբեջանի կազմում, ապա դա կլինի խարան իրենց իսկ վրա, որովհետեւ Արցախում ցեղասպանությունը կլինի այդ քաղաքականության հետեւանք»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ