Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ընդդիմությունը մինչ օրս առաջարկով հանդես չի եկել, մինչդեռ Դիմադրության շարժման ժամանակ հանրությունը սպասում էր այդ առաջարկին». Արթուր Ղազինյան

Հոկտեմբեր 14,2022 14:52

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» կուսակցության նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը հայտարարեց «Համահայկական կոնսիլիումի» գործունեության մասին, որի նպատակը մասնագետների հավաքագրման, քննարկումների արդյունքում կոնկրետ լուծումների և առաջարկների ներկայացումն է։

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նա նշեց, որ ներկա իշխանավորների գործունեությունը ոչ մի կապ չունի Հայաստանի պետական շահի հետ. «Ես նրանց հայ չեմ համարում։ Եթե մարդիկ կարող են արյունով պաշտպանված հողերը ՋիՊիԷս-ով հանձնել թշնամուն, ուրեմն այդ մարդկանցով պիտի հոգեբույժը զբաղվի»։

Բանախոսի պնդմամբ՝ Արցախը պարզապես հող չէ, այն գոյության իմաստ է, այն 120 հազար հայերով բնակեցված երկիր է, հաղթանակած է և այն պարզապես գրպանից հանել ու տալը չի սազում։

Ղազինյանը չցանկացավ գնահատականներ տալ ընդդիմության գործողություններին, սակայն խոստովանեց, որ չհաջողվեց իրականացնել իշխանափոխությունը։ Իսկ իշխանափոխությունը, նրա խոսքով, նպատակ չէ, այն միջոց է. «Ապագա կա-ն այսօր մրցակից չունի, դրա համար էլ կարողանում է գոյատևել, իսկ Հայաստանում գերակշռում են ոչ թե հանուն, այլ ընդդեմ գաղափարները։ Պետք է փաստենք, որ ընդդեմ գաղափարները կարող են ոչ միայն չհաղթել, այլև վատթարացնել իրավիճակը, հատկապես’ Ռուսաստան-Արևմուտք սրվող հակամարտության մեջ»։

Արթուր Ղազինյանն ընդգծեց, որ ընդդիմությունը մինչ օրս առաջարկով հանդես չի եկել, մինչդեռ Դիմադրության շարժման ժամանակ հանրությունը սպասում էր այդ առաջարկին։ Նրա պնդմամբ՝ առաջարկը պետք է ձևավորվեր շարժման առաջնորդի կողմից, պետք է առաջնորդը ստանձներ պատասխանատվություն։

Լրագրողների այն հարցին, թե Համահայկական կոնսիլիումի քաղաքական, հանրային երկխոսությունը, հաշտությունը, որոնք երկարատև գործընթացներ են, արդյոք չեն հապաղի՞ դեպքերի այս սրընթաց հոսքում, Ղազինյանն արձագանքեց. «Ժամանակային կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է։ Ճգնաժամային իրավիճակներում քաղաքական պայքարն իջնում է երկրորդ պլան, առաջ են գալիս տեխնոկրատները, որոնք երկիրը բերում են կայուն մակարդակի, որից երկու տարի հետո նոր սկսում են քաղաքական զարգացումները, իսկ Հայաստանում քաղաքական բևեռները շատ են, հնարավոր են տարբեր սցենարներ։ Կամ չի ստորագրվի որևէ փաստաթուղթ, կամ այն կստորագրվի, երկու դեպքում էլ կյանքը չի ավարտվի, քաղաքականությունը սկսել է առաջին մարդու ծննդով և կավարտվի վերջին մարդու հետ։ Փաստաթղթի թե’ ստորագրման, թե’ չստորագրման դեպքում կարծում եմ տեղի կունենա իշխանափոխություն, մենք դրան պիտի պատրաստ լինենք։ Պետք է թույլ չտանք որևէ ներքին հակասությունների պոռթկում, որևէ զգացմունքային գործողություն։ Պետք է կարողանանք դատել սթափ և հստակ գործել»։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե որոնք են այն երաշխիքները, որ կհաջողեն բանախոսի առաջարկած օրակարգը. «Օրակարգի վակուումը»,- ասաց Ղազինյանը՝ շարունակելով. «Քաղաքականության և հանրային գործունեության մեջ երաշխիքներ, որպես այդպիսին, չկան։ Կան նախադրյալներ, պետք է օգտվել, կա մասնագիտական խոսքի պակաս։ Մեր մասնագետները բոլորն էլ իրենց ոլորտում ակտիվ են, սակայն նրանց հավաքական ուժը հանրությանը կստիպի մի կողմ դնել տարաձայնությունները և հայացքն ուղղել դեպի գիտություն»։

Ղազինյանի պնդմամբ՝ մեր տնտեսության զարգացումը գտնվում է Ագարակից մինչև Բավրա, իսկ արևմուտքից և արևելքից նա ոչ մի զգալի բան չի ակնկալում. «Մեր տարածաշրջանը՝ Իրան, Վրաստան, Հայաստան առանցքով, ռազմավարական դաշինքով պետք է ուժեղացվի, որը կհանգեցնի ռեգիոնում հավասարակշռության ձևավորման, իսկ աշխարհաքաղաքական սուբյեկտներին հնարավորություն կտրվի այդտեղ տեղավորել իրենց համադրվող շահերը։ Հակառուսականությունը հակացուցված է, հակաեվրոպականությունը հակացուցված է։ Հայաստանում կան մարդիկ, որ ռուսներից ավելի ռուս, եվրոպացիներից ավելի եվրոպացի են, մինչդեռ ամենից առաջ պետք է հայ լինել», – ամփոփեց Ղազինյանը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31