Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալմա-Աթայի հռչակագրին Ադրբեջանը միացել է, երբ արդեն հռչակված է եղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը». Գեղամ Մանուկյանը շեշտել է՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը սպառված չէ

Հոկտեմբեր 14,2022 14:46

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում (ՍԾՏՀ ԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը հոկտեմբերի 13-ին մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ մշակութային, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 59-րդ հեռավար նիստին:

«ՍԾՏՀԿ անդամ պետություններում փախստականների հոսքի պատճառով առաջացած ճգնաժամի սոցիալական հետեւանքները» զեկույցի քննարկման ընթացքում Գեղամ Մանուկյանը պահանջել է վերականգնել դրա նախագծում ՀՀ-ի առաջարկած Լեռնային Ղարաբաղի հայ փախստականներին վերաբերող պարբերությունը, որը զեկույցի հեղինակ, ադրբեջանական պատվիրակության անդամը հեռացրել էր Թուրքիայի առաջարկությամբ: Հայ եւ ադրբեջանցի պատգամավորների միջեւ ծավալված բուռն բանավեճի ընթացքում Գեղամ Մանուկյանը բարձրաձայնել է ինչպես 44-օրյա պատերազմի հետեւանքով ադրբեջանական օկուպացիայի փաստերը, այնպես էլ խոսել է 2022 թ. սեպտեմբերյան ագրեսիայի պատճառով ՀՀ տարածքում հազարավոր ներքին տեղահանվածների, ՀՀ սուվերեն տարածքների բռնագրավման մասին:

ԱԺ պատգամավորը կտրուկ հակադարձել է ադրբեջանական կողմի այն պնդմանը, թե այլեւս Լեռնային Ղարաբաղի հակամարտություն եւ արցախահայության ինքնորոշման հարց գոյություն չունի, եւ այն չի քննարկվում Փաշինյան-Ալիեւ հանդիպումների ընթացքում: Գեղամ Մանուկյանը շեշտել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը մնում է օրակարգում եւ սպառված չէ: Նա պարզաբանել է, որ վերջերս շրջանառվող 1991 թ. դեկտեմբերի 8-ին կնքված Ալմա-Աթայի հռչակագիրը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը վավերացրել է վերապահումով, ու ամրագրել, որ տարածքային ամբողջականությունը չի վերաբերում ազգերի ինքնորոշման իրավունքից հրաժարմանը: «Ալմա-Աթայի հռչակագրին Ադրբեջանը միացել է, երբ արդեն հռչակված է եղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»,-հայտարարել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Հայկական կողմը դեմ է քվեարկել զեկույցին եւ պատրաստվում է վեճի առարկա պարբերությունը կրկին քննարկման ներկայացնել արդեն դեկտեմբերին կայանալիք Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31