«Համահայկական կոնսիլիումը», որը դեռևս փաստացի գրանցված չէ, արդեն գործում է երկու և ավելի ամիս։ Այնտեղ երկկողմանի, բազմակողմանի քննարկումներ են ընթանում, տարբեր ոլորտների մասնագետների, հեղինակություն վայելող մարդկանց միջև։ Շարժումը կոչվում է համահայկական, որովհետև միայն հայաստանաբնակներին և արցախաբնակներին չի վերաբերվում. ուժեղ և կանգուն պետականությունը, ուժեղ Արցախը գրավականն է հայ լինելու, հայ մնալու։ Շարժումը կոչվում է կոնսիլիում, որովհետև այդ բառն ունի մի քանի իմաստ։ Նախ՝ հաշտեցում. Հայաստանը, լինելով այսքան փոքր տարածք, իր մեջ ունի բազմաթիվ կոնֆլիկտներ։ Ատելությունը տարածվել է հասարակության մեջ, արդյունքում մենք իրար ատում ենք, իսկ թշնամին մեզ սպանում է, գրավում է մեր տարածքները։ Կոնսիլիում նաև նշանակում է խորհուրդ, ուստի մեր կոնսիլիումը նպատակ ունի իրավիճակի քննարկման արդյունքում գործի դնել լուծում և դրանով շարժվել դեպի ռեաբիլիտացիա։ Մենք ստեղծեցինք կոնսիլիումը, որովհետև Հայաստանը և Արցախը հիվանդ են, իսկ ախտորոշումը բացակայում է։ Կոնսիլիումի առաջին նպատակը այդ ախտորոշման հաստատումն է։ Ապա հանրությանը կներկայացվի գործողությունների ժամանակացույց’ այս քայքայման ընթացքը դադարեցնելու համար» ,- այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը՝ հավելելով, որ խնդիրն այլևս չի սպառնում իշխանությանը և պետականությանը, որովհետև դրանք չկան, սպառնում է պետությանը, իսկ եթե պետությունը կործանվի՝ մենք այլևս չենք ունենալու պետականություն և իշխանություն ձեւավորելու հնարավորություն։ Արթուր Ղազինյանը, հիշեցնենք, վայր էր դրել մանդատը և դուրս էր եկել «Հայաստան» խմբակցությունից։
Բանախոսը նշեց, որ պետության կորստի վտանգի պայմաններում իշխանության հասնելու պայքարը կարող է անկանխատեսելի զարգացումների բերել և վատթարացնել իրավիճակը։ Ուստի, Ղազինյանը հայտնեց, որ Կոնսիլիումի կազմած հայեցակարգն առաջարկվելու գործող իշխանությանը և ընդդիմությանը, իսկ թե ինչքանով նրանք կշարժվեն այդ օրակարգով’ ցույց կտա ժամանակը։
«Պետք է գործել արագ և կոնկրետ, որովհետև մեզ մոտեցող վտանգներն ահագնանում են։ Կոնսիլիումը նախաձեռնելու է թեմատիկ, մասնագիտական քննարկումներ, ստեղծվելու են կառուցողական երկխոսության հարթակներ։ Կառաջարկվեն լուծումներ կրթական, առողջապահական, ֆինանսական, արտաքին քաղաքականության, անվտանգության ոլորտներում։ Քաղաքական ճգնաժամի պատճառը կոնկրետ լուծման, առաջարկի բացակայությունն է, իսկ Կոնսիլիումը կձևավորի այդ առաջարկը’ մշակված պրոֆեսիոնալների կողմից»,- ասաց Ղազինյանը։
Նրա խոսքով’ Իրանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն հարցնում են, թե Հայաստանն ինչ է ուզում, կարող են լինել համընկնող շահեր, սակայն Հայաստանը դեռևս չի ձևակերպել, թե ինչ է ուզում. «Կոնսիլիումը կլինի հենց այն կառույցը, որը կձևակերպի, թե մենք ինչ ենք ուզում և այդ ձևակերպումը կդրվի հետագա բոլոր զարգացումների, գործողությունների հիմքում։ Մեծ հաշվով, սա այն է, ինչը մենք պետք է անեինք 1992 թվականին»։
Կարդացեք նաև
Արթուր Ղազինյանը հայտնեց, որ Կոնսիլիումի անդամները հայտնի են հանրությանը, սակայն նրանց անունները դեռևս չեն հրապարակվի։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ