Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ում Ալեն Սիմոնյանից պատասխան են պահանջել իր խոսքերի համար. «Հաճախ ավելի շատ կենտրոնանում են, թե ես ինչ հարցազրույց եմ տվել, ինչի եմ քննադատել»

Հոկտեմբեր 14,2022 14:14

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, խոսելով Մոսկվա կատարած այցի մասին՝ տեղեկացրեց, որ ՌԴ-ում խոսել է իրավիճակի մասին ու ստացել այսպիսի պատասխան՝ «մենք կակտիվանանք»: Թե երբ՝ պարզ չէ. «Հաճախ ավելի շատ կենտրոնանում են, թե ես ինչ հարցազրույց եմ տվել, ինչի եմ քննադատել, ինչի եմ քննադատում: Ես դրա պատասխանները մեկից շատ ավելի շատ ունեմ, ներկայացրել եմ ու կարող եմ կրկնել՝ մենք սպասում ենք ավելի լայն ներգրավվածություն ՌԴ-ի կողմից այս պրոցեսին»:

Նա ասաց, որ կան տարբեր խոսակցություններ, թե ինչ ձեւաչափեր է առաջարկում ՌԴ-ն՝ հետագա համագործակցության, բոլոր ձեւաչափերին ՀՀ-ն տվել է իր համաձայնությունը, իսկ Ադրբեջանը մինչ օրս չի ստորագրել ՌԴ խաղաղապահների մանդատը Արցախում. «Ո՞րն է այդ դեպքում մեր ՌԴ գործընկերների արձագանքը: Բնական է, որ այնտեղ խոսակցություն եղավ, որ ՀԱՊԿ-ի հետ կապված ես քննադատել եմ, ասացի՝ այո, մենք ՀԱՊԿ-ից սպասում ենք ավելի կտրուկ գործողություններ ու մենք մտավախություն ունենք, որ ՀԱՊԿ-ը կարող է լքել տարածաշրջանը, արդյոք իմ մտավախությունը ճի՞շտ է, թե՞ ոչ: Այստեղ որ անընդհատ խոսում են՝ դուրս գանք ՀԱՊԿ-ից, մի հատ հասկանանք՝ կարո՞ղ է ՀԱՊԿ-ն է դուրս եկել տարածաշրջանից, մեզ չեն ասում, որ տրամադրություններս չգցենք»:

Հարցին՝ Լավրովը Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն ասում էր, որ դուք եք նախագահող երկիրը եւ եթե ժամանակ գտնեք, խորհուրդ հրավիրեք, Հայաստա՞նն է ձգձգում, ինչո՞ւ Հայաստանը չի հրավիրում այդ նիստը, որպեսզի վերջնական որոշում ընդունեն՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Իսկ ո՞նց եք դուք պատկերացնում, եթե մենք ընդամենը մեկ օր հետո դիմել ենք ու մինչ օրս որեւէ ռեալ… պրոցեսն էլ շարունակվում է, մեր տարածքներ մտնում են, մեր տղաները մահանում են, ի՞նչ անել: Լավ, ենթադրենք, որ այդ ասածը իրականության մեջ տեղ ունի, բա ո՞ւր է մեր պատասխանը՝ հայ-ռուսական պայմանագրի համապատասխան, այդտեղ էլ չկա չէ՞․ ով է նախագահողը: Մենք դիմել ենք ՌԴ-ին հայ-ռուսական փոխօգնության պայմանագրով էլ, բա դրա հետ կապված ինչո՞ւ է լռություն: Խոսել եմ այդ մասին ու ասեմ՝ մինչեւ այս պահը կա այն, ինչ հրապարակային լսում ու տեսնում եք: Մենք չենք սահմանափակվելու մեր երկրի անվտանգությունը պահպանելու հարցում միայն այս պահին եղած լծակներն օգտագործելով, որովհետեւ կարող է 1-2 ժամ տարբերությամբ տարածաշրջանում շատ կտրուկ բան փոխվի ու մենք այդ հնարավորությունը չունենանք»:

Ալեն Սիմոնյանն ասաց, որ շատ կուզենա, որ ոչ միայն ԵՄ ներկայացուցիչները, այլ նաեւ ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի ներկայացուցիչները գան ու սահմանով կանգնեն, որ սադրանքները բացառվեն. «Թող գան տեսնեն՝ ով է հրահրում ու խախտում հրադադարը: Ինչ վերաբերում է մեր կողմին, հայկական բանակը, ի հեճուկս մեղադրանքների, այսօր ուղղում է իր մեջքը ու դրա վառ օրինակն էր սեպտեմբերի 13-ի իրադարձությունների ժամանակ մեր տղաների հերոսամարտը, որովհետեւ հերոսաբար պահեցին ՀՀ սահմանը: Այո, մենք ունեցանք զոհեր, հակառակորդն ունեցավ մոտ 2-3 անգամ ավելի շատ զոհ, ՀՀ-ն մենք պետք է պաշտպանենք, թեկուզ՝ զոհերով»:

Ըստ նրա, Ադրբեջանը նպատակ է ունեցել հնարավորինս շատ տարածքներ գրավել ու նվազագույնը ստուգելը ՀՀ-ի մարտունակությունը. «Իմ տվյալներով՝ Ադրբեջանի զոհերի քանակը 431 է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31