Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղության կնքվելիք պայմանագրում Արցախի տարածքների մասին շեշտումը կբարդացնի, միգուցե առ ոչինչ կսարքի հնարավոր կնքվելիք պայմանագիրը». Ալեն Սիմոնյան

Հոկտեմբեր 14,2022 13:45

Այսօր Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությունն ԱԺ-ում էր: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ քննարկել են իր՝ Մոսկվա կատարած այցը, հանդիպումների մասին են խոսել, պատասխանել է հարցերին ու լսել նրանց:

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն ասել էր, որ լավ կլինի՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության հնարավոր պայմանագրում կետ լինի, որտեղ ամրագրվի՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում: Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Ես չեմ կարծում, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կնքվելիք խաղաղության պայմանագրում պետք է նման հիշատակում լինի, որովհետեւ նախ դա կարող է հայելային պահանջ ու ցանկություն առաջացնել, երկրորդը՝ Հայաստանը երբեւէ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չի ունեցել ու տարածքների մասին շեշտումը կբարդացնի, միգուցե առ ոչինչ կսարքի հնարավոր կնքվելիք պայմանագիրը: Իմ անձնական կարծիքն է, որ նման բան պետք չի անել»:

Հարցին՝ այդ դեպքում դուք ի՞նչ եք առաջարկում Արցախին, չէ՞ որ ասում են՝ Ադրբեջանի կազմում լինելը կարմիր գիծ է իրենց համար՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Արցախը ինքնուրույն պետք է ներգրավված լինի եւ ներգրավված է բոլոր քննարկումների մեջ, իսկ ՀՀ-ն պետք է մաքսիմալ ներգրաված լինի այդ խոսակցությունների մեջ: Եղել է տարբերակ, Հայաստանն ու Արցախը առանձնացնելու տարբերակով է եղել, մենք այդ տարբերակով չենք գնացել»:

Հարցին՝ Ադրբեջանը տվե՞լ է այդ հավաստիացումը, որ կբանակցի Արցախի հետ, որովհետեւ Դավիթ Բաբայանն ասել է՝ եթե մենք թշվառի կեցվածքով գնալու ենք ու ասելու ենք՝ ընդունեք մեզ Ադրբեջանի կազմ, մենք դրան չենք գնալու՝ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Ո՞նց կարող է Ադրբեջանը չբանակցել, չքննարկել: Մինչ օրս եղել են շատ հարցեր, Ադրբեջանը քննարկել է, բանակցել է հենց Արցախի իշխանությունների հետ»: Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ Ադրբեջանը Արցախի օրինական իշխանությունների հետ գտնվում է ուղիղ կապի մեջ. «Նույնիսկ լինում են դեպքեր, որ Արցախի իշխանությունները ավելի շատ են տեղեկացված լինում, քան մենք»: Նա ասաց, որ մենք Արցախի մեր հայրենակիցներին միայնակ չենք թողել երբեւիցե ու չենք թողնի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31