Մենք՝ «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցության» ծրագրի երկրորդ փուլի և «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի մասնակիցներս, դեմ ենք «Մենդիա Ռեսուրսիս» ՍՊԸ-ի կողմից Վայոց ձորի մարզի Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացմանը։
Մեր կարծիքով՝ այն ռիսկեր է ներկայացնում ծրագրերի իրականացման համար և վտանգում թիրախ համայնքների կանաչ զարգացումը։
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի քարտեզում պարզ երևում է, որ հանքարդյունաբերական ծրագրի տարածքը մասնակիորեն համընկնում է ծրագրերի շրջանակներում ստեղծվող էկոմիջանցքներից մեկի տարածքի հետ։
Վերոնշյալ երկու ծրագրերն իրականացվում են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից: «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցության»-II ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից՝ KfW բանկի միջոցով: «Կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար Հայաստանում» ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության միջոցով (SDC):
Կարդացեք նաև
«Մենդիա Ռեսուրսիս» ՍՊԸ-ի հայտը ոչ միայն վտանգում է վերոնշյալ ծրագրերի իրականացումը, այլև հակասում է ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին. «ընդերքի առանձին տեղամասերի օգտագործումն արգելվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ազգային անվտանգության ապահովման, մարդկանց կյանքի և առողջության, պատմամշակութային արժեքների կամ բնության և շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից, եթե հայցվող ընդերքի տեղամասի վրա գտնվող հողամասում կան Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված բույսեր կամ կենդանիների բնակատեղիներ, ինչպես նաև եթե տվյալ տարածքով անցնում են կենդանիների միգրացիոն ուղիներ»:
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ
«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ
«Աշխատանք և հայրենիք» տարածքային զարգացման ՀԿ