44-օրյա պատերազմի օրերին համացանցում տարածված «Մորս չասեք, որ զոհվել եմ» երգի տեսանյութը երեւի շատերն են հիշում, բայց քչերին է հայտնի, թե ո՞վ էր տեսանյութում երգողը։ Տիգրան Հարությունյանը կամ տեսանյութի տարածումից հետո արդեն հայտնի դարձած «երգող տղան» Լոռու մարզի Հարթագյուղ գյուղից է։ Ծառայության էր անցել Խնձորեսկում, իսկ կռվի առաջին օրերից մարտնչել էր Ջրականի և Հադրութի մարտերում։ Տիգրանը քաջի մահով ընկել է հոկտեմբերի 14-ին։
Հոկտեմբերի 14-ը Տիգրան Հարությունյանի մահվան երկրորդ տարելիցն է։ Նա ոչ միայն լավ էր երգում, այլև ստեղծագործում էր, երբեմն էլ իր գրածներն էր երգում։ Պատերազմի օրերին կարծես ներքին մտավախություն ուներ Տիգրանը, որ չի հասցնելու իր վերջին խոսքը ասել մորը ու որոշել էր` այն պիտի լինի «Մորս չասեք, որ զոհվել եմ» երգի տեսքով։ Երգելուց առաջ խնդրել էր, եթե իր հետ ինչ-որ բան պատահի, տեսանյութը ուղարկեն հարազատներին։
Այս տարվա սկզբին կայացել էր Տիգրանի` «Սև արագիլ» գրքի շնորհանդեսը։ Նա ապրեց ընդամենը 21 տարի, բայց հասցրեց մի շարք ստեղծագործությունների հեղինակ դառնալ եւ իր ավանդը թողնել՝ թե որպես գրող, թե որպես հերոս։ Տիգրանի վերջին խոսքն է եղել` «Առյուծ տղերք ենք, չվախենաք»։ Ու հենց այս խոսքերից էլ ամեն անգամ Տիգրանի ընտանիքը ուժ է գտնում շարունակելու ապրել։
Կարդացեք նաև
Տիգրանը հաճախ պատերազմի դաշտում իր երգերով ոգեշնչում էր զինակից ընկերներին։ Այսօր արդեն 2 տարի է, ինչ Տիգրանի ընտանիքը ապրում է առանց նրա, հպարտանում` իր հերոսով, բայց միևնույն ժամանակ ցավում, քանի որ իրենց հերոս պետք չէր, իրենց Տիգրանն էր պետք։
Ստորև ներկայացնում ենք Տիգրանի ստեղծագործություններից մի հատված.
Ու վայրկյանի պես մի կյանք ենք ապրում…
Տիեզերքի մեջ՝ մի խուլ անկյունում,
Առանց բանալի ու առանց կողպեք,
Նույնիսկ առանց դուռ՝
Մեր ով լինելը խնամքով պահում…
Բազմության երթից փորձում անջատվել
Ու տարօրինակ մի պատկեր լինել,
Բայց նմանվում ենք մեկ այլ անհատի…
Լիլիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՀՊՄՀ երկրորդ կուրսի ուսանողուհի