Լրահոս
Օրվա լրահոսը

Շրջանառությունից դուրս է բերվել ավելի քան 10 կգ քաշով թմրամիջոց, որի շուկայական արժեքը գերազանցում է 1 միլիոն ԱՄՆ դոլարը

Հոկտեմբեր 14,2022 12:34

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի աշխատակիցներն օրերս, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկատվությունը, «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲ ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում Հայաստանի Հանրապետությունից Ավստրալիա առաքվող միջազգային սուրհանդակային առաքանին ենթարկել են մաքսային հսկողության: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերել է 4 հազար 166 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցից պատրաստված 3 տուփ:

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում տեղեկություններ էին ստացվել, որ հիշյալ առաքանին փորձել է ուղարկել ԻԻՀ քաղաքացի Հ.Ս.-ն: Տեղեկություններ էին նաև ձեռք բերվել, որ տվյալ քաղաքացու փաստացի բնակության վայրում` Երևան քաղաքում գործող հյուրանոցներից մեկի հյուրանոցային սենյակում, առկա են թմրամիջոցներ, որոնք վերջինս մտադրվել էր փոստային ծառայության միջոցով ուղարկել երրորդ երկիր:

Դատարանի որոշման համաձայն` Հ.Ս-ի փաստացի բնակության վայրում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվեց մոտ 4 կգ ընդհանուր քաշով նույնանման «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ ևս 3 տուփ: ԻԻՀ քաղաքացին, որը հայտնաբերվել և տեղափոխվել է ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժին, ձերբակալվել է։

Տեղեկություններ էին ձեռք բերվել առ այն, որ ԻԻՀ քաղաքացին հիշյալ դեպքից օրեր առաջ փոստային ծառայության միջոցով Ավստրիայի Հանրապետություն է ուղարկել նույնանման տուփեր: ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի և օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում պարզվեց նաև Ավստրիայի Հանրապետություն ուղարկված առաքանու և դրա ստացողի տվյալները: Տեղեկությունները համագործակցության շրջանակներում փոխանցվել են ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչություն (DEA): Դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության աշխատակիցները Ավստրիայի Հանրապետության իրավապահ մարմինների հետ համատեղ հայտնաբերել են նշված առաքանին, որը պարունակել է «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցից պատրաստված 3 տուփ՝ ընդհանուր 4 կգ քաշով: Առաքանին ստացող քաղաքացին, որը ևս հանդիսանում է ԻԻՀ քաղաքացի, ձերբակալվել է:

Հիշյալ դեպքով, ընդհանուր առմամբ, ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում շրջանառությունից դուրս է բերվել ավելի քան 10 կգ քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որի շուկայական արժեքը գերազանցում է 1 միլիոն ԱՄՆ դոլարը:

Փաստի առթիվ, կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմված մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրությունը, հայտնաբերված թմրամիջոցի զանգվածների հետ միասին տրամադրվել է ՊԵԿ քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով։

 Ծանուցում. Ենթադրյալ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31