Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւմուտք-ՌԴ միջնորդության մրցակցությունն Արցախի հարցում՝ վտանգավոր փուլում

Հոկտեմբեր 14,2022 14:30

ԵՄ-ն Հայաստանի սահմաններին ՌԴ ներկայությանն այլընտրանք է առաջարկում, ՌԴ-ի արձագանքը չուշացավ, իսկ ի՞նչ կորոշի Հայաստանը

Ե՞Մ, թե՞ ՀԱՊԿ դիտորդային առաքելություն

Հոկտեմբերի 7-ին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումները Չեխիայի մայրաքաղաքում կայացան Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում: Հանդիպման արդյունքում հրապարակված հայտարարության համաձայն, ի թիվս այլ հարցերի, Հայաստանն իր համաձայնությունն էր հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով:

ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը տեղեկացրել էր, որ Ադրբեջանը կհամաձայնի առաքելության տեղակայմանն այնքանով, որքանով իրենց կառնչվի հարցը: Արդեն օրերս, հայտնի դարձավ, որ Եվրամիության դեսպանները համաձայնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով՝ վստահությունն ամրապնդելու եւ դելիմիտացիային նպաստելու համար: Մանրամասները դեռ հստակեցվում են: Սրան արձագանքեց պաշտոնական ՌԴ-ն՝ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի շուրթերով հայտարարելով, որ Բրյուսելում նախընտրում են չմտածել, թե ի՞նչ հետեւանք կարող է ունենալ իրենց այդ քայլը տարածաշրջանի կայունության վրա: ԵՄ դեսպանների պատրաստակամությունը, շատ վերլուծաբանների կարծիքով, փաստում է այն մասին, որ ՌԴ-Արեւմուտք հարաբերությունները Հայաստանում եւս ավելի լարված փուլ են մտնում:

«ՌԴ-Արեւմուտք հարաբերությունները մեր տարածաշրջանում սկսել են լարվել այն պահից սկսած, երբ Արեւմուտքը ակտիվացրեց ջանքերը 2020թ. պատերազմից հետո ՌԴ մեծացած դերակատարման դեմ պայքարելու ուղղությամբ, այդ թվում՝ ձեւավորվեց բանակցությունների Բրյուսելյան ձեւաչափը, Արեւմուտքի միջնորդությամբ սկսեցին քննարկվել հարցեր, որոնց վերաբերյալ արդեն իսկ ձեռք էին բերվել պայմանավորվածություններ ՌԴ միջնորդությամբ, օրինակ՝ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հանձնաժողովի ստեղծումը: Այսինքն, Արեւմուտքը սկսեց մրցակցել ՌԴ-ի հետ միջնորդության հարցում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի ղեկավար Աննա Կարապետյանը: Ինչ վերաբերում է ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը, ապա, ըստ փորձագետի, սա փորձ է անվտանգային որոշակի մեխանիզմ ստեղծելու, որը, կրկին, այլընտրանք կդառնա սահմաններին ՌԴ ներկայությանը. «Հաշվի առնելով, որ սեպտեմբերի 13-ի ագրեսիայից հետո հրադադարը հաստատվեց ԱՄՆ միջնորդությամբ, այս առաքելության տեղակայումը այդ հաջողությունը ամրապնդելու հաջորդ քայլն է: Նպատակը՝ Արեւմուտքի միջնորդությամբ Խաղաղության պայմանագրի ստորագրման համար համապատասխան մթնոլորտ ստեղծելն է եւ այդ կերպ շոշափելիորեն ՌԴ ազդեցությունը նվազեցնելը: Բնական է, որ Մոսկվայում այս ամենը շատ լավ հասկանում են եւ չեն կարող դրան հանգիստ վերաբերվել: Ուստի, ՌԴ-Արեւմուտք սրացումը խորանալու է եւ, առաջին հերթին, Հայաստանի համար նոր մարտահրավերներ է ստեղծելու»:

Արդեն հոկտեմբերի 12-ին, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է իր դիտորդներին ուղղարկել Հայաստան, սակայն դրա համար անհրաժեշտ է կազմակերպության որոշումը. դրա համար անհրաժեշտ է, որ ՀԱՊԿ նախագահողը կազմակերպության անվտանգային խորհրդի նիստ գումարի: «Այն հիմա ՀՀ-ն է, ուստի երբ ժամանակ լինի, մենք պատրաստ կլինենք հավանություն տալ նման առաքելությանը, եւ այն կանցնի իր աշխատանքների կատարմանը»,-ասել է ռուս դիվանագետը՝ վստահեցնելով, որ իր երկիրը պատրաստ է ցանկացած պահի նման նիստ անցկացնել՝ առցանց ռեժիմով:

Թե պաշտոնական Երեւանն ի՞նչ քայլեր կձեռնարկի, առաջիկա օրերին պարզ կդառնա: Ըստ ՀՀ ԱԳՆ-ի, ռուսական կողմի նախաձեռնությամբ, հոկտեմբերի 14-ին Աստանայում նախատեսված է անցկացնել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Այս հանդիպումից ի՞նչ սպասել՝ հարցին, Աննա Կարապետյանը պատասխանում է. «ՌԴ-ն, այդ թվում՝ այս հանդիպման միջոցով, փորձելու է վերականգնել իր ազդեցությունը Հայաստան-Ադրբեջան երկխոսության վրա եւ առաջ մղել մինչեւ այդ ՌԴ միջնորդությամբ մեկնարկած գործընթացները՝ ցույց տալու համար իր միջնորդության արդյունավետությունն ու իր չնվազող ազդեցությունը գործընթացների վրա»:

Ի դեպ, 2008 թվականի ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո, հոկտեմբերի 1-ից, ԵՄ-ն անզեն քաղաքացիական դիտորդային առաքելություն է իրականացնում ռուս-վրացական սահմանի երկայնքով՝ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հետ շփման գծի երկայնքով, 24/7 ռեժիմով: Առհասարակ, ԵՄ-ն 11 երկրներում նման առաքելություն ունի: Առաքելությունը Վրաստանում սկսեց իր աշխատանքը՝ ՌԴ-ի եւ Վրաստանի միջեւ 6 կետանոց համաձայնության ստորագրումից երկու շաբաթ անց: Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կազմակերպած՝ հակամարտությունների թեմայով Վրաստանում լրագրողական շրջայցի շրջանակներում, հայաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ԵՄ դիտորդային առաքելության գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Կլասս Մայսը հայաստանցի լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ վեց կետանոց համաձայնագրի ստորագրումից առ այսօր ՌԴ-ն դրա որոշ կետեր չի կատարել. դրանցից մեկն էլ զորքերի՝ ելման դիրքեր հետքաշման կետն է: Ըստ առաքելության ներկայացուցչի, Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի կողմից սահմանագծի երկայնքով պատեր են կառուցվել, ինչը բարդացնում է քաղաքացիների տեղաշարժը: Հարավային Օսեթիայի հատվածում, մինչեւ 2019 թվականը գործել է տեղաշարժի ազատ կետ, հետո փակվել է, որից հետո, առաքելությանը հաջողվել է առանձին դեպքերում, հիմնականում կրոնական տոնակատարությունների ժամանակ, ապահովել մարդկանց տեղաշարժ: Այժմ, առաքելության միջնորդությամբ համաձայնություն է ձեռք բերվել՝ ամեն ամսի 20-30-ը սահմանի որոշակի հատվածում մարդկանց ազատ տեղաշարժի հնարավորություն տալու վերաբերյալ: Մեր զրուցակցի փոխանցմամբ, առաքելությունը հաջողել է, քանի որ գլխավոր նպատակը՝ կայունության ապահովում, ստացվել է: Փոխրաձգությունների առավել ակտիվ շրջանը եղել է 2008-ի հետպատերազմյան շրջանը, այնուհետեւ, առաքելությունը հիմնականում կայունություն է արձանագրել՝ բացառությամբ մի քանի առանձին դեպքերի, որոնք մեծ աղմուկ են բարձրացրել եւ առանձին ուսումնասիրության առարկա են: Առաքելության ներկայացուցչի արձանագրմամբ, ուկրաինական պատերազմի ֆոնին, շփման գծի այս հատվածներում, կողմերն առավել զգոն եւ զգույշ են դարձել, բանակցություններում կիրառվող հռետորաբանությունն էլ առավել դիվանագիտական է դարձել: Առաքելությունում գործում է «թեժ գիծ». գործունեության օրվանից առ այսօր «թեժ գծով» ստացվել է 17. 860 զանգ: Ամենաշատ զանգերը եղել են 2020-ին՝ 2019-ին միայն ազատ տեղաշարժի կետի փակվելուց հետո, 2022-ի զանգերը մոտենում են 2000-ի: Զանգերի հիմնական մասը պայմանավորված է սահմանախախտների հետ կապված հարցերի հետ:

Իր դիտարկումների արդյունքները առաքելությունը փոխանցում է ԵՄ-ին, որն էլ, դրանց հիման վրա, հստակեցնում է տվյալ երկրում կամ տարածաշրջանում իր քաղաքականությունը:

Արցախի ճակատագրի՝ ռուսական եւ արեւմտյան տեսլականները

Ուշագրավ էր, բայց Պրահայի հանդիպումից օրեր անց, ռուսական մամուլը արտահոսքեր տպագրեց՝ ներկայացնելով թե ի՞նչ հայեցակարգեր են առաջ քաշում Մոսկվան ու Եվրամիությունը հայ-ադրբեջանական կարգավորման գործում: Ըստ այդմ, հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակը ենթադրում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բոլոր առկա խնդիրների լուծում, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է հետաձգվի, որին հայկական կողմը համաձայնություն է տվել, իսկ Ադրբեջանը մերժել է՝ պատճառաբանելով, որ Ղարաբաղի հարցը Բաքուն լուծված է համարում: Մոսկվան էլ առաջարկել է՝ Ղարաբաղի հարցը շոշափել ոչ թե հենց պայմանագրում, այլ դրան կից լրացուցիչ արձանագրություններում: Առայժմ հայտնի չէ, թե ինչպես են դրան արձանագրել Բաքուն ու Երեւանը: Եվրոպական բանաձեւը առավել համապարփակ է, եւ դրանում որեւէ կերպ արձանագրված չէ Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Բրյուսելը հանդես է գալիս Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ ուղիղ երկխոսության օգտին՝ առաջարկելով դրանում միջազգային դերակատարների ներգրավվածության որոշակի մեխանիզմներ: Սակայն թե ինչպես պետք է դա իրականացվի՝ հաշվի առնելով, որ Ղարաբաղում տեղակայված են ռուս խաղաղապահներ, եւ Ռուսաստանը կտրուկ դեմ է հանդես գալիս դրան, հասկանալի չէ:

Այս առնչությամբ էլ, փորձագետն ասում է. «Բնականաբար, չենք կարող պաշտոնապես չհաստատված տեղեկատվության վերաբերյալ որեւէ եզրակացություններ կամ դատողություններ անել, սակայն տրամաբանությունը հուշում է, որ, այո, այսօր Ռուսաստանի եւ Արեւմուտքի մոտեցումները Խաղաղության պայմանագրին տարբեր են՝ ելնելով իրենց շահերից: Արեւմուտքը ցանկանում է օր առաջ հասնել ամրագրմանը, որ Հայաստանը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ որեւէ խնդիր չունի: Դրա հաջորդ քայլը կլինի Հայաստանում ՌԴ ռազմական բազայի գոյության իմաստը հարցականի տակ դնել եւ, ընդհանրապես, ռուսական ռազմական ներկայությունը տարածաշրջանում զրոյացնելու ուղղությամբ աշխատանք սկսելը: ՌԴ-ն, ընդհակառակը, փորձում է որոշ տարածաշրջանում կայունություն ապահովելով եւ որոշ հարցերի լուծում տալով հանդերձ պահպանել իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում: Այս երկու նպատակներից էլ բխում է Արցախի եւ Արցախյան հակամարտության վերաբերյալ ՌԴ-ի եւ Արեւմուտքի մոտեցումների տարբերությունը»:

Ինչ վերաբերում է այն մոտեցմանը, թե իբր Արցախը պետք է Ադրբեջանի հետ ինքնուրույն քննարկի իր ապագային վերաբերող հարցերը, սրա կենսունակությունը գնահատելու համար, Աննա Կարապետյանը խորհուրդ է տալիս ընդամենն ընթերցել մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահի արած հայտարարությունները. «Նա ուղիղ տեքստով ասում է, որ Արցախն իր տարածքն է, իսկ այն հայերը, որոնք չեն ցանկանում ինտեգրվել ադրբեջանական հասարակությանը, կարող են հեռանալ: Այսինքն, վերահաստատում է, որ Ադրբեջանին Արցախը պետք է առանց հայերի: Այս պարագայում ի՞նչ միջազգային միջնորդության, ի՞նչ քննարկումների կամ բանակցությունների մասին է խոսքը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. بهنام says:

    Իրանցիները պատմության ընթացքում երբեք չեն ոչնչացրել հայերի քաղաքակրթությունը, լեզուն և մշակույթը, թեև թուրքերի, մոնղոլների և արաբների արշավանքը մեծ հարված հասցրեց երկու երկրներին, սակայն փառավոր ընդհանուր պատմությունը, որը մենք ունեցել ենք որպես ազգ, տեսանելի է լեգենդներում և լեգենդներում: Երկու երկրներն էլ կռվել են օսմանցիների դեմ։ Միայն թուրք քաջարների մի քանի թագավորների վատ պահվածքի պատճառով էր, որ իրանցիները ատում էին նրանց և ռուսների կողմից ձեր քրիստոնեության չարաշահման պատճառով երկու ազգերի միջև անջրպետ առաջացավ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31