Հոկտեմբերի 6-ին Պրահայում Եվրոպական համայնքի գագաթաժողովի շրջանակում հանդիպեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Հանդիպումը լայն արձագանք գտավ Հայաստանում, Թուրքիայում, Ռուսաստանում, ինչու չէ՝ նաեւ արեւմտյան երկրներում, տարաբնույթ մեկնաբանություններում։
Երկկողմ հանդիպումից առաջ այդ հարցը մի քանի կցկտուր տեղեկություններով շրջանցող թուրքական լրատվամիջոցները հանդիպման ավարտին այն լայնորեն լուսաբանեցին։ Նույնը վերաբերում է ռուսականներին։ Գալով հայկական լրատվամիջոցներին, ըստ երեւույթին չստանալով անհրաժեշտ տեղեկատվություն իշխանություններից, չկարողացան պատշաճ մակարդակով լուսաբանել։ Մինչդեռ նախատեսվող հանդիպմանը, բացի մեր լրատվամիջոցներից, ակտիվորեն անդրադառնում էին նաեւ իշխանության բարձրագույն ներկայացուցիչները, այն էլ ամենաբարձր մակարդակով։ Ստեղծվել էր այնպիսի տպավորություն, թե Փաշինյան-Էրդողան հանդիպման շահագրգիռ կողմը հենց Հայաստանն է։ Հանդիպումից հետո, սակայն, պատկերը փոխվեց։
Ինչո՞վ բացատրել դա։ Ըստ երեւույթին հանդիպման ոչ հայանպաստ ընթացքով եւ օրակարգի հարցերի՝ մեր հանրապետության համար ավելի քան անբարենպաստ բնույթով։
Համենայնդեպս թուրքական «Միլլիյեթ»-ի մեջբերմամբ հանդիպումից հետո Էրդողանն ասել է. «Հայաստանի վարչապետ մեծարգո Փաշինյանի հետ հանդիպում ենք ունեցել։ Ես անկեղծորեն հավատում եմ, որ տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների սկզբունքով հասնելու ենք հարաբերությունների լիարժեք նորմալացման մեր նպատակին։ Հատուկ ներկայացուցիչների միջոցով փոխադարձաբար շարունակվում են բանակցությունները։ Մենք էլ մեր այսօրվա հանդիպումն անցկացրել ենք ջերմ մթնոլորտում։ Հանդիպման ընթացքում խնդրո առարկա դարձան որոշ պահանջներ։ Դրանց առնչությամբ հանձնարարականներ ենք տվել ինչպես հատուկ ներկայացուցչին, այնպես էլ մեր արտգործնախարարին»։ “Timeturk”-ը պահանջների առնչությամբ հավելում է «Միլլիյեթ»-ին, թե բանակցությունների ավարտին (հավանաբար նկատի է ունեցել հատուկ բանագնացներինը) թուրքական կողմը կկատարի անհրաժեշտ քայլերը, իսկ INTERFAX.RU-ն հաստատում, նշելով հանդիպման ավարտին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Էրդողանի ունեցած հեռախոսազրույցի մասին։
Կարդացեք նաև
Փաշինյան-Էրդողան հանդիպմանն անդրադարձել է նաեւ «Աքշամ» թերթը, որի փոխանցմամբ Էրդողանը մատնանշել է. «Մենք (Հայաստանի առջեւ) որեւէ պայման չենք դնում, եթե հաշտության պայմանագիր ստորագրեն Ադրբեջանի հետ, ապա ինքնըստինքյան կվերանան բոլոր խնդիրները»։ “CNN Turk”-ը, նշելով Ալիեւի մասնակցությամբ տեղի ունեցած ոչ պաշտոնական եռակողմ հանդիպման մասին, ընդգծում է Հայաստան-Ադրբեջան, այսպես կոչված, հաշտության պայմանագրի ստորագրման վերաբերյալ Էրդողանի հետեւյալ դիրքորոշումը. «Հաշտության պայմանագիրը ստորագրվելու է Թուրքիայի միջնորդությամբ»։
Որքան է հավաստի թուրքական հեռուստատեսության այս տեղեկությունը, դժվար է ասել։
Հակոբ ՉԱՔՐՅԱՆ
Թուրքագետ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում: