Aravot.am-ի տեղեկություններով, հոկտեմբերի 12-ին քննչական բաժնից ստացվել է Ասքանազ Գևորգյանի դիմումը՝ հասցեագրված ՀՀ գլխավոր դատախազին այն մասին, որ ինքը հանդիսանում է հանգուցյալ հորեղբոր՝ Վազգեն Գևորգյանի կողմից գրաբարից աշխարհաբար թարգմանած Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի հեղինակային իրավունքի իրավատերը, սակայն «Ավրորա Պրինտ» ՍՊԸ-ն եւ «Կռունկ տպագրատունը» առանց իր հետ հեղինակային պայմանագիր կնքելու՝ տպագրել, տարածել եւ վաճառել են նշված պոեմը: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանության համար կապվեց «Ավրորա Պրինտ» ՍՊԸ տնօրեն Լևոն Աթանյանի ներկայացուցիչ Արման Աթանյանի հետ:
«Ինքը միայն դատախազություն չի դիմել, երկու տարի է՝ դիմել է քննչական, ոստիկանություն, հարկային, ՊԵԿ եւ այլ ատյաններ: Առաջին տարին եկավ մեզ մոտ, թղթերը կիսատ էր բերել, իրեն վճարում արեցինք, ասացինք՝ հաջորդ տարի ամբողջ թղթերը բերեք: 2020 թ հոկտեմբերի սկզբներին՝ պատերազմի թեժ օրերին, գիշերը 11-ին զանգեց, թե պայմանագիրն ավարտվում է, ի՞նչ եք մտածում: Այն ժամանակ ասացինք, հիմա գիշերվա հազարն է, զանգեք նորմալ ժամի, պայմանավորվենք, դրանից հետո ինքը դիմել է տարբեր տեղեր: Գնացել, բացատրություններ ենք գրել»,-ասաց Արման Աթանյանը:
«Ինքը եկել եւ ասում է՝ ես ժառանգ եմ: Ասել ենք, եթե ժառանգ եք համապատասխան հիմքեր բերեք, որովհետեւ չենք կարող ֆիրմայի անվան տակ ձեզ գումար վճարել ու վաղը հարկայինի հետ խնդիրներ ունենալ: Ես նույնիսկ իրեն տարել եմ նոտար, որ կոնսուլտացիա անենք, ինքը այնտեղ իրեն վատ պահեց, նոտարի վրա սկսեց գոռգոռալ, թե օրենք չգիտի:
Նոտարն ասաց, որ պետք է գրանցվի, այլապես չենք կարողանա գումար տալ, ինքը հրաժարվեց գումար ծախսել եւ նոտարում գրանցում անել: Իրեն մենք վճարումն առաջին տարին արել ենք՝ պայմանով որ ամբողջական փաստաթղթեր բերի, հիմք բերի, որ Վազգեն Գեւորգյանի հեղինակայինն թարգմանությունն է սա, ու ինքն էլ ժառանգն է: Չէ՞ որ օդի մեջ հիմնարկից չես կարող ինչ-որ մեկին փող տալ»,-հավելեց Աթանյանը:
Ասաց նաեւ, որ Ասքանազ Գեւորգյանը դատի է տվել նաեւ«Կռունկին», եւ այժմ դատարանում է գործը:
«Ինքը «Հայհեղինակից» ուղղակի տեղեկանք է բերել, որ Վազգեն Գեւորգյանը հանդիսանում է մի շարք գրական ստեղծագործությունների հեղինակ: Ես «Հայհեղինակին» դիմեցի, որ գոնե իրենք մի թուղթ տան, որ Վազգեն Գեւորգյանը հանդիսանում է «Մատյան ողբերգության» պոեմի թարգմանության իրավատեր, որի հիման վրա իր եղբորորդին կարող է ժառանգ համարվել: Իր փոխարեն ես եմ փորձել իր համար հիմքեր ստեղծել: Դրանից հետո «Հայհեղինակը» մեզ պատասխանեց, որ իրենք գրանցող կազմակերպություն չեն, ընդամենը տեղեկանք են տալիս, որ Վազգեն Գեւորգյանը մի շարք ստեղծագործությունների հեղինակ է: Հետո էլ այդ թղթով Ասքանազ Գեւորգյանը նոտար է գնացել, որ համարվում է ժառանգ, ասել ենք, որ տար ու գրանցի մտավոր սեփականությունում, մեզ ժառանգության թուղթ բեր հիմնավորված, դատարանի վճռով, որ քեզ կարողանանք վճարել»,-հավելեց մեր զրուցակիցը:
Ասաց նաեւ, որ Ասքանազ Գեւորգյանը Վազգեն Գեւորգյանի թարգմանությամբ՝ Նարեկացու «Մատյան ողբերգության պոեմը» հրատարակած այլ հրատարակչությունների էլ է դատի տվել, այդ թվում՝ ՄՀՄ գրատուն ընկերությանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հ.Գ. Ասքանազ Գեւորգյանի հետ կապվել չհաջողվեց, պատրաստ ենք ներկայացնել նաեւ նրա տեսակետը: