«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Վերջին 4 օրերին Բրյուսելում քաղհասարակության մի շարք ներկայացուցիչների հետ Եվրամիության խորհրդարանի պատգամավորներին եւ Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացրել ենք Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական սարսափելի հանցագործությունները, զինվորների եւ քաղաքացիական անձանց վայրագ խոշտանգումներն ու հայատյացության այլ դրսեւորումներ, Ալիեւի քաղաքականության, Արցախում էթնիկ զտման վտանգները, ադրբեջանաթուրքառուսական հանցավոր ալյանսի ծրագրերն ու Հայաստանի սուվերենության դեմ հարձակումները։
Պետք է շեշտեմ, որ գրեթե բոլոր մակարդակներում, այդ թվում ամենաբարձր որոշում կայացնողների շրջանակներում հստակ առկա էր մոտեցում.
– Հայաստանի պետական սահմանների եւ սուվերեն տարածքի դեմ իրականացված ադրբեջանական ագրեսիան անընդունելի է եւ տարածքային ամբողջականության վերականգնումն անխուսափելի պահանջ է։
Կարդացեք նաև
– ԵՄ-ն չի ընդունելու եւ թույլ չի տալու որեւէ ճանապարհ, որը կխախտի ՀՀ տարածքային ամբողջականությունը, էքստերիտորիալ ճանապարհի (միջանցք հորջորջվող) Ալիեւի պնդումները ԲԱՑԱՐՁԱԿ ընդունելի չեն եւ այս մասին խստորեն զգուշացվել է դիկտատորը։
– Արցախի հարցը փակված չէ եւ Արցախի ժողովրդի անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունը պետք է ապահովվի, առկա է ընկալում, որ արցախցիները չեն կարող մնալ Ալիեւի դիկտատուրայի հայեցողությանը եւ իր պնդումները, թե դա իր ներքին հարցն է ու ինքն է լուծելու հարցերը` ընդունելի չեն։
– Դեմարկացիա եւ դելիմիտացիայի գործընթացը չի կարող լինել ուժի գործադրման մշտական ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ներքո եւ այս առումով խիստ կարեւոր է ավելի ընդլայնել եւ երկարաձգել ԵՄ մոնիտորինգային առաքելությունը։