Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Հայաստանը լուռ է կամ՝ առավել հստակ՝ հրապարակավ չի դատապարտում Բեռլինի լռությունը, գերմանացիներին չի ազատում բարոյական պարտքից. «Ազգ»

Հոկտեմբեր 14,2022 11:27

Հոկտեմբերի 11-ին ԳԴՀ արտգործնախարար Աննալենա Բերբոքը Գերմանիայի ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում(ՄԻԽ) վերընտրվելու առիթով հետեւյալն էր ընդգծել՝ «այն կատարյալ հաստատություն չէ, բայց կարեւոր գործիքներից է, որ մեզ՝ միջազգային հանրության ներկայացուցիչներիս հնարավորություն է տալիս պայքարել մարդու իրավունքների հրատապ խախտումների դեմ։ Այն հնարավորություն է տալիս մեզ եւ մեր գործընկերներին ձայն բարձրացնել նրանց համար, որ այդ սեղանի շուրջ նստած չեն։ Օրինակ՝ այն համարձակ կանանց ու աղջիկների, որ Իրանում կյանքի գնով պայքարում են իրենց ազատությունների եւ իրավունքների համար։ Ժնեւում կարող են ապավինել Գերմանիայի ձայնին։ Այն, որ 167 երկիր 3 տարով մեզ վերընտրել է, վստահության ապացույց է, հուսախաբ չենք անի»։

Հայաստանի, Արցախի ժողովրդի, այնտեղ ապրող տղամարդկանց, երեխաների, ծերերի, կանանց կյանքի իրավունքի եւ սպանդի ենթարկվելուց հետո արժանապատիվ հողին հանձնելու իրավունքի մասին որեւէ հիշատակում չարեց Գերմանիայի արտգործնախարարը, այն բանից հետո, երբ ադրբեջանցի զինվորների՝ հայ ռազմագերիներին մահապատժի ենթարկելու գործողության տեսանյութը եզակի չմնաց, իսկ հայ զինվոր կանանց դիակների մասնատումները, խոշտանգումները տարածվեցին սոցցանցերի գերմանագիր տիրույթներում։ Եւ ոչ միայն։ Գերմանահայկական իրավաբանների միությունը բոլոր դեպքերը ներկայացրել է հանրային հարթակում, մասնագիտական գնահատական կցել, եւ դժվար է լուռ մնալ, եթե բարոյականության շապիկը դեռ չի քայքայվել՝ մտավորի եւ հոգեւորի պահապան թաղանթ որպես։

Միգուցե այս անգամ չանդրադառնայի ԳԴՀ արտգործնախարարի ճառին եւ դրանում արտահայտածի երկակի ստանդարտներին, եթե մեկ օր առաջ նախորդած չլիներ նրա խոսնակի՝ խայտառակ, ամոթալի, երկյուղած վարքը, որ ստույգ ներկայացնում եմ ստորեւ։

Հոկտեմբերի 10-ին ԳԴՀ կառավարության մամլո ասուլիսի ժամանակ արտգործնախարարության խոսնակ Վագներին գերմանացի լրագրողը հարց ուղղեց՝ «Ադրբեջան-Հայաստան հակամարտությանը կամ պատերազմին է վերաբերում հարցս. ԵՄ-ն առաքելություն է ուղարկելու սահման։ Գերմանիան մասնակցելո՞ւ է այդ առաքելությանը։ Եթե՝ այո, ի՞նչ ձեւով»։

Խոսնակը նախ փորձեց վերաբերմունք արտահայտել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայացած հանդիպման առիթով՝ «Մենք այսպես ասած ողջունում ենք այն։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առաքելություն տեղակայելու սկզբունքային համաձայնությունը փոքր առաջընթաց է եւ հաջողություն ԵՄ դիվանագիտության համար։ Հիմա, իհարկե, նախ պետք է մանրամասները ճշտվեն ԵՄ-ի շրջանակներում։ Մեր տեսանկյունից, սակայն, կարեւոր է, որ այդ առաքելությունն այնուհետեւ արագ գործի»։

Լրացուցիչ հարց տրվեց՝ «առաքելությունն ակներեւաբար պիտի տեղակայվի միայն Հայաստանի սահմանին։ Ինչո՞ւ Ադրբեջանում էլ չի տեղակայվելու։ Արդյոք ԱԳՆ կասկածո՞ւմ է, որ այս դեպքում ադրբեջանական զորքերը մտել են հայկական տարածք, այն է՝ ներկա հակամարտության, պատերազմի նախաձեռնողն են»։

ԳԴՀ ԱԳՆ խոսնակը շեղվեց հարցի ուղիղ պատասխանից, հիշեցրեց, թե առաքելության մանրամասները դեռ պիտի հստակեցվեն, եւ դրանք հստակ լինելու պարագայում կանդրադառնան։

Հաջորդ հարցը, որ տեխնիկական խնդիրների պատճառով խոսնակին տրվեց երկրորդ անգամ, այսինքն՝ սրահի պատերն արդեն որերո՛րդ անգամ «անգիր արեցին», հետեւյալն էր՝ «ԱԳՆ կասկածնե՞ր ունի, որ այս անգամ հակամարտությունը սրվել է ադրբեջանական զորքի Հայաստան ներխուժմամբ։ Կասկածո՞ւմ եք, թե՞ դա ձեր այս պահի իմացությունն է»։

Պատասխանն այս անգամ էլ խուսանավելու ոչ հաջող օրինակ էր՝ «Հրադադարին նախորդած հակամարտության, մարտական գործողությունների վերաբերյալ վաղուց արտահայտվել ենք, ավելացնելու որեւէ բան չունենք»։

Լրագրությունը համառություն է սիրում, հստակ պատասխան ակնկալում, իսկ գերմաներեն լեզուն այդ ճշգրտումը միշտ առաջնային պահանջ է դարձնում, ուստի՝ հետեւեց լրագրողի հստակ հարցը՝ «Առայժմ չգիտեիք, թե Հայաստանը որ երկրից է հարձակման ենթարկվել։ Միանշանակ՝ Ադրբեջանն է ներխուժել Հայաստանի տարածք։ Հիմա սա ընդունու՞մ եք, թե՞ դեռեւս ձեւացնում, որ երկու կողմի միջեւ փոխհրաձգություն է եղել»։

ԱԳՆ խոսնակ Վագները փորձեց փարատել՝ «Այնքան էլ ճիշտ չէ։ Մենք հակամարտությանն անդրադարձել ենք, չեմ կարող հստակ հիշել՝ երբ էր դա, բայց անցյալ շաբաթ էր»։ Վագները հիշատակեց, որ անտարբեր չեն մնացել, արձագանքել են «սոցիալական ցանցերում առկա ադրբեջանցի զինվորների՝ հայ զինվորների վրա հարձակմանը եւ դատապարտել այն», եւ համաձայն չէ լրագրողի այն դիտարկմանը, թե վերաբերմունք, գնահատական չեն արտահայտել։  Հիշեցնենք, որ «Ազգ»ի նախորդ համարում ծանուցել ենք, թե ԳԴՀ ԱԳՆ պատասխանելով Haypress-ի հարցմանը, դատապարտել էր ադրբեջանցի զինվորների՝ հայ ռազմագերիներին մահապատժի ենթարկելու տեսանյութում առկա բռնությունը, բայց ԱԳՆ կայքէջում չի հրապարակում նույն պատասխանը, ինչը շարունակում է ցայսօր, իսկ Վագները վերոբերյալ բանավոր պատասխանի մեջ մի նուրբ դրվագ անտեսում է՝ նրա «ադրբեջանցի զինվորների հայ զինվորների վրա հարձակումը» ձեւակերպումը ճիշտ է իհարկե, բայց ո՞ւմ է խնայում, երբ մոռանում է «հայ ռազմագերիների մահապատիժ» բառակապակցությունը։

Ուշադրություն, նորից գերմանացի լրագրողը լրացուցիչ հարց տվեց՝ «Խիստ քննադատվում է ձեր այն գնահատականը, որ չեք ընդունում, թե ագրեսորն Ադրբեջանն է։ Դուք շարունակում եք դա չընդունել։ Ճի՞շտ է»։

Վագներն այսպես պատասխանեց՝ «Դուք քննադատում եք իմ գնահատականները։ Բայց ես հակամարտության մասին այլեւս ասելիք չունեմ։ Համենայնդեպս անդրադառնում եմ նրան, ինչ արդեն ասել ենք»։

Ի՞նչ պահանջենք այսպիսի խոսնակից, որին հրամայված է կա՛մ՝ հրահանգված, կա՛մ՝ պատվիրված, որ Ադրբեջանին ագրեսոր ճանաչելու, Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու ձեւակերպում հանկարծ չանի։

Եթե Հայաստանը լուռ է կամ՝ առավել հստակ՝ հրապարակավ չի դատապարտում Բեռլինի լռությունը, բավարար համարելով այն հանգամանքը, որ ցուցապաստառներն այնուամենայնիվ հեռացվել են պարիսպներից, գերմանացիներին բնավ չի ազատում բարոյական պարտքից։

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31