Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ Գողգոթան» թարգմանվել է պարսկերենի

Հոկտեմբեր 14,2022 11:10

Իրանում լույս է տեսել Գրիգորիս Ծայրագույն Վարդապետ Պալաքյանի «Հայ Գողգոթան» հուշագրության պարսկերեն թարգմանությունը։ Հուշագրությունը Հայոց Ցեղասպանության ականատեսի վկայությունն է և պատմական ուսումնասիրության կարևոր աղբյուր է։ Գիրքը պարսկերենի է թարգմանել Նորայր Մեհրաբյանը և խմբագրել է Գարուն Սարգսյանը։ Մեհրաբյանը պարսկերեն լեզվի իրանահայ լավագույն գիտակներից է և Իրանում Հայաստանի դեսպանության թարգմանիչն է։ Գարունը անվանի թարգմանիչ է և մոտ քսան թարգմանչական գործի հեղինակ է։

Գիրքը հրատարակել է Իրանի «Հոզե Մաշղ» հրատարակչականը՝ Հայաստանի Հանրապետության դեսպանության հովանավորությամբ․ բաղկացած է 550 էջից (14*20 սմ չափսով):

Գրքի սկզբում զետեղված են Իրանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանի և Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գրիգոր արքեպիսկոպոս Չիֆթճյանի ողջույնի խոսքերը, հրատարակչի և թարգմանչի նախաբանը, ապա 36 առանձին գլուխներով ներկայացված են Հայերի Ցեղասպանության ականատես Գրիգորիս Պալաքյանի վկայությունները։

Վարդապետ Պալաքյանը հայ մյուս մտավորականների հետ 1915 թվականին ձերբակալվել և աքսորվել է։ Ապա ծպտյալ գերմանացու տեսքով հրաշքով ազատվել է, երկու տարի հետո վերադարձել է Պոլիս, ապա տեղափոխվել է Եվրոպա։ Ծառայել է որպես հայ համայնքների հոգևոր առաջնորդ։ Հեղինակի վկայություններն արժեքավոր են՝ որպես հայ ժողովրդի մեծ ողբերգության ականատես և վերապրող։ Նա Կոմիտասի, Գրիգոր Զոհրաբի, Վարդգեսի, Սիամանթոյի, Ակնունու, Ռուբեն Սևակի և հազարավոր աքսորականների տառապանքների վկան է եղել․ Բեռլինում մասնակցել է Սողոմոն Թեհլիրյանի դատավարությանը և իր վկայություններով մերկացրել է երիտթուրքերի հայաջինջ քաղաքականությունը։

Նորայր Մեհրաբյանի այս գործը հարստացնում է Հայոց Ցեղասպանության մասին պարսկերեն լեզվով ունեցած մեր աղբյուրները։ Իրանում մինչ այժմ ավելի քան երեսուն գիրք է հրատարակվել Հայոց Ցեղասպանության մասին․ հիշենք դրանցից Ջամալ Զադեի, Էսմայիլ Ռայինի, Ֆրանց Վերֆելի, Նիկոլայ Հովհաննիսյանի․ Արտեմ Օհանջանյանի, Թաներ Աքչամի, Սամանթա Փավերի, Արա Սարաֆյանի, Ժան Մարի Գարզոյի, Առնոլդ ԹոյնԲիի, Մայքլ Արլենի, Քյամալ Յալչինի և Անտոնիա Արսալանի գործերը։

Գրիգորիս Պալաքյանի «Հայ Գողգոթան» հուշագրության պարսկերեն թարգմանությունը կարևոր և հավաստի աղբյուր կարող է հանդիսանալ Հայոց Ցեղասպանության պատմությունն ուսումնասիրող պարսկալեզու ընթերցողների համար։

Տիգրան ԴԱՎՈՒԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31