Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Աստանայում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ եռակողմ հանդիպմանը հայտարարել է, որ ակնկալում է քննարկել 2020թ. և 2021թ. եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը:
«Ելնելով նրանից, որ ժամանակն արագ է թռչում, իրադարձությունները բավականին սրընթաց են զարգանում, ես կարծում եմ, որ այսօր շատ հարմար առիթ է շփվելու այդ թեմայով և տեսնելու՝ ինչ մենք կարող ենք զեկուցել մեր առաջնորդներին եռակողմ պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ, որոնք նրանք ստորագրել են»,- ասել է Լավրովը բացելով արտգործնախարարների եռակողմ հանդիպումը:
Նա համոզմունք է հայտնել, որ հանդիպմանը կհաջողվի «ավելի լավ հասկանալ՝ ինչպես առաջ շարժվել»:
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն իր հերթին ասել է, որ եռակողմ ձևաչափով վերջին հանդիպումից հետո այս տարվա մայիսին տեղի են ունեցել մեծ թվով շփումներ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:
Կարդացեք նաև
«Ինձ թվում է, որ այդ առումով օգտակար կլիներ բանակցել, քննարկել հարցեր, այն զարգացումը, որը եղել է այս ընթացքում: Առնվազն մեր կողմից մենք շեշտը կդնենք հետպատերազմյան կարգավորման այն չափման վրա, որի համար անմիջապես պատասխանատու են արտգործնախարարները. դա խաղաղության պայմանագրի հարցն է, որի շուրջ մենք վերջերս հանդիպում ենք ունեցել»,- ասել է Բայրամովը:
Նա հավելել է, որ օգտակար կլիներ բանակցել նաև «խաղաղ կարգավորման այլ հարցերով էլ, որոնց թվում են պետական սահմանի սահմանազատումը, հաղորդակցությունների բացումը», ինչպես նաև հումանիտար բնույթի հարցեր:
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ ասել է, որ հանդիպումը համարում է լավ հնարավորություն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման խնդիրը լուծելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համար՝ համաձայն երեք երկրների առաջնորդների հայտարարությունների:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ