Հարցազրույց Հայ առաքելական եկեղեցու Գեղարքունիքի թեմի առաջնորդական տեղապահ Պարթեւ վարդապետ Բարսեղյանի հետ
– Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը պարբերաբար կարծիք, մտահոգություններ են հայտնում, իրավիճակը մեկնաբանում, Դուք ինչո՞ւ նման ձեւով հանդես չեք գալիս, իրավիճակից դուրս գալու ուղիներ չեք առաջարկում, Ձեր կարծիքն իրավիճակի վերաբերյալ չեք արտահայտում։ Այս իրավիճակից դուրս գալու ի՞նչ ելքեր եք տեսնում։
– Ես ելք եմ տեսնում գնալը, տեղում բնակչի կողքին գտնվելը, քաջալերելը, ոգի տալը, պատգամ տալը, հոգեւոր խնամք ցուցաբերելը եւ կարծում եմ՝ մեր թեմն այդ իմաստով իր հոգեւոր առաքելությունն իրականացնում է։ Ես կարծում եմ՝ ամեն մեկը պետք է լինի իր տեղում, եւ եթե այս պարագայում եւ առավել եւս, որ այդ իրադարձությունները մեր թեմի տարածքից ներս են, մենք գտնվում ենք այնտեղ՝ առաջին հերթին թե՛ բնակչի եւ թե՛ զինվորի կողքին։ Սեպտեմբերի 13-ին, երբ դեպքերը տեղի ունեցան, մի քանի հոգեւորականներով անմիջապես այցելեցինք Վարդենիս եւ տեսակցեցինք թե՛ հոսպիտալում գտնվող վիրավորված զինծառայողներին, թե՛ Սոթքի զորամասի հրետակոծության հետեւանքով տարբեր տեղերում տեղակայված զինվորականներին եւ թե՛ բնակիչներին։ Այս իմաստով ես կարծում եմ՝ մեր առաքելությունը բավարար է․ մենք պետք է լինենք այնտեղ, որտեղ մեր ժողովուրդը մեր կարիքն ունի։ Դրանից առավել, ինչ-որ հասարակական կարծիք հնչեցնելու հետ կապված, մենք մեր առջեւ հատուկ նպատակ չենք դնում: Երբ առիթը լինում է, ժողովրդի հետ մեր հանդիպումների ժամանակ, մեր քարոզների ժամանակ այդ խոսքը հնչում է։ Ես չպիտի առանձին մի խոսափող վերցնեմ կամ հասարակական մի վայր կամ լրատվամիջոց եւ հատուկ ուզենամ իմ խոսքը շեշտադրել։ Հոգեւորականի համար թիվ 1 վայրը, որտեղ իր խոսքը պիտի հնչի, եկեղեցու խորանն է, եւ մեր խոսքը միշտ էլ հնչում է այնտեղից։
– Եկեղեցին հայտարարել էր, որ օրվա իշխանությունները պետք է հեռանան, քանի որ երկիրը կործանման են տանում, առանձին հոգեւորականներ էլ են պարբերաբար բարձրաձայնում։ Ձեր դիրքորոշումը ո՞րն է։
Կարդացեք նաև
– Ես իմ հոգեւոր դասին հետեւյալ հորդորն եմ տալիս, որ հասարակության մեջ, հասարակական կյանքում, ընկերական կյանքում ինչ բացթողում, թերություն տեսնում են, մատնանշեն, անկախ նրանից՝ կապված կլինի օրվա իշխանությունների գործունեության հետ, թե ոչ։ Կարծում եմ՝ եթե մենք այդ բացթողումները, այդ թերությունները, այդ առողջ քննադատությունը հնչեցնում ենք, ապա դա արդեն դիրքորոշում է՝ կուզեք օրվա իշխանությունների հանդեպ կամ որեւէ մեկի հանդեպ, եւ, կարծում եմ, ժողովուրդը սրանով պիտի կողմնորոշվի: Եվ եթե հոգեւորականը որեւէ երեւույթի, իրադարձության հետ կապված կարծիք տվեց, դա բավական է՝ կարծիք կազմելու, թե այդ հոգեւորականն ինչ դիրքորոշում ունի։ Բայց դրանից այն կողմ քայլ անել եւ քաղաքական ուժերի շեշտադրում անել, թե այս քաղաքական ուժին հարեք, այս քաղաքական ուժին մերժեք, այս կուսակցությունն ընդունեք, մյուսը մերժեք, ես կարծում եմ՝ դա հոգեւորականի առաքելության մեջ չի մտնում։ Քանի որ հոգեւորականի դիրքորոշումը՝ որեւէ իրադարձության հետ կապված, արդեն իսկ խոսում է այն մասին, թե ինքն ինչ վերաբերմունք ունի տվյալ արատավոր երեւույթի նկատմամբ, դրանից ավելին, կարծում եմ, հոգեւորականը բան չունի արտահայտվելու։
– Ձեր այդ տեսակետն արդյոք չի՞ հակասում այն փաստին, որ Վեհափառ հայրապետը Վեհարանում հանդիպեց նախկին նախագահների հետ, որոնք օրվա իշխանության ընդդիմությունն են։
– Չեմ կարծում։ Այն, ինչ Վեհափառի կողմից նախաձեռնվեց, ազգային միասնություն հանդես բերելու փորձ էր, որպեսզի բոլոր երեւելի դեմքերը՝ քաղաքական ու հասարակական, միախմբվեին առաքելական եկեղեցու հովանու ներքո, որպեսզի ճանապարհներ, լուծումներ գտնեին՝ այս վիճակից դուրս գալու համար։ Մենք, անշուշտ, շատ ավելի մխիթարված պիտի զգայինք մեզ, եթե այնտեղ տեսնեինք նաեւ օրվա իշխանությունների ներկայացուցիչներին, բայց մենք մանրամասնություններին չենք տիրապետում, թե ինչու այդպես չի եղել։
Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: