Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում արդարության միակ թշնամին փողի նկատմամբ ունեցած պաշտամունքն է

Հոկտեմբեր 14,2022 13:30
dolar

Գաղտնիք չէ, որ մարդկության ի հայտ գալու սկզբից առ այսօր ու հետագայում էլ մշտապես արծարծվել եւ արծարծվելու են արդարության ու անարդարության վերաբերյալ թեմաները, իհարկե, դրանց մասին անվերջ շատ վերլուծություններ են արվել, սակայն մինչ այսօր ոչ արդարությունն է գործում, ոչ էլ երբեւէ՝ թեկուզ կարճ ժամանակով անարդարությունն է վերացել: Արդարության փաստացի չգոյությունը պայմանավորված է միմիայն մարդկային ագահությամբ: Պատմությունից եկող տեղեկատվության համաձայն, հարաբերական՝ ոչ բացարձակ արդարություն եղել ու որոշակիորեն գործել է միմիայն նախնադարյան դարաշրջանում: Դրանից հետո՝ մինչ այսօր ընկած ժամանակահատվածը՝ տարբեր ժամանակներում, տարբեր չափերով գործել եւ մշտապես գործում է մեծ չափերի հասնող անարդարությունն ու միայն հրաշքի պարագայում այն կարող է վերանալ: Բնական հարց է առաջանում, իսկ հնարավո՞ր է գտնել այնպիսի մեխանիզմ, որի միջոցով հնարավոր լինի աստիճանաբար նվազեցնել, հետագայում նաեւ փորձել իսպառ վերացնել անարդարությունը:

Իհարկե, գիտակցում եմ, որ խոսում եմ համարյա անհնար պատահարի մասին, սակայն եթե համարյան կա, որպես դրական ազդակ եւ չնայած անցնող հազարամյակները վկայում են դրա անհնարինության մասին, ապա չափազանց միամիտ կլինի խոսել նման որեւէ մեխանիզմի հայտնաբերման մասին, իսկ մյուս կողմից, քանի որ մարդիկ դարերով աշխատում են անլուծելի խնդիրների լուծման վրա, ինչպես նաեւ լինում են հրաշքներ, ուրեմն իմաստավորված է լրջորեն մտածել նման մեխանիզմ հայտնաբերելու ուղղությամբ, այլ ոչ թե ձեռքները ծալել ու նստել: Միանգամից ասեմ, որ հազարամյակների պատմությունը լոկ վկայում է, որ աշխարհի ցանկացած երկրում այդ ժամանակահատվածում անարդարությունների՝ մասնավորապես կոռուպցիայի դեմ պայքարը շոշափելի՝ լրջմիտ արդյունքներ չի արձանագրել եւ մնացել է ձայն բարբառո հանապատի, հետեւաբար նման ուղղությամբ ռեալ ճանապարհներ հայթայթելուն ուղղված ջանքերի գործադրումը չափազանց անշնորհակալ զբաղմունք է, որից նաեւ որոշակի լուրջ արդյունքներ ակնկալելը բավականին անհավանական է:

Ամեն դեպքում կփորձեմ առաջարկվող թեմայի վերաբերյալ որոշակի մտքեր հնչեցնել եւ դրանցով կիսվել ընթերցողի հետ: Նյութի սկզբում նշեցի, որ անարդարությունը, որի հիմնական հիմքը մարդկային ագահությունն է, որն էլ իր չափով հազարապատիկներով գերազանցում է կենդանական աշխարհի ցանկացած էակի ագահությանը, եկել եւ դրսեւորվել է հազարամյակներ առաջ ու դրա դեմ իրականացված պայքարի բազում մեթոդներ անարդյունավետ եւ համարյա անարդյունք են եղել, որը խոսում է զուտ այն մասին, որ անգամ պետական մակարդակով իրականացվելիք ամենախիստ պայքարը չի կարող վերացնել մարդու ագահությունը, հետեւաբար, նաեւ արդյունավետ պայքար մղել անարդարության դեմ ու փորձել այն արմատախիլ անել:

Ասվածից պարզորոշ բխում է, որ այդ հարցի լուծման համար մնում է միակ ճանապարհը. հույսը դնել մարդկային ինքնագիտակցության վրա, այն է՝ երբեւէ մարդու գիտակցությունն այնքան կաճի, որ վերջապես կհասկանա՝ մարդուն տրված ակնթարթի չափ կյանքում որոշիչը ոչ թե նյութական ունեցվածքն է, այլեւ հոգեկան հարստությունը՝ հոգեւոր արժեքները, որով միայն կարելի է լիարժեք վայելել կյանքը ու հասնել հավիտենական հավերժ կյանքի: Մարդն իրականում Աստծո զավակ է եւ նրա սերումը պետք է համարժեք լինի հենց նման լիարժեք կյանքի, իսկ նյութական արժեքները պետք է լոկ գոյատեւման միջոց լինեն, որոնք մարդկային կյանքում բացարձակապես որոշիչ չեն: Դրանք լոկ գոյատեւման միջոցներ են եւ իրական երջանկության հետ որեւէ աղերս չունեն:

Պատահական չէ նաեւ, որ երեխան լույս աշխարհ է գալիս լիովին մերկ, այսինքն, առանց ունեցվածքի եւ դա օրինաչափ է, քանզի Տերը մարդկանց պետք է երկներ հավասար ու զրոյական ունեցվածքով եւ հենց ծննդյան պահից մարդկանց համար հավասար սկզբնական պայմաններ ստեղծեր: Սա բավարար է, որպեսզի մարդիկ գիտակցեն, որ պետք է ապրեն արդար, հավասար պայմաններում:

Մարդը հավերժում է միայն հոգեպես, իսկ ֆիզիկապես՝ լոկ գոյատեւում է:
Սա է արդարությամբ ապրելու եւ անարդարությանը բացառելու բանաձեւը:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
ՀՀ Ճարտարագիտական
ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
13.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31