«Զուլուն կապի մեջ է» ֆիլմը պատմում է 44-օրա պատերազմի ժամանակ անմահացած փոխգնդապետ Արտակ Մարտիրոսյանի մասին։ Նա 16 տարեկանից նվիրվել է հայրենիքի պաշտպանությանը: Ֆիլմի ռեժիսոր Ռազմիկ Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ֆիլմում կարեւորել է Արտակ Մարտիրոսյանի քաղաքացիական կեցվածքը, որը նա կրել է իր մեջ ե՛ւ որպես հրամանատար, ե՛ւ որպես հայր, ե՛ւ որպես ընկեր, որդի, ու այդ կեցվածքը առավել վառ դրսեւորվել է նրա վերջին մարտի ժամանակը, երբ ընկել են շրջափակման մեջ, Արտակը միայնակ է մնացել հակառակորդի դիմաց, հրաման է տվել, որ վիրավորներին դուրս բերեն շրջափակումից։ Նա իր կյանքի գնով փրկել է իր զինվորների կյանքը։
«Այս ֆիլմը գալիս է ապացուցելու, որ հերոսը կենսագրություն է, ոչ թե բառ կամ ճառ,-ասել է Ռազմիկ Գրիգորյանը, ավելացնելով,- ֆիլմի դրամատուրգիական հիմքում ընկած է կյանքը, ոչ թե մահը, որը բացահայտվում է Արտակ Մարտիրոսյանի ընտանիքի անդամների, հատկապես նրա աղջիկների միջոցով։ Նրանք հոր տեսակի կրողն ու շարունակողն են»։
Ստեղծագործական թիմը ֆիլմի վրա աշխատել է մոտ երկու տարի։ Սցենարի հեղինակը եւ ռեժիսորը Ռազմիկ Գրիգորյանն է, պրոդյուսերը` Անի Երեմյանը, օպերատորներն են` Մխիթար Սերոբյանը եւ Մխիթար Մանուկյանը, հնչյունային ռեժիսորը Դավիթ Դավթյանն է։ Ֆիլմի պրեմիերան նախատեսված է այս ամիս։
Այս ֆիլմն ապրելու եւ ապրեցնելու մասին է, որում կա անեզր սեր ու լույս։
Կարդացեք նաև
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.10.2022