«Առավոտի»՝ «Դատավորների վերաբերյալ գործերով այս «դատարանը» անողոք է» հրապարակումը (28.09.2022) մեծ արձագանքներ ունեցավ: Արձագանքները մասնագիտական շրջանակներից էին, եւ կար մի արձագանք, որպեսզի անդրադառնանք նաեւ ԲԴԽ-ի դատավորների վերաբերյալ գործերով Հատուկ կարծիքներին: Մենք տեղեկացրել էինք, որ այս տարվա հունվարի 12-ից մինչ օգոստոսի 18-ը ԲԴԽ-ն 40 գործ է լսել եւ որոշում է կայացրել: Նկատենք, որ ԲԴԽ-ն դատավորին կամ խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննում է վարչական դատավարության օրենսգրքի կանոններով: Ըստ այդմ, կողմն իրավունք ունի դատարանում դատավարական գործողություններ կատարելու անձամբ կամ մի քանի ներկայացուցչի միջոցով: Յուրաքանչյուր ոք ունի լսված լինելու իրավունք:
ԲԴԽ մամուլի պատասխանատու Լիլիթ Շաբոյանը հայտնեց, որ 2022-ին 6 գործով է հայտնվել Հատուկ կարծիք: Մեր դիտարկումները հետեւյալն էին. 6 գործով հայտնվել է 8 հատուկ կարծիք, 2-ական՝ ԲԴԽ անդամներ Ս. Միքայելյանի եւ Ս. Չիչոյանի կողմից:
Դրանք են՝ 10 հունվարի. Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործով՝ «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ» հիմնադրամի հիմնադիր եւ հետազոտական ծրագրի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի դիմումի հիման վրա: Հատուկ կարծիք է հայտնել Ս. Միքայելյանը:
14 մարտի. Վերաքննիչ դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործով արդարադատության նախարարի դիմումի հիման վրա:
Հատուկ կարծիքներ են հայտնել Դ. Խաչատուրյանը, Վ. Քոչարյանը:
14 մարտի. Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանին՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործով՝ արդարադատության նախարարի դիմումի հիման վրա:
Հատուկ կարծիք է հայտնել Ս. Չիչոյանը՝ որոշման եզրափակիչ մասի վերաբերյալ:
Կարդացեք նաև
12 մայիսի. Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործով՝ քննության առնելով Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ» միջնորդությունը:
Հատուկ կարծիք է հայտնել Գ. Բեքմեզյանը:
6 հունիսի. Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանին՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ, արդարադատության նախարարի միջնորդության հիման վրա:
Հատուկ կարծքը հայտնել է Ս. Միքայելյանը:
23 հունիսի. ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հանձնախմբի միջնորդությունը:
Հատուկ կարծիք են հայտնել Մ. Մակյանը, Ս. Չիչոյանը՝ որոշման եզրափակիչ մասի վերաբերյալ:
Վերջին գործով, ԲԴԽ անդամները բարձրաձայնել էին արդար դատաքննության, դատավոր-«մեղադրյալի» լսված իրավունքից զրկվելու մասին: Նրանք հայտնել էին, որ կիրառվել է Վարդազարյանի նկատմամբ ոչ համաչափ կարգապահական տույժի տեսակ, մինչդեռ պետք էր նշանակվեր ավելի մեղմ պատասխանատվության միջոց՝ նկատողություն:
Առհասարակ, Հատուկ կարծիքներում կարմիր թելի նման անցնում է այն միտքը, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթում օրենսդիրը կարեւոր է համարել այն, որ դատավորի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելիս պետք է հաշվի առնել խախտման բնույթը եւ հետեւանքները, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, դատավորի անձը, առկա տույժերը, եւ այլ հանգամանքներ: Նշյալ գործերով ԲԴԽ-«ներքին դատարանի» հարցադրումը հետեւյալն է եղել. արդյո՞ք դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի/նորմերի խախտումն առերեւույթ պարունակում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ դատավորը ենթակա չէ կարգապահական պատասխանատվության մեղքի բացակայության դեպքում»: Նույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերը համապատասխանաբար սահմանում են. «Արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը: Եվ՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեեւ տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր եւ պարտավոր էր դա անել»:
Չգիտեմ՝ ի՞նչ է տալիս «ներքին դատարանը»՝ ԲԴԽ-ն, «ներքին հատուկ կարծիքները» հարցին ԲԴԽ անդամ Ս. Միքայելյանը պատասխանեց. «Առանձին կարծիքը թույլ է տալիս եզրակացնել, որ կոլեգիալ կարգով որոշում կայացնելիս ԲԴԽ անդամներն իրենց որոշումը կայացնելիս ունեն անկախության բարձր շեմ, ինչը նախկինում չի եղել։ Ասածս վերաբերում է այն իրողությանը, որ ԲԴԽ-ի կողմից կարգապահական պատասխանատվության վերաբերյալ որոշումներ կայացնելիս, ի տարբերություն նախկին ժամանակների, ավելի անկախ է, քան եղել է նախկին ժամանակներում, երբ որոշումները կայացվում էին միաձայն, բացակայում էր Հատուկ կարծիքի ինստիտուտի կիրառումը։ Իսկ ինչ վերաբերում է Հատուկ կարծիքին, ապա այն որոշման վրա ազդեցություն չունենալով հանդերձ, ունի իրավունքի զարգացմանը նպաստող ներգործություն»:
Ողջամիտ դիտորդի համար մի բան ակնհայտ է, որ դատավորներն իրենց մաշկի վրա զգում են այն ամենը, ինչն իրենց դատարաններում զգում են տարատեսակ գործերով անցնողները:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.10.2022