Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է անհետ կորած զինծառայողի հարազատից 5 միլիոն դրամ գումար պահանջելու մեջ կասկածվողը

Հոկտեմբեր 13,2022 23:55

Երեկ տեղեկատվություն տարածվեց այն մասին,  որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, համագործակցելով Շիրակի մարզային վարչության և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների հետ, պարզել են, որ Գյումրի քաղաքի բնակիչ Բ. Պ.-ն,  ներկայանալով որպես ԱԱԾ աշխատակից՝ 5 միլիոն ՀՀ դրամ գումար էր պահանջել  համաքաղաքացի Խ. Գ.-ից՝ նրա ազգականին իբրև թե գերությունից ազատելու և ՀՀ վերադարձնելու գործընթացը կազմակերպելու համար։

Խ. Գ.-ի ազգականը անհետ կորել է 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից իրականացված ռազմական գործողությունների արդյունքում։

Բ․Պ-ն, սակայն, ձերբակալվել էր․ 2022 թվականի հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հսկողության ներքո Խ. Գ-ն պայմանավորված 5.000.000 ՀՀ դրամ գումարից 1.200.000 ՀՀ դրամը Գյումրի քաղաքում փոխանցել է Բ. Պ-ին, որից անմիջապես հետո վերջինս բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ «Կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողության շրջանակներում Բ.Պ-ի մոտից հայտնաբերվել և վերցվել է նշված 1.200.000 ՀՀ դրամը:

Պարզվում է Բ․Պ․ն  աշխատում է ոստիկանության Կումայրի բաժնում, շարքային ոստիկան է։ Նա, ըստ մեր տեղեկությունների,  ոստիկանության այն աշխատակիցն է, որի ցուցմունքի հիման ձերբակալվեց ու դատարանի որոշմամբ  Վանաձորի քրեակատարողական հիմնարկում  7 ամսյա պատիժ կրեց Վարդան Ղուկասյանի որդի՝ Սպարտակը։

Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանը ազատազրկման էր դատապարտվել ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31