Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանին ահաբեկչության մեջ մեղադրող անձանց պետք է օրենքի ողջ խստությամբ ենթարկել պատասխանատվության. Լևոն Բաղդասարյան

Հոկտեմբեր 13,2022 22:33

Փաստաբան Լևոն Բաղդասարյանը գրում է.

«Ղրիմի կամրջին պայթեցված բեռնատարի անցումը Հայաստանով որոշ միջազգային, տեղական լրատվամիջոցներ, քաղաքական, հասարակական գործիչներ, քաղաքացիներ փորձեցին Հայաստանին ներքաշել միջազգային ահաբեկչության մեջ, Հայաստանի քաղաքացուն՝ դրա կատարման մեջ, իսկ հայաստանյան բրոքերական գրասենյակին՝ այն կազմակերպելու մեջ։ Ցավոք, համացանցում դա նայում ու լսում են միլիոնավոր օգտատերեր՝ ձևավորելով խեղաթյուրված  իրականություն։ Իրավամբ, դրանց հեղինակները իրավաբանորեն կամ տգետ են, կամ էլ՝ թշնամի դոնորներից սնվողներ։ Ամեն դեպքում պետական լիազոր մարմինների պարտավորությունն է հարուցել քրեական վարույթ՝ տալու դրանց քրեաիրավական գնահատականը։

Արձանագրում եմ, որ տվյալ բեռնատարը, մուտք գործելով Հայաստան, օրենքով սահմանված կարգով, ըստ պետական լիազոր մարմնի տրամադրած ապացույցների, անցել է ռենտգեն  ստուգում։ Անցակետում գործող ռենտգեն սարքավորումները համապատասխանում  են միջազգային ստանդարտներին, իսկ համապատասխան քննչական փորձարարության արդյունքում կփաստվի, որ ռենտգեն սարքերը ցույց չեն տալիս գլանափաթեթների մեջ թաքցված պայթուցիչները։ Նման դեպքում Հայաստանին ահաբեկչության մեջ  մեղադրող անձանց պետք է օրենքի ողջ խստությամբ ենթարկել պատասխանատվության, ընդհուպ՝ քրեական։

ՀՀ քաղաքացի վարորդի մասով.

Իրավաբանական միջին հեղինակություն ունեցող բարձրագույն դպրոցի ուսանողին, ով անցել է օպերատիվ հետախուզական գործունեություն առարկան, քննելով հայ վարորդի առերևույթ կատարած հանցագործությունը տվյալ գործով, անվերապահորեն կհանգի այն իմպերատիվ եզրահանգմանը, որ կազմակերպիչները հատուկ վարձել  են  երրորդ երկրի բեռնափոխադրողի, որպեսզի գլանափաթեթներն  Ա կետից գումարի դիմաց տեղափոխի Բ կետ, ինչը որ կատարել է։ Իսկ որ գլանաթիթեղի մեջ թաքնված իր կա, հայ վարորդը չէր կարող իմանալ, քանի որ կազմակերպիչները լավ գիտեն, որ թաքնված իրը սահմանակետերում հայտնաբերվելու դեպքում վարորդը պատմելու ու տալու էր կազմակերպիչների կամ դրանց ներկայացուցիչների անունները։ Հայաստանի վարորդ քաղաքացին մեղավոր չէ, իսկ նրա վրա վայրահաչողներին պետք է ենթարկել պատասխանատվության, ինչպես քաղաքացիաիրավական այնպես էլ՝  քրեաիրավական։

Միջնորդ ծառայության հայաստանյան բրոքերական գրասենյակի մասով.

Առերևույթ, հնարավոր է, որ Հայաստանյան տվյալ միջնորդ ընկերությունը կատարած լինի որոշակի օրենսդրական խախտումներ, որպեսզի Եվրոպայից եկած ապրանքը գնա Ռուսաստան, այնքանով, որքանով Ռուսաստանը միջազգային սանկցիաների տակ է, բայց դա բացառապես չի կարող աղերս ունենալ տվյալ արգելված իրի և կատարված ահաբեկչության հետ, ուստի ռուսական իրավապահ մարմինների հայտարարությունը, որ Հայաստանում ինչ-ինչ կեղծիքներ են կատարել, որպեսզի ապրանքը հասնի Ռուսաստան, կարող է վերաբերել վերը նշված փաստաթղթային ձևակերպումներին, որը վերաբերել է բացառապես գրանցված ապրանքներին’ գլանաթիթեղներին։

Ո՞վ է ահաբեկչական ակտի պատվիրատուն.

Ռուսաստանն ու Ուկրաինան գտնվում են պատերազմական իրավիճակում, ռմբակոծվում են ուկրաինական բնակավայրեր։ Իրավամբ, Ուկրաինան հրաժարվեց ստանձնելու տվյալ ակտի պատասխանատվությունը, մինչդեռ որպես պատերազմող, ռուսական ռմբակոծություններից տուժած երկիր, իրավաբանորեն կարող էր հիմնավորել, եթե իր կողմից էր պատվիրվել։ Մինչդեռ, պաշտոնապես հրաժարվեց։ Արձանագրենք, որ նման ֆորմատով, այն է՝ Հայաստանի քաղաքացիով, հայկական բեռնափոխադրումով, հայաստանյան միջնորդ կազմակերպությունով ահաբեկչությունը, այսինքն, մի գնդակով երկու նապաստակ խփելը, ձեռնտու է  բացառապես թուրք ադրբեջանական տանդեմին»։

Նշենք, որ ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է.

«Իշխանական կերակրատաշտակին կպած որոշները, ջանասիրաբար փորձում եմ աղավաղել երեկվա ասուլիսում իմ արտահայտած մի մեծ մտահոգություն:

Մտահոգությունը, որն արտահայտել եմ, եղել է մինչև ՀՀ կողմից տվյալ մեղադրանքի հերքումը: Իմ ասելիքն այն էր, որ շատ վատ է, որ Հայաստանին դաշնակիցը մեղադրում է իր դեմ ուղղված տեռորիստական ակցիային անուղակիորեն ներգրավված լինելու մեջ: Թե ով ի՞նչ է հասկացել` իր մտավոր կարողությունների (դեբիլիզմի) խնդիրն է: Դա ինձ չի հետաքրքրում:
Որքան էլ կազմակերպված ու հրահանգավորված մանիպուլյացնեք, չեք կարողանալու շեղել իրականությունը: Իսկ իրականությունն այն է, որ ձեր կապիտիլյացիոն ու հակահայկական էությամբ հայ ժողովրդին դրել եք բոլոր կողմերց հարվածի տակ:

Հ.Գ. Հատկապես, որ այսօր ԱԱԾ-ն տարածեց տեղեկատվություն, ըստ որի քրեական գործ է հարուցվել այդ գործի հետ կապված հանգամանքները պարզելու ուղղությամբ: Շատ հուսով եմ, որ հետաքննությունը Հայաստանի մասով հիմնավոր կերպով կհերքի բոլոր կասկածները և ՌԴ կողմից նախապես տարածված հայտարարությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31