Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք չենք վախենում Մոսկվայի բռնապետից, պետք է անենք հնարավորը Պուտինի ռազմական մեքենան կանգնեցնելու համար»․ լարված բանավեճ ԵԽԽՎ-ում՝ ընդդեմ ՌԴ-ի

Հոկտեմբեր 13,2022 20:25

«Ռուսաստանը պետք է տեսնի զրոյացված հաշիվները՝ մտածելու խաղաղության օգուտների մասին։ Ահա, թե որը պետք է լինի ԵՄ-ի պատժամիջոցային փաթեթների իմաստը»,-ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում՝ հայտարարեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա ելույթն ընդունվեց ծափահարություններով։

Վլադիմիր Զելենսկին շարունակեց․ «Մենք պետք է շարունակենք այս երկխոսությունը, որպեսզի վերջապես ճանապարհ գտնենք Ռուսաստանին ստիպելու կատարել ՄԱԳԱՏԷ-ի և ողջ մարդկության պահանջները։ Այսինքն՝ ապառազմականացնել Զապորոժյեի ատոմակայանը»։ Նա շեշտեց՝ Ռուսաստանը ոչ միայն պետք է այնտեղից հանի իր ողջ զինտեխնիկան, այլեւ այնտեղից դուրս բերի իր բոլոր զինվորներին․ «Մենք պետք է շարունակենք այս երկխոսությունը՝ Ռուսաստանին որպես ագրեսոր պետության և յուրաքանչյուր ռուս մարդասպանի ու դահիճի համար պատասխանատու դարձնել այս պատերազմի բոլոր հանցագործությունների, նրանց սարսափի յուրաքանչյուր դրսևորման համար։ Երբ ստեղծվեն այդ իրավական մեխանիզմները, երբ դրանք սկսեն գործել, սա կդառնա երկարաժամկետ խաղաղության ամենահզոր երաշխիքներից մեկը»։

Վլադիմիր Զելենսկին վստահեցրեց՝ Ռուսաստանը ցանկանում է խոսել միայն ահաբեկչության լեզվով։

Այնուհետև նշեց․ «Այս վեհաժողովը կարող է դառնալ առաջին միջազգային կազմակերպությունը, որը կճանաչի Ռուսաստանը որպես ահաբեկչական պետություն։ Եվրոպան կարող է պատմական դեր խաղալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի համար հատուկ տրիբունալի ստեղծման գործում։ Եկեք անենք դա։ Դա կլինի միջազգային իրավունքի սկզբունքները պաշտպանելու լավագույն միջոցը»։

Ուկրաինայի նախագահի ելույթին հաջորդեց «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի հետագա սրացում» թեմայով հրատապ ընթացակարգով բանավեճը։

Լիտվացի պատվիրակ Էմանուելիս Զինգերիսը հայտարարեց՝ մենք խնդիր ունենք ժողովրդավարական ​​երկրի հետ, որի վրա հարձակվել է ազգայնական, ահաբեկչության հետ կապված ռեժիմը և հարձակվել է նրանց հողը խլելու համար:

Ուկրաինացի պատվիրակ Եվգենիա Կրավչուկն էլ, խոսելով Լուգանսկում, Դոնեցկում Ուկրաինայի Խերսոնի և Զապորոժիեի շրջանների բնակավայրերում հանրաքվեների մասին, ասաց․ «Խոսքը ապօրինի, այսպես կոչված, հանրաքվեների մասին է։ Մենք այն համարում ենք առոչինչ։ Խոսքը ապօրինի բռնակցման մասին է, որին Ռուսաստանը կրկին փորձում է հասնել ուկրաինական չորս շրջաններում։ Իհարկե, ոչ մի քաղաքակիրթ երկիր դրան չի աջակցի»։

Պատվիրակների մեծամասնությունն իր ելույթներում ՌԴ-ին անվանեցին ահաբեկիչ: Էստոնացի պատվիրակ Ինդրեկ Սաառն էլ հայտարարեց․ «Մեր ընդհանուր արժեքները ոչ մեկին կասկած չեն թողնում, որ այս պահին չկա ավելի հրատապ բան, քան կանգնեցնել Ռուսաստանի ահաբեկչական ռեժիմի դաժանությունները։ Մենք պարտավոր ենք անել հնարավորը Պուտինի ռազմական մեքենան կանգնեցնելու համար։ Պուտինի համար ամենամեծ անակնկալը՝ բացի ուկրաինացի ժողովրդի քաջությունից եվրոպական համերաշխությունն է։ Մենք պետք է այդպես շարունակենք, եթե ցանկանում ենք, որ մեր սկզբունքների վրա հիմնված աշխարհակարգը տիրի, և մենք չպետք է թակարդների մեջ ընկնենք: Դրանցից մեկն արդեն ստեղծվել է: Անհապաղ զինադադար՝ ցանկացած գնով»։

Իսլանդացի պատվիրակ Բիրգիր Տորարինսոնի հավաստմամբ՝ այս վեհաժողովում ընդունված բանաձևերը կարևոր են, բայց դրանք բավարար չեն պատերազմի ժամանակ․ «Պատգամավոր լինելը պատիվ է և արտոնություն։ Մենք բոլորս ունենք բացառիկ հնարավորություն, որը պետք է օգտագործենք Ուկրաինայի ժողովրդին օգնելու համար։ Մենք՝ որպես 46 երկրների խորհրդարանականներ, պետք է աշխարհին ցույց տանք, որ չենք վախենում ռուսական ագրեսիայից։ Մենք չենք վախենում Մոսկվայի բռնապետից»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31