Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի ԱԳՆ-ն բացարձակապես անընդունելի է համարում Մակրոնի մեղադրանքները հայ-ադրբեջանական բախումներ հրահրելու մասին

Հոկտեմբեր 13,2022 18:55

Ռուսաստանի ԱԳՆ-ն պատասխանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը, թե Ռուսաստանն է բախումներ հրահրում Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Ռուսաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

Մակրոնի հայտարարությունը, թե իբր Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն օգտագործում է Հարավային Կովկասում իրավիճակն ապակայունացնելու համար, համարում ենք աղաղակող և բացարձակապես անընդունելի: Նման կերպով վրա տալը համահունչ է Ռուսաստանը դեմոնիզացնելու Արևմուտքի քաղաքականությանը և վկայում է կոնֆրոնտացիոն տրամաբանությունը Ուկրաինայից հետխորհրդային տարածության այլ կետեր, այդ թվում Հարավային Կովկաս տեղափոխելու փորձերի մասին: Ֆրանսիայի նախագահի անհեթեթ հերյուրանքները խոսում են այն մասին, որ Փարիզը շահագրգռված չէ ամուր խաղաղություն հաստատել տարածաշրջանում և հարցականի տակ է դնում իր երկրի՝ այնտեղ կառուցողական դեր խաղալու ունակությունը:

Ի տարբերություն Ֆրանսիայի, որն անգամ Բաքվի ու Երևանի միջև սրացումների շրջանում սահմանափակվում էր խաղաղության ստանդարտ կոչերով, Ռւոսաստանը գործնականում նպաստում է հակամարտության կարգավորմանը: Մեր երկիրը վճռական ներդրում է ունեցել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման գործում, որը վերջ դրեց արյունահեղությանը: Նշված պայմանավորվածությամբ տեղակայված խաղաղապահ զորամիավորումը մնում է տարածաշրջանի անվտանգության երաշխավորը: Խաղաղապահներն արդյունավետ կերպով կանխում են միջադեպերն իրենց պատասխանատվության գոտում, օգնում են կարգավորել խաղաղ կյանքը, տեղ հասցնել մարդասիրական օգնություն, վերականգնել ենթակառուցվածքները: Նրանց աջակցությամբ 53 հազար փախստականներ վերադարձել են իրենց տները, փոխանցվել է ավելի քան 2000 զոհերի մարմիններ, ընդհանուր առմամբ վերադարձվել է 146 պահվող անձ, վնասազերծվել ավելի քան 25 հազար պայթյունավտանգ առարկա:

Հենց Ռուսաստանն է գործարկել Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների համալիր կարգավորման աշխատանքը: Ռուսաստանի աջակցությամբ շարունակվում են խաղաղության օրակարգի առաջմղման ակտիվ ջանքերը՝ հիմնված երեք երկրների առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 29-ի հայտարարությունների վրա, քայլեր են ձեռնարկվում ապաշրջափակել բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը Հարավային Կովկասում, սահմանազատել հայ-ադրբեջանական սահմանը, կնքել խաղաղության պայմանագիր, երկխոսություն սկսել հանրության և փորձագետների գծով:

Փարիզի փորձերը՝ սեպ խրել Ռուսաստանի հարաբերություններում իր մերձավոր Հայաստանի և Ադրբեջանի հետ, որոնց հետ Ռուսաստանին կապում են բազմամյա և բազմակողմ կապերը, դատապարտված են ձախողման և կհանգեցնեն միայն տարածաշրջանում Ֆրանսիայի հեղինակության հետագա արժեզրկման:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31