Լրահոս
Օրվա լրահոսը

«Կայուն ագրոպարենային համակարգերով է պայմանավորված, թե որքան առողջ ենք մենք». Պարենի համաշխարհային օրվան նվիրված համաժողովում քննարկվել են ՀՀ խնդիրները

Հոկտեմբեր 13,2022 18:07

13 հոկտեմբերի 2022թ, Երեւան – Պարենի համաշխարհային օրվան ընդառաջ՝ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) համաժողով էր կազմակերպել ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Ավստրիական զարգացման գործակալության, Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Համաժողովը հիմնված էր ՊԳԿ-ի «Չորս ավելի լավ սկզբունքների» վրա՝ ավելի լավ արտադրություն, ավելի լավ սնուցում, ավելի լավ շրջակա միջավայր եւ ավելի լավ կյանք բոլորի համար: Այն նպատակ ուներ քննարկել Հայաստանում պարենի և գյուղատնտեսության ոլորտներում առկա մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները։ Միջոցառումը համախմբել էր հիմնական շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ Հայաստանի կառավարության, միջազգային և դոնոր համայնքի, հասարակական կազմակերպությունների, կրթական կառույցների և գործարար համայնքի ներկայացուցիչներին:

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց․ «Վստահ եմ, որ այսօրվա քննարկումների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունները կհանգեցնեն պարենային անվտանգության խնդիրների վերհանմանը,  տնտեսության զարգացմանն ուղղված միջոցառումների նախանշմանը, սնուցման տեսանկյունից դիվերսիֆիկացված պարենի մատչելիության և հասանելիության  մակարդակի բարձրացմանը, պարենային անվտանգության ապահովման ոլորտում իրավիճակի վերլուծությանը, կառավարմանը և կանխատեսմանը»։

«Կայուն ագրոպարենային համակարգերով է պայմանավորված այն, թե ինչպես ենք մենք սնվում, ինչպես ենք մենք ապրում և որքան առողջ ենք մենք, և հետևաբար դրանք հանդիսանում են ավելի բարեկեցիկ ապագայի հիմնական շարժիչ ուժերը», – ասաց Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն: «Ագրոպարենային համակարգերի փոխակերպումը չափազանց կարևոր է, եթե մենք ցանկանում ենք կատարել մեր խոստումը` ապահովելու ավելի լավ արտադրություն, ավելի լավ սնուցում, ավելի լավ միջավայր և ավելի լավ կյանք բոլորի համար», – ավելացրեց նա:

2022թ․ Պարենի համաշխարհային օրը նշվում է մի ժամանակահատվածում, որը բնութագրվում է բազմաթիվ գլոբալ մարտահրավերներով, ներառյալ՝ շարունակվող համավարակը, հակամարտությունները, կլիմայի փոփոխությունը, գնաճը և միջազգային լարվածությունը: Այս ամենն ազդեցություն է ունենում համաշխարհային պարենային անվտանգության վրա։ Աշխարհում սովի մատնվածների թիվը շարունակում է աճել․ 2021 թվականին այն հասել է 828 միլիոնի, ինչը 2020 թվականի համեմատ ավելի է շուրջ 46 միլիոնով և 2019 թվականից ի վեր՝  150 միլիոնով:

Պարենի համաշխարհային օրվա կապակցությամբ աշխարհի 150 երկրներում իրականացվող գործողությունները խթանում են իրազեկվածությունը և գործուն քայլերն ի շահ սովից տուժածների և նպատակ ունեն առողջ սննդակարգ ապահովել բոլորի համար։

Ժամանակն է աշխատել միասին և ստեղծել ավելի լավ, ավելի կայուն ապագա բոլորի համար:

ՊԳԿի ռազմավարական շրջանակը եւ «Չորս ավելի լավ սկզբունքները»

Համաշխարհային ճգնաժամերի պայմաններում ավելի քան երբևէ անհրաժեշտ են գլոբալ լուծումներ։ Կայուն և ամբողջական լուծումներ, որոնք դիտարկում են զարգացումը երկարաժամկետ հեռանկարում՝ խթանելով ներառական տնտեսական աճը, նվազեցնելով անհավասարությունները և ապահովելով ավելի մեծ դիմակայունություն:

ՊԳԿ-ի 2022-31թթ․ ռազմավարական շրջանակը ձգտում է հասնել 2030-ի նպատակներին ավելի արդյունավետ, ներառական և կայուն ագրոպարենային համակարգերի փոխակերպման միջոցով:

«Չորս ավելի լավ սկզբունքները» ցույց են տալիս, թե ինչպես է ՊԳԿ-ն մտադիր նպաստել ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին՝ ԿԶՆ 1-ին (աղքատության վերացում), ԿԶՆ 2-ին (սովի վերացում) և ԿԶՆ 10-ին (անհավասարության կրճատում):

Ավելի լավ արտադրություն

Ապահովել կայուն սպառման և արտադրության մոդելներ՝ տեղական, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում սննդամթերքի և գյուղատնտեսության մատակարարման արդյունավետ և ներառական շղթաների միջոցով՝ ապահովելով ճկուն և կայուն ագրոպարենային համակարգեր փոփոխվող կլիմայի և շրջակա միջավայրի պայմաններում:

Ավելի լավ սնուցում

Վերացնել սովը, ապահովել պարենային անվտանգություն և բարելավված սնուցում, ներառյալ՝ օգտակար սննդի խթանման և առողջ սննդակարգի հասանելության մեծացման միջոցով։

Ավելի լավ շրջակա միջավայր

Պաշտպանել, վերականգնել և խթանել ցամաքային և ծովային էկոհամակարգերի կայուն օգտագործումը և պայքարել կլիմայի փոփոխության դեմ (նվազեցում, վերաօգտագործում, վերամշակում, թափոնների կառավարում) ավելի արդյունավետ, ներառական և կայուն ագրոպարենային համակարգերի միջոցով:

Ավելի լավ կյանք

Խթանել ներառական տնտեսական զարգացումը՝ կրճատելով անհավասարությունը (քաղաքային/գյուղական տարածքներ, հարուստ/աղքատ երկրներ, տղամարդիկ/կանայք)։

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31