«Հադրութի անունը որեւէ մեկը չի տալիս, մոռացության են մատնել առհասարակ։ Վաղը մյուս օրը կասեն, թե պատերազմ անգամ չի եղել։ Հադրութը հայկական է, Հադրութում թուրք չի եղել»,-ՀՀ կառավարության դիմաց այսօր բողոքի ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց 2020թ․ պատերազմի հետեւանքով Արցախի Հադրութ քաղաքից բռնի տեղահանված Արթուր Ստեփանյանը։ Նրա խոսքով՝ այսօր վեց հազարից ավելի հադրութցիներ ՀՀ տարբեր մարզերում են ապրում, որոշների տեղն անգամ չգիտեն․ «Հուլիսից Արցախի կառավարությունը որոշել էր 40-հազարական դրամ տրամադրել, հիմա հոկտեմբերն է։ Գումարների մի մասը դեռ չեն տրամադրել։ Վերջին ամիսների համար ոչ մի խոսակցություն չկա։ Հարցը բարձրաձայնում ենք, բայց Արցախի կառավարությունից ասում են, թե գումար չկա»։
Արթուր Ստեփանյանը բարձրաձայնեց, որ Արցախից տեղահանվածների սոցիալական խնդիրները մնում են չլուծված, իսկ վարձով տների գներն անընդհատ բարձրանում են։
Նա ՀՀ կառավարությունից պահանջում է վերահսկել, թե ինչ է լինում Արցախին տրվելիք գումարների հետ․ «Արցախում շինարարություն չկա, կանգնած է ամեն ինչ այս պահին։ Պատճառը գումարն է։ Ասում են, թե ֆինանսավորում չկա։ Այո, հերթագրում են մարդկանց բնակարանների համար, բայց եթե ֆինանս չկա՞։ Կորսված գույքի փոխհատուցում պետք է անեին, չկա։ ՀՀ կառավարությունն ամսական 12 միլիարդ տալիս է Արցախին։ Թող վերահսկեն։ Գուցե տեղ չի՞ հասնում։ Փոխվարչապետին ասել եմ, թե Արցախում ինչ է կատարվում։ Որոշում կար արցախցիների համար բնակարան առնելու, մինչեւ այսօր 83-ն են առել եւ չգիտենք՝ ո՞ւմ են տվել»։
Կարդացեք նաև
Արթուր Ստեփանյանի խոսքով՝ հադրութցիներն Արցախի կառավարությանն առաջարկել են իրենց համար որեւէ մարզում նոր համայնք հիմնել․ «Ասում են՝ չէ, դուք պետք է վերադառնաք Արցախում ապրեք։ Մենք էլ ասել ենք, որ մեր համար Արցախը Հադրութն է, իսկ նոյեմբերի իննի հայտարարության կետերից մեկի համաձայն՝ փախստականները պետք է վերադառնան իրենց բնակավայրերը։ Հետեւաբար, ինչո՞ւ մեզ չեն վերադարձնում»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ