Ermenihaber. Թուրքիային 40 միավոր ամերիկյան F-16 կործանիչների վաճառքի ու 80 միավոր արդեն առկա կործանիչների արդիականացման հարցով կրքերը չեն հանդարտվում ԱՄՆ-ի Կոնգրեսում:
Նախ ամիսներ առաջ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը Թուրքիայի հետ հնարավոր գործարքի վերաբերյալ 2 նախապայման էր առաջ քաշել՝ ընդունելով համապատասխան նախագիծ: Նախապայմանները հետևյալն էին.
1.Վաճառքը պիտի իրականացվի ԱՄՆ-ի ազգային շահերին համապատասխան։
2.Պիտի տրվեն երաշխիքներ առ այն, որ կկանխարգելվի Թուրքիայի կողմից այդ կործանիչներով Հունաստանի տարածքում չարտոնված թռիչքներ իրականացնելը:
Կարդացեք նաև
Նախատեսվում էր, որ ԱՄՆ Սենատի հավանության դեպքում այդ նախագիծը հավելվածի տեսքով պիտի կցվեր 2023թ. համար ընդունված ԱՄՆ-ի «Պաշտպանության ազգային հատկացումների մասին օրենքին»:
Սակայն նախօրեին Սենատում քննարկման արդյունքում վերոնշյալ օրենքի տեքստի վերջնական տարբերակից հանվել են Ներկայացուցիչների պալատի կողմից քվեարկությամբ ընդունված նախապայմանների նախագիծը:
Այս հանգամանքն առաջացրել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի դժգոհությունը: Նա հայտարարել է, որ Թուրքիային զենքի վաճառքի հարցում մերժման ուղղությամբ կաշխատի:
«Բացեիբաց ասում եմ՝ ես, որպես Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Թուրքիային որևէ F-16-ի վաճառք չեմ հաստատելու, քանի դեռ Էրդողանը չի փոխել տարածաշրջանում իր ագրեսիվ կեցվածքը»,- ասել է Մենենդեսը:
Նշենք, որ Սենատն ու Ներկայացուցիչների պալատը պետք է 2023թ.-ի «Պաշտպանության ազգային հատկացումների մասին օրենքին» համար համատեղ վերջնական տեքստ մշակեն ու ներկայացնեն նախագահ Բայդենի հաստատմանը: