Ինչպես հայտնել էինք, Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքի բնակիչները երեկ փակել էին Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհը․ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի՝ ՀՀ ինքնիշխան տարածքների վրա հարձակման ժամանակ անհետ կորել է նրանց համագյուղացի Թորոսյանների որդին՝ Վահեն։ Մինչեւ հիմա լուր չունեն, բայց հարձակման օրերին կարողացել են իմանալ, որ տղան վիրավոր է։ Ավելին՝ նա ծառայակցին հայտնել է իր գտնվելու կոնկրետ վայրը, սակայն, հարազատների պնդմամբ, ՊՆ-ն քայլեր չի ձեռնարկում։
Ընտանիքի անդամներն ու համագյուղացիներն այսօր կառավարության դիմաց էին։ Երեկվա գործողություններից հետո ծնողին հրավիրել էին առանձնազրույցի։ Կառավարությունից դուրս գալուց հետո Վահե Թորոսյանի հայրը՝ Արամ Թորոսյանը լրագրողներին հայտնեց, որ ասել են նույնը, ինչ կրկնում էին մեկ ամիս․ «Քննչական բաժնից ինչ-որ մեկն էր, ասաց, որ հարցով զբաղվում են։ Այդքանը»։ Երեկ հայրը ՊՆ-ում էլ է եղել։ Ասաց, որ նույն բանն են ասել։
Վահեի մայրը՝ Եսթեր Թորոսյանն էլ իր հերթին հայտնեց, որ ՊՆ-ում իրենց տրված պատասխանն ավելի կոպիտ ու գռեհիկ էր․ «Ասացին՝ մոտ ապագայում ձեր հարցը կլուծվի․․․դա ե՞րբ է, դա ի՞նչ պատասխան է ծնողին։ Զինվորը վիրավոր մնացել է, իսկ մեզ ասում են մոտ ապագայո՞ւմ։ Անզոր Հայաստանում ենք, էլ ի՞նչ ասեմ։ Ես զենք վերցնեմ ու գնամ կյանքիս գնով երեխուս բերե՞մ։ Մենք էլ ենք փնտրել, անարդյունք, չկա։ Մեր գործը չէր, բայց արել ենք։ Ասում են, թե բանակցում են։ Թող մի օր գան իմ տեղն ապրեն, տեսնեմ՝ կդիմանա՞ն։ Ամոթ իրենց, էլ ասելու բան չունեմ»։
Կարդացեք նաև
Հավելենք, որ օրեր առաջ Վահե Թորոսյանի ընտանիքը կրկին ՊՆ-ում էր․ նախարարությունից ասել էին, որ Ադրբեջանը թույլ չի տալիս մտնել եւ որոնողական աշխատանքներ անել իր օկուպացրած տարածքներում։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ