«Ստորագրվեց մի հուշագիր «ռեԱրմենիա» համագործակցության հարթակի հետ, որը մեր գործընկերն է։ Մենք մեծ հույսեր ունենք եւ փորձելու ենք անել ամեն ինչ, որպեսզի մեր համագործակցությունը կոնկրետ ծրագրերի վրա հիմնվի»,- ասաց «Ապագա Հայկականը» զարգացման հիմնադրամի համագործակցության եւ ծրագրերի ղեկավար Կարեն Դադուրյանը՝ «Ապագա Հայկականի» եւ «ռեԱրմենիա» համագործակցության հարթակի միջև համագործակցության հուշագրի ստորագրումից հետո։
Նա ներկայացրեց, թե հատկապես ինչ ծրագրերի շուրջ են ուզում համագործակցել․ «Ապագա Հայկականն» ունի 15 համահայկական նպատակներ։ Դրանք շատ լայն աջակցություն ունեն ժողովրդի կողմից։ Այդ նպատակների ներքո էլ պետք է մշակվեն կոնկրետ ծրագրեր, որոնք պետք է իրականացնենք։ Իսկ այդ ընթացքը պետք է լինի մարտին կայանալիք համաժողովի միջոցով։ Այժմ կատարվում են աշխատանքներ, որպեսզի հստակեցնենք, թե նշված նպատակների ներքո կոնկրետ ինչ ծրագրեր կարող ենք իրականացնել»։
Կարեն Դադուրյանը նաեւ պարզաբանեց, թե ինչու է համաժողովը հետաձգվել․ «Իրավիճակը սրվեց, եւ այժմ մենք ուզում ենք տեսնել, թե առաջնային ինչ ծրագրեր կարող ենք իրականացնել աջակցելու համար այն համայնքներին, որտեղ կարիքն ավելի մեծ է, այսինքն՝ պատրաստվածություն, ճգնաժամային մենեջմենթ։
Կարդացեք նաև
Սա է առաջնայինը, եւ «ռեԱրմենիան» արդեն տարբեր ծրագրեր է իրականացնում, որոնց շուրջ էլ առաջինը փորձելու ենք համագործակցել։ Իսկ երբ արդեն կկայանա համաժողովը, մենք որպես արդյունք կունենանք կոնկրետ նպատակներ, եւ կսկսենք այն ընթացքը, որի մասին նշում էր պարոն Պողոսյանը («ռեԱրմենիա» հարթակի տնօրեն Գեւորգ Պողոսյանը-Գ․Հ․)՝ ռեսուրսների, գործընկերների հավաքագրում, կոնկրետ ծրագրեր իրականացնող ցանցի ստեղծում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ