Ինչպես արդեն հայտնել ենք, Բրյուսովի անվան համալսարանում ուսանողները շարունակում են պայքարել համալսարանի ճակատագրի համար: Հիշեցնենք՝ հոկտեմբերի 12-ին տարածվեց նորություն, որ նախատեսվում է միավորել Բրյուսովի անվան համալսարանը Խաչատուր Աբովյանի հայկական պետական մանկավարժական համալսարանի և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հետ:
Aravot.am-ը զրուցեց համալսարանի երրորդ կուրսի ուսանող Արևիկ Պողոսյանի հետ:
«Առաջին քայլս այն էր, երբ տեղեկացա դասադուլի մասին, միացա դասադուլին՝ արտահայտելով իմ բողոքը այդ հարցի շուրջ»,- ասաց Արևիկը՝ նշելով, որ դեմ է բուհերի միավորմանը: «Դա ընդհանրապես տրամաբանական որոշում չէ»:
Արևիկը ոչ միայն իր կրթությունն է պատկերացնում համալսարանում, այլ նաև դիտարկում է բուհը որպես իր ապագա աշխատավայր. «Ինքս ծրագրում եմ իմ ապագան այստեղ՝ լինել դասախոս Բրյուսովի պետական համալսարանում: Եվ չեմ ցանկանում թույլ տալ, որ մի շարք որոշումներ գողանան իմ երազանքը»:
Կարդացեք նաև
Իսկ թե ինչպես պետք է խնդիրը լուծվի, Արևիկը չգիտի. «Խնդրի լուծումը ունենալու համար նախ պետք է խնդրի աղբյուրի մասին տեղեկանալ: Մենք շատ շշուկներ լսել ենք, բայց ոչ մի պաշտոնական տեղեկություն չունենք խնդրի արմատի վերաբերյալ: Այնպես, որ դեռ հստակ քայլ չեմ կարող ասել»:
Մարիա ՉԻՉԱԿՅԱՆ