Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ ժողովուրդ, քեզ սպասվում է հադրութցիների ճակատագիրը՝ մի տեղ անտուն թափառել, որովհետեւ չես ուզում պետություն պահել»․ Լեւոն Հայրյան

Հոկտեմբեր 13,2022 16:40

«Հանուն Հադրութի» հ/կ-ն, որը միավորում է 2020թ․-ի պատերազմի հետեւանքով Արցախի Հադրութի, Քաշաթաղի շրջաններից բռնի տեղահանված քաղաքացիներին, այսօր կառավարության դիմաց կազմակերպած բողոքի ցույցով նպատակ ուներ բոլորին իրազեկելու, որ եթե չպահանջեն ՀՀ կառավարության հրաժարականը, ապա ՀՀ-ն արժանանալու է Հադրութի ճակատագրին։

«Հանուն Հադրութի» հ/կ նախագահ Լեւոն Հայրյանը ցավով արձանագրեց, որ իրենց կոչին քիչ թվով քաղաքացիներ են արձագանքել։ «Սա նշանակում է, որ ժողովրդին հետաքրքիր չէ իր իսկ վիճակը։ Նոր մեր ընկերներից մեկն ասում է՝ այսօր ո՞ւմ եք հայհոյելու։ Ոչ մեկին։ Պարզապես ուզում ենք ժողովրդին կոչ անել, բացատրել, որ վիճակը վատ է՝ այնքան վատ, որ մոտ է անելանելիին։ Կոչ ենք անում ոտքի կանգնել եւ պաշտպանել մեր շահերը, այլապես դա մեր փոխարեն որեւէ մեկը չի անի»,-լրագրողների հետ զրույցում ասաց Լեւոն Հայրյանը։

Լեւոն Հայրյան

Նրա խոսքով՝ իրավիճակի մեղավորն առաջնահերթ ժողովրդի անտարբերությունն է․ «Դանակը ոսկորին է հասել, բայց ոչինչ չենք անում։ Այս իշխանությունը պետք է հեռանա, որովհետեւ չի սպասարկում հայության շահը։ Վերջին ապացույցն Էդուարդ Աղաջանյանի հայտարարությունն է, որ ի վիճակի չեն ապահովելու Արցախի անվտանգությունը։ Սկզբում տվեցին Ջրականը, հետո Ասկերանի գյուղերը, Հադրութը, Շուշին։ Նոյեմբերի իննի թղթով իբր թե կանգնեցրին Ադրբեջանի առաջխաղացումը։ Ի՞նչ իմաստ ուներ այդ թուղթը, եթե այսօր ամեն օր հակառակորդն առաջ է գալիս։ Պրահայի հանդիպումների արդյունքները՝ որպես վկա։ Այդտեղ արդյունք կա՞։ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ուզում է ճանապարհ տալ, իսկ Ալիեւը համաձայն չէ։ 2020թ․-ից Ալիեւն անում է իր ուզածը, Փաշինյանն էլ մի բան է խնդրում, ու նա չի համաձայնում։ Հետեւաբար, հաջորդ քայլով ՀՀ ճանապարհները կօտարվեն ի օգուտ Ադրբեջանի, քանի որ, ինչպես Փաշինյանն է ասել, այդ ճանապարհները վերահսկելու է երրորդ կողմը՝ ՌԴ-ն»։

Լեւոն Հայրյանը հայտարարեց՝ գիտի, թե ինչ է լինելու որոշ ժամանակ անց․ «Որոշ ժամանակ անց պնդում էի, որ ՔՊ-ի հաջորդ հայտարարությունը լինելու է ցեղասպանության հարցից հրաժարվելը, բայց հիմա ավելի կոնկրետ եմ ասում։ ՔՊ-ի հաջորդ հայտարարությունը լինելու է այն, որ ՀՀ-ի՝ որպես անկախ պետության շահերն այլեւս չեն կարողանում պաշտպանել, որ պետք է մտնենք այլ պետության կազմ, եւ քանի որ Թուրքիան խնդրահարույց է, իսկ ՌԴ-ն՝ թույլ, լավ կլինի մտնենք Ադրբեջանի կազմ, քանի որ Ալիեւն այդպես է ուզում։ Փաշինյանն է այսպես ասելու։ Թող դա ձեզ ֆանտաստիկ կամ ծիծաղելի չթվա։ Հայ ազգը կործանվում է։ Նայեք հադրութեցիներին, դուք էլ եք նույն վիճակում հայտնվելու։ Ուզում եք կոտորվե՞ք։ Իշխանության հայտարարած խաղաղության պայմանագիրը նշանակում է, որ խաղաղ ենք կոտորվելու։ Հայ ժողովուրդ, վիճակն օրհասական է, մի նստեք ռեստորաններում եւ աշխատավայրում, այլապես կոտորվելու ենք: Հայ ժողովուրդ, քեզ սպասվում է Հադրութի ճակատագիրը՝ մի տեղ անտուն թափառել, որովհետեւ չես ուզում պետություն պահել։ Իշխանությունը պետությունը ծախում է, իսկ դու լուռ նստած ես»։

Լեւոն Հայրյանի համոզմամբ՝ ՀՀ իշխանությունը ոչ թե անկարող է, ինչպես շատերն են կարծում, այլ ուրիշ պետության շահեր է սպասարկում․ «Իշխանությունը պնդում է, թե ժողովուրդն իրեն ձայն է տվել։ Ժողովուրդ, ասա, քեզանից ո՞վ է երկիրը ծախելու ձայն տվել, թե չեք տեսնում, որ ծախում են»։

Ինչ վերաբերում է Արցախի ապագային, Հայրյանի խոսքով, այն միայն ՀՀ-ի կազմում պետք է լինի․ «Ռամիլ Սաֆարովին հերոսացնողն ինչպե՞ս կարող է Արցախի հայության համար ապահովություն խոստանալ»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե աշխատում են Բաքու-Ստեփանակերտ երկխոսության հարթակի ստեղծման ուղղությամբ, Լեւոն Հայրյանը նշեց․ «Եթե ՀՀ-ն չի կարողանում բանակցել, Արցախն ինչպե՞ս է բանակցելու։ Դա հերթական մանիպուլյացիան է եւ գլուխ հարդուկոցին։ Արցախի ղեկավարությունն ի՞նչ պետք է խոսի, եթե Ադրբեջանն ասում է, թե արցախահայությունն իր քաղաքացիներն են, թե Արցախը ոչ մի կարգավիճակ չի ունենալու»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31