Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ հողին տիրություն չես անում, մոլախոտը ծածկում է ու արդեն հարեւանի ոչխարները, անասունները գալիս են քո հողի մեջ…վաղ թե ուշ հարեւանի ոչխարն ուտելու է մոլախոտը» Արշակ Զաքարյան

Հոկտեմբեր 13,2022 16:06

Համացանցում տեսագրություն է շրջանառվում բոլոր այն քաղաքական, հասարակական գործիչների, որոնք տարիներ ի վեր պնդում էին, թե Ղարաբաղի հարցը լուծված է, այն լուծել է հայ ժողովուրդը, նման հարց չկա եւ այլն:

«Արցախի հարցը մենք լուծել ենք 94 թվականին»,- պնդում էր ազատամարտիկ Արշակ Զաքարյանը: Այսօր Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ այսօրվա իրականությունը հաշվի առնելով՝ դա ինքնախաբեությո՞ւն էր, մոլորությո՞ւն էր, սխա՞լ էիք պատկերացնում իրավիճակը, թե՞ իսկապես այն ժամանակ կար այդպիսի համոզմունք, որ մենք այդ հարցը լուծել ենք: Նա պատասխանեց. «Սխալ չէինք պատկերացնում, հարցը լուծվել էր, ուղղակի չէինք պատկերացնում, որ թշնամին ներսից է գալու: Հիմա կարող ենք ասել, որ Սյունիքի հարցը 1921 թվականին լուծել ենք, բայց վաղը այս նույն սրիկաները վերցնեն Սյունիքը վաճառեն, այդ ժամանակ մենք ասենք, որ մոլորության մե՞ջ ենք եղել: Արցախի հարցը լուծել են մեր տղաները, ես ասել եմ ու դա իմ խոսքերն են՝ արյունով գծածը գրիչով չես ջնջի: Ժամանակավոր իրենք կեղտ լցրեցին այդ արյունով գծածի վրա, ես էլի հավատում եմ, որ մենք վաղ թե ուշ այդ արյունով գծածը վերականգնելու ենք, որովհետեւ չի կարող մի հող այդքան պարարտացվի այդքան հերոսների արյունով ու այդ սնունդը չտա: Կեղտը եկավ, մոլախոտը եկավ, տիրություն չարեցինք, հա՛, այդ մի սխալն ենք արել: Եթե հողին տիրություն չես անում, մոլախոտը ծածկում է ու մոլախոտն է սկսում տիրություն անել ու արդեն հարեւանի ոչխարները, անասունները գալիս են, սկսում են մտնել քո հողի մեջ: Բայց մոլախոտը հաշվի չի առել, որ հարեւանի անասունը գալիս է, որպեսզի հասնի քո հիմնական բույսերին՝ այդ հողի վրա աճող: Ու այդ մոլախոտը, որ հիմա ղեկավարում է հողը, չգիտի, որ վաղ թե ուշ հարեւանի ոչխարները այդ մոլախոտն ուտելու են: Ո՛չ, մոլորություն չի եղել, Արցախի հարցը լուծված է եղել ու լուծել են մեր սուրբ նահատակները՝ իրենց արյունով, ուղղակի մենք բոլորս, այդ թվում եւ ես, բավականաչափ տիրություն չենք արել մեր հողին»:

Դիտարկմանը, որ հիմա իշխանական ուժերը փորձում են համոզել, որ 30 տարի հանրությանը սխալ պատրանքներով են սնել, դրա համար էլ ունենք այն, ինչ ունենք, Արշակ Զաքարյանն արձագանքեց. «Իրենք իշխանական չեն իմ համար, թշնամական ուժեր են: Իրենց ասածները դրեք իրենց առաջ, թե քանի անգամ են հակասել իրենք իրենց: Իրենք եկան, երկիրը քանդեցին, ծախեցին, վաճառեցին, հանձնեցին իրենց թլպատված եղբայրներին, հիմա էլ պարզ է, որ իրենց մեղքը պետք է փորձեն բարդել ուրիշների վրա: Իմ համար նախկին-ներկա չկա, նախկիններին ես մեղադրում եմ, որ իրենք աճեցրեցին, բուծեցին ու թույլ տվեցին, որ այդ «մոլախոտը» մեր մեջ այնքան մեծանա, որ ծածկի մեր հողը: Մենք այն ժամանակվանից ասում էինք, իշխանության գովեստ երբեք չենք արել, բավականին քննադատել ենք Սերժ Սարգսյանի ժամանակ իշխանություններին, որովհետեւ իրենք աճեցրեցին մոլախոտը, որը կերավ մեր հողը: Այն, որ հիմա ամեն ինչը փորձում են գցել նախկին իշխանության վրա, դա էլ նրանց հատուցումն է: Իրենք ծնել, սնել են, աճեցրել են, վերջում էլ սինիի վրա հանձնել են, դրա համար էլ հիմա նրանց վրա են գցում: Բոլորիս մեղքն է դա, չի կարելի խուսափել մեղքից, ես էլ ուրեմն մի բան այն չեմ արել, որ դեմն առնեմ սրիկաների, գործակալների, ուրեմն մի բան չի արել նախկին իշխանությունը, մի բան սխալ է արել դրանից առաջ եղած իշխանությունը: Սա Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության շարունակությունն է, որովհետեւ նա էլ էր ուզում հանձնել, սա էլ: Իրենց նպատակը հանձնելն է: 10 տարին մեկ մեր մոտ ժողովրդի հիշողությունը ջնջվում է: 98-ին հանձնողներին վռնդեցին, 2008-ին նրանք փորձ արեցին հետ գալ, որպեսզի հանձնեն, իրենց առանցքային նպատակը դա էր, դեմն առնվեց, ուղիղ 10 տարի հետո՝ 2018-ին երկրորդ փորձով անցան»:

Դիտարկմանը, որ մեզ վստահեցնում են, որ այս տարիները մենք վատնել ենք, կարելի էր այն ժամանակ ճիշտ որոշման գալ եւ ավելի ցավոտ լուծումներից խուսափել՝ Արշակ Զաքարյանը պատասխանեց. «Իրենց քաղաքական պապային, քավորին՝ Լեւոնին թող ասեն՝ ինչո՞ւ ինքը 94-ին չստիպեց կապիտուլյացիա ստորագրել: Թող գնան հարցնեն՝ ինչ են արել, ինչ են փոխանցել Ռոբերտ Քոչարյանին, ինչ է Ռոբերտ Քոչարյանը փոխանցել Սերժ Սարգսյանին: Թե չէ ասելով չի: Իրենց ասածը ստից փուչիկներ է, օդի մեջ տրաքացնում են՝ անգրագետ մասսայի համար, որը չի կարդում: Ասենք, քանի՞սն են կարդացել «Մադրիդյան սկզբունքները», որն այսօր քննադատվում է: Մեկնումեկը «Մադրիդյան սկզբունքների» վերնագիրը թեկուզ կարդացե՞լ է, մենակ լսել են հեռուստացույցով այդ անունը ու վե՛րջ: Կամ որ Արցախ են ասում, Հայաստանի 80%-ը 30 տարվա մեջ Արցախում չի եղել, բայց բոլորը Արցախի մասին են խոսում, բայց Հայաստանի 80%-ը Անթալիայում եղել է, այնպես որ սա ամեն ինչ ասում է արդեն, իրենց ասածները հենց այդ մակարդակի համար է: Հայերը, որոնք նվազագույն գրագիտություն ունեն, տարրական դպրոցն ավարտել են, «ինքդ, ծնունդդ» բառերը «տ»-ով չեն գրում, այդ հայերը հասկանում են ինչի մասին է խոսքը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

@ter_petrosyan Պարտության պատասխանատուները...💔#լեւոն #տերպետրոսյան #լեւոն_տեր_պետրոսյան #հիմնադիրը #levonterpetrosyan ♬ Babel (Remix) - 染哥
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31